«Եվրատեսիլ 2010»-ի հայաստանյան մրցույթի կազմակերպչական, մասնավորապես` SMS քվեարկությունների եւ արդյունքների ամփոփումը կատարվեց հսկայական կեղծիքներով: Քվեարկության ընթացքում ռոստովցի Եվա Ռիվասի օգտին ուղարկվող բոլոր SMS-ները տեղ էին հասնում, իսկ մյուս մասնակիցների` հիմնականում Էմմի-Միհրան դուետի եւ Ռազմիկ Ամյանի օգտին SMS քվեարկություններն արգելափակվում էին: Այնուամենայնիվ, չնայած այդքան կեղծիքներին, ժյուրիի գնահատականին, «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչների կողմից ամփոփվեցին արդյունքները, ըստ որի` Հայաստանը Օսլոյում կներկայացնի երգչուհի Ե. Ռիվասը: Ռ. Ամյանը եւ նրա պրոդյուսերը հայտարարեցին, որ այլեւս Հայաստանում չեն մասնակցելու որեւէ մրցույթի: Հայտնի եւ սիրված պարող, երգիչ Միհրանը, ով աշխարհահռչակ փոփ աստղերի հետ մասնակցում է տարբեր նախագծերի` նույնպես հայտարարեց, որ այլեւս հայաստանյան որեւէ նման նախագծի չի մասնակցի, քանի որ ՀՀ-ում ամեն ինչ քաղաքականացված է եւ ամեն ինչ տեղի է ունենում կեղծիքներով: Էմմին եւ նրա մայրը` երգչուհի Նադեժդա Սարգսյանը, հայտարարեցին, որ քվեարկությունները կեղծելու եւ արգելափակելու համար դիմելու են Դատախազություն: «Ինչո՞ւ միայն Եվային ուղարկվող SMS-ներն էին տեղ հասնում»,- քվեարկության արդյունքներից այդ օրը դժգոհում էին գրեթե բոլորը: Ինչպես արդեն նշել ենք, «Intermob» ՍՊԸ-ն եւ Հ1-ն են կրում ամբողջ պատասխանատվությունը քվեարկության ընթացքի, ձայների հաշվարկման եւ կազմակերպչական հարցերի: «Եվրատեսիլ» մրցույթի նախընտրական փուլի SMS քվեարկությունն իրականացրել է «Intermob»-ը` Vivacell, Beeline եւ Orange բջջային օպերատորների հետ ունեցած պայմանագրի համաձայն: «ԱրմենՏելից» մեզ պատասխանել էին, որ ցանցն ի վիճակի է ընդունել օրական 2մլն SMS-ից ավելի հաղորդագրություն: Քվեարկության ընթացքում իրենց ցանցով անցել է ընդամենը 25.536 SMS, որոնք անփախան անցել են ինտերնետ ՍՊԸ-ի սերվերներ: «Իսկ թե ինչո՞ւ չեն հաշվառվել այն SMS-ները, որոնք անցել են մեր ցանցով, այդ հարցին պետք է պատասխանի «Intermob»-ը: Մենք տեխնիկապես ի վիճակի չենք տեսնել կամ SMS-ների պարունակությունը ֆիլտրել: Դա երեւում է միայն ընդունող կողմին, այսինքն` «Intermob»-ին»,- ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի մամուլի պատասխանատու Անուշ Բեգոյանը: Քվեարկության հաջորդ օրը մենք այդ կապակցությամբ նաեւ հարցեր էինք ուղղել «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությանը: Ստորեւ ներկայացնում ենք ընկերության լրատվական ծառայության գրավոր պատասխանները:
– Ի՞նչն էր պատճառը, որ SMS հաղորդագրությունները տեղ չէին հասնում:
Հավաստիացնում ենք, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի SMS հաղորդագրությունները սպասարկող սերվերային սարքավորումների հզորությունը շատ ավելի մեծ է, քան «Եվրատեսիլի» քվեարկությանը մասնակցած բաժանորդների ուղարկած SMS հաղորդագրությունների ընդհանուր քանակը սպասարկելու համար պահանջվող հզորությունը: Ավելին, մենք ունենք պահեստային համակարգ, որը հավելյալ հուսալիություն է ապահովում հնարավոր արտակարգ իրավիճակների ժամանակ: Երեկ Հ1-ին տված հարցազրույցում մեկնաբանություններով հանդես եկավ «InterMob» ընկերության օգտագործած համակարգի ծրագրային ապահովման հեղինակ կազմակերպության ներկայացուցիչը: Խնդիրը, ինչպես նա ներկայացրեց, բաժանորդների աննախադեպ ակտիվությունն էր եւ SMS քվեարկությունը ապահովող (ընդունող եւ հաշվող) ծրագրի առավելագույն թողունակությունը: Ամեն դեպքում, «InterMob» ընկերության մասնագետներն ուսումնասիրում են տեղի ունեցածը: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ընդամենը տրամադրել է իր կապուղիները:
– Ո՞րն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատասխանատվության շրջանակը քվեարկության գործընթացի կազմակերպման գործում:
– Քվեարկության կազմակերպիչը «InterMob» ընկերությունն է: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի եւ «InterMob»-ի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` SMS հաղորդագրությունների միջոցով քվեարկության կազմակերպումը «InterMob» ընկերության իրավասությունն է: Կնքված պայմանագրի համաձայն եւ համակարգերի տեխնիկական առանձնահատկություններից ելնելով, նշված քվեարկության ապահովման գործընթացում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի իրավասությունը սահմանափակված է եղել միայն կապուղիների տրամադրմամբ` ապահովելով SMS հաղորդագրությունների տեղափոխումը քվեարկությունը ապահովող ընկերությանը: Վերոնշյալի համաձայն՝ հարկ ենք համարում ընդգծել, որ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հնարավորություն չունի վերահսկելու SMS հաղորդագրությունների բովանդակությունը եւ հետեւաբար` պատասխանատվություն չի կրում հաղորդագրությունների բովանդակության համար:
– Ո՞րն էր պատճառը, որ մարդիկ կարողանում էին SMS քվեարկություն կատարել մեկ թեկնածուի` Եվա Ռիվասի օգտին, սակայն չէին կարողանում քվեարկել մյուս թեկնածուների` Էմմիի եւ Ռազմիկ Ամյանի օգտին:
– Մեր համակարգը չի կարող արգելափակել մասնակիցներից ցանկացածի օգտին ուղարկված SMS որեւէ հաղորդագրություն, քանի որ չի վերլուծում դրանց հաղորդագրության բովանդակությունը: Համակարգը բացառապես արձագանքում է 2525 համարին ուղղված SMS հաղորդագրությանը` այն ուղղելով դեպի «InterMob»-ի սերվեր:
– Քվեարկությանը մասնակցած բաժանորդների կողմից ուղարկված SMS-ներին ի պատասխան ուղարկված SMS-ները տեղ են հասել գիշերը 24:00-ի սահմաններում, երբ քվեարկությունն արդեն ավարտված էր, իսկ արդյունքները` հրապարակված:
– Քվեարկություններին պատասխան SMS հաղորդագրություններն ուղարկվել են «InterMob»-ի կողմից: Այդ SMS հաղորդագրությունների բովանդակության, ուղարկման, ինչպես նաեւ ուղարկման ժամանակահատվածի հետ մեր ընկերությունը որեւէ առնչություն չունի:
– Թեեւ SMS հաղորդագրությունները տեղ չեն հասել, սակայն բջջային բոլոր օպերատորները, այդ թվում` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը գանձել է SMS հաղորդագրության գումարը: Ի՞նչ է նախատեսում անել ձեր ընկերությունն այս խնդիրը լուծելու ուղղությամբ:
– Հարցը ներկայումս ուսումնասիրվում է ընկերությունների տեխնիկական աշխատակիցների կողմից, եւ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետագայում կանդրադառնա այդ խնդրին: