«Անձայն ծիծաղ, շրթունքների եւ աչքերի թեթեւ շարժումով, քթի տակ ծիծաղելը, քմծիծաղը»: Ստեփան Մալխասյանի բացատրական բառարանն այսքանով ավարտում է իր մեկնաբանությունը «ժպիտ» բառի վերաբերյալ: Մեր մասնագետները գրեթե չեն անդրադարձել «ժպիտ», «ժպտալ» հասկացություններին, մինչդեռ սրանք հսկայական դեր են խաղում միջանձնային կոնտակտներում, սոցիալ-քաղաքական կյանքում եւ դիվանագիտական հարաբերություններում: Բացը որոշ չափով լրացնում են օտար աղբյուրները, որոնք եւս առանձնապես հարուստ չեն:
Ժպիտը ամենից առաջ ուղեղային աշխատանք է: Ժպտալիս, նախ` սկսում է գրգռվել հիպոթալամուսի առաջնային զոնան (հիպոթալամուսի հետին զոնայի գրգռվածությունը առաջացնում է հակառակ` դժգոհության ռեակցիա): Այստեղից նյարդային իմպուլսների հոսքը փոխանցվում է լիմբային համակարգին, որը մեր էմոցիաների պատասխանատուն է: Մկանային լարվածությունը թուլանում է եւ դեմքին հայտնվում է գոհունակության արտահայտություն: Մենք սկսում ենք ժպտալ ծնվելուց 30-40 օր հետո: Նորածինը ժպտում է, երբ կշտանում է, տեսնում է ծանոթ դեմք, լսում մեղեդի: Հետո նա նմանակում է մեծերի դեմքի արտահայտությունը, ապա ժպիտի միջոցով` արտահայտում տարբեր էմոցիաներ: Ուշադրության են արժանի Փոլ Էքմանի ուսումնասիրությունները, որոնք կարող են ուղեցույց հանդիսանալ դիվանագետների պրակտիկ գործունեությունում: Հոգեբանն առանձնացնում է ժպիտի 19 տարատեսակ, որոնք տարբերվում են ինչպես արտաքնապես, այնպես էլ բովանդակությամբ: Ժպիտը լինում է անկեղծ, վախեցած, արհամարհական, զուսպ, ողորմելի, բարկացած, տխուր, գրգռված, շփոթված, գնահատող, քծնողական, հաշտվողական, ի պատասխան, ձեւական եւ այլն: Անդրադառնանք դրանցից մի երկուսին:
Անկեղծ ժպիտ: Արտահայտում է դրական ապրումներ. երջանկություն, ուրախություն, խնդություն, բավարարվածություն, բավարարություն, որոնք մարդը ստանում է շոշափելու, տեսնելու եւ լսելու միջոցով: Դեմքի ներքին մասի մկանները չեն մասնակցում: Միակ փոփոխությունը կարող է լինել այն, որ աչքերի շուրջը մկանները լարվելով՝ բարձրացնում են այտերի վերին մասերը, կրճատում աչքի տակի «տոպրակները» եւ «սարդոստայնները»: Մասնակցում են նաեւ այտոսկրերի մկանները: Անկեղծ ժպիտը տարբերվում է իր ինտենսիվությամբ ու տեւողությամբ: Որքան դրական ապրումը ուժեղ է, այնքան ժպիտը երկար է եւ նկատելի: Այս տիպի ժպիտը Կարնեգին համարում է երջանկության հոմանիշ: Հայ արձակում եւ պոեզիայում, ի տարբերություն մասնագիտական գրականության, հաճախ ենք հանդիպում «ժպիտ» եւ «ժպտալ» բառերին ու բառակապակցություններին: Մեր գրողները վարպետորեն օգտագործում են «ժպիտը»՝ դրական էմոցիաներ եւ զգացումներ արտահայտելու համար, ինչը գեղարվեստական ստեղծագործությանը հաղորդում է խորություն եւ պատկերավորություն: «Նրանց ժպիտը զվարթ, կուսական, որ արշալույսի նման է այնքան» (Հովհաննես Թումանյան): «Նրան նայում է քնքուշ եւ գեղեցիկ մի դեմք, ամբողջապես երջանիկ ժպիտ կտրած» (Նար-Դոս): «Հանկարծ նրա դեմքը պայծառացավ եւ գեղանի շրթունքների վրա շողաց մի առույգ ժպիտ» (Մուրացան): «Ժպիտը այլեւս չէր իջնում նրա շրթունքներից» (Վահան Տերյան):
Խաբուսիկ կեղծ ժպիտ: Ժպտացողը նպատակ է հետապնդում դիմացինին ներկայանալ որպես դրական կերպար: Իրականում նա ոչինչ չի զգում, անգամ ունի բացասական էմոցիաներ եւ կեղծ ժպիտի տակ փորձում է թաքցնել իր մտքերը, շփոթության մեջ գցել զրուցակցին: Խաբուսիկ ժպիտը հայտնվում, ասես, փայլատակում, հետո սառում, մարում եւ անհետանում է: «Ինձ տեսնելուց նա բարձրացավ տեղից, նայեց ինձ վրա, ժպտաց, բայց նույն րոպեին էլ ժպիտը սառեց յուր շրթունքների վրա» (Մուրացան): Կեղծ ժպիտը կարճատեւ է: Կարճատեւ լինելու կողքին այն իր մեջ պարունակում է քամահրանք` խառնված ծաղրի եւ գոռոզամտության հետ: «Իշխանուհու դեմքի վրայով մի հեգնական ժպիտ էր վազում»: (Նար-Դոս):
Խաբուսիկ ժպիտի դեպքում այտերը չեն բարձրանում, բացակայում են աչքերի տակի «տոպրակները», «սարդոստայնները» եւ հոնքերի իջնելը: Այս կարգի ժպիտի հետեւում հաճախ թաքնվում են շրջապատի եւ հասարակության համար վտանգավոր, բացասական անձնավորություններ: Շեքսպիրյան ամենադրամատիկ հերոսը` իշխան Համլետը, համոզվելով, որ հորը` Դանեմարքայի թագավորին, սպանել է նրա եղբայրը` Կլավդիոսը, որոշում է վրեժխնդիր լինել: Սակայն իշխանը չի ցանկանում հայրենակիցների աչքին սովորական մարդասպան երեւալ. ապացույցներ են պետք: Իսկ ամենագլխավոր արգելքը վրեժն իրագործելու ճանապարհին այն է, որ Կլավդիոսը սիրված է ժողովրդի կողմից, հաճելի եւ համակրելի անձնավորություն է: Համլետը գիտե, որ հորեղբայրը չարագործ է եւ պետք մեռնի, բայց նա ժպտացող չարագործ է, որին հենց այնպես սպանելը վտանգավոր է:
Եվ դու, սրիկա՛, սրիկա՛, ժպտադեմ, անիծյա՛լ սրիկա,// Տետրա՜կս. պետք է հուշագրեմ այստեղ, //Թե մարդ կարող է ժպտալ, եւ՛ ժպտալ, եւ՛ սրիկա լինել// («Համլետ», արարված 1-ին, տեսարան 5-րդ, թարգմ.Հովհ. Մասեհյան):
Խորհրդավոր ժպիտ: Այս տիպի ժպիտը կազմված է տարբեր ժպիտների բաղադրյալներից` անկեղծ, խաբուսիկ, զուսպ, երկչոտ եւ այլն: Էքմանը գտնում է, որ խորհրդավոր ժպիտը արտահայտում է պերճանք, սիրախաղ, խաբուսիկություն եւ գայթակղանք: Սիրախաղը այս պարագայում անկեղծ է, թեպետ գայթակղողը փախցնում է հայացքը իրեն հետաքրքրող օբյեկտից, որպեսզի հետո կրկին խորամանկ հայացք գցի նրա վրա, եւ հենց որ դիմացինը նկատի, կրկին այն փախցնի, եւ այսպես՝ մի քանի անգամ: Ըստ հոգեբանի, Լեոնարդո դա Վինչիի նշանավոր Ջոկոնդայի` Մոնա Լիզայի թողած անսովոր տպավորությունը կայանում է նրանում, որ նրա գլուխը թեքված է մի կողմ, իսկ հայացքը` ուրիշ: Մոնա Լիզան նայում է իրեն հետաքրքրող առարկային: Կյանքում դեմքի նման արտահայտությունը լինում է թռուցիկ, քանի որ թաքուն հայացքը տեւում է մի ակնթարթ: Կարծում եմ, ընթերցողին հազիվ թե բավարարի Մոնա Լիզայի ժպիտի վերաբերյալ այսպիսի ժլատ մեկնաբանությունը: Չորս հարյուրամյակից ավելի սերունդները հիանում եւ ոգեւորվում են այդ առեղծվածային ժպիտով, գուշակելով դրա տակ սեթեւեթանքի, անկեղծության, խորամանկության, շփոթվածության, զսպվածության եւ խորհրդապահության անբացատրելի մի միասնականություն: Դա համարվում է աշխարհի ամենահանելուկային, ամենատարօրինակ ժպիտը: Գեղանկարչության հանրահայտ, բայց չվերծանված մեծագույն գաղտնիքը: Մոնա Լիզայի գեղեցկության եւ անորսալի ժպիտի շուրջ գիտական բանավեճերը եւ կարծիքների բախումները շարունակվում են: Անգամ վիճարկվում է մոդելի սեռը: Մասնագետները եւ արվեստ սիրողները համակարծիք են մի հարցի շուրջ. այդ ժպիտը մոռանալ անհնար է, նա միշտ մարդկանց հետ է: Ժպիտին անդրադարձել են վրձնի շատ վարպետներ: Հիշենք Սերովի «Դեղձերով աղջկա» մեղմ, հազիվ նկատելի ժպիտը, որը ճառագում է անմեղություն ու մաքրություն: Դրա կողքին Կրամսկոյի «Անծանոթուհին» է: Գոռոզությանը, քամահրանքին սահմանակցող ժպիտ. այսպես է ներկայանում ինքնավստահ, հավանաբար՝ նոր հարստացած` նուվորիշ, կինը շրջապատին: (Ծանոթ տեսարան է, այնպես չէ՞): Տաղանդավոր արվեստագետները մարդկությանը պարգեւել են ժպիտի մի ամբողջ պատկերասրահ, որը տարբեր էմոցիաներ եւ մտորումներ է արթնացնում դիտողի մոտ` պատճառելով գեղագիտական մեծ հաճույք կամ էլ տրտմություն:
Խորհրդավոր ժպիտը ոչվերբալ հաղորդակցության համեմատաբար քիչ ուսումնասիրված թեմաներից մեկն է, մինչդեռ այն կարեւոր տեղ է գրավում մարդկանց անձնական եւ սոցիալական կյանքում, ինչպես նաեւ՝ արվեստների եւ գրականության մեջ: Պատահակա՞ն է արդյոք, երբ Ավետիք Իսահակյանը իր սիրո փնտրտուքների քառուղիներում հարց է տալիս. «Չգիտեմ` ինչ նշանակություն տվեց ժպիտիս: Ի՞նչ բովանդակություն ունի այդ ժպիտը»: Այբլ-Այբսֆելտը ապացուցում է, որ խաբուսիկ ժպիտը գայթակղության կարեւոր գործոն է. եվրոպական կանանց 37%-ն, ըստ նրա, գնահատում են տղամարդկանց հենց այդ ժպիտը: Ժպիտը որքան ֆիզիոլոգիական, այնքան էլ սոցիալական երեւույթ է: Դիֆերենցված էմոցիաների տեսության հիմնադիր Քերոլ Իզարդը գրում է. «Տարբեր կուլտուրաները եւ սուբկուլտուրաները մարդուն տալիս են տարբեր հնարավորություններ ուրախության ապրումների համար»: Եթե այս աքսիոմատիկ ճշմարտությունն ընդունելու լինենք որպես մեկնակետ, ապա կգանք այն եզրակացության, որ ժպիտը սերտորեն կապված է պատմական ավանդույթների, տնտեսական, սոցիալական եւ մշակութային պայմանների հետ: Թեյլորը, Պիպլոն եւ Սիրսը իրենց հանրաճանաչ «Սոցիալական հոգեբանությունում» նշում են, որ Միացյալ Նահանգներում ժպիտը, սովորաբար, դրական է գնահատվում: Ժպտացող մարդը այստեղ համարվում է բարի եւ բարյացակամ, որին կարելի է վստահել: Ամերիկյան ժպիտը, չգիտեմ ինչու, ինձ մոտ ասոցիացվում է Ջոն Քենեդիի հետ, որի համար ասում էին, թե նա այնքան հմայիչ էր, որ երբ ժպտում էր՝ հմայվում էին անգամ ծառին նստած թռչունները: Պատմաբանները գտնում են, որ Ամերիկան լինելով եկվորների երկիր եւ սկզբնական շրջանում չունենալով իրավական ամբողջական ձեւավորված համակարգ, մեծապես կարեւորել է վատ մտքեր չունեցող, վստահելի եւ ազնիվ մարդկանց փոխհարաբերությունները: Ամերիկացիները սովորաբար համարվում են երկրագնդի ամենաբարյացակամ մարդիկ, իսկ ժպիտը նրանց ազգային հարստությունն է, նախնիներից ստացած ժառանգությունը: Ասիական երկրների ժողովուրդների մոտ, ընդհակառակը, ժպիտը կարող է հաղորդել բոլորովին այլ ինֆորմացիա: Աշխատանքի ընդունվելու համար դիմած ճապոնացին մերժում կստանա, եթե լուսանկարի վրա ժպտա: Ժպիտը այստեղ դիտվում է որպես անլրջության նշան: Կորեացին ավելի կտրուկ է. «Շատ ժպտացող տղամարդը` տղամարդ չէ»: Ճապոնիայում, Կորեայում եւ Հնդկաստանում մարդիկ ժպտում են շփոթվածություն, տխրություն, զայրույթ ապրելիս: Ժպիտը այդ երկրներում հստակորեն չի ասոցիացվում բարեկամության եւ երջանկության հետ, ինչպես Միացյալ Նահանգներում է: Սակայն հետաքրքիր է նշել, որ որոշ հոգեբաններ վերջերս հերքում են այն կարծիքը, որ Ամերիկան համատարած ժպիտի արեալ է: Ջորջ Բուշը, նշում են նրանք, միշտ քմծիծաղ է տալիս, ինչը հատուկ է տեխասցիներին եւ հարավի բնակիչներին: Տեխասում, եթե տեսնեն չժպտացող մարդու, անպայման կհարցնեն, թե ինչ է պատահել: Մինչդեռ Նյու Յորքում լայն ժպտացողից կարող են հետաքրքրվել՝ «Իսկ ի՞նչ կա ծիծաղելու»: Ջիմի Քարտերը եւս լինելով հարավցի, Բուշի նման անընդհատ ժպտում էր: Դա անհանգստացնում էր հյուսիսցիներին, որոնց թվում էր, թե նա ինչ-որ բան գիտի, որը իրենք չգիտեն: Այսպիսով, ոչ միայն տարբեր կուլտուրաներում, այլեւ տարբեր սուբկուլտուրաներում ժպիտի սխալ մեկնաբանությունը կարող է պրոբլեմներ ստեղծել: Ժպտալու հարցում Հին աշխարհամասը եւս ետ չի մնում Ամերիկայից: Ֆրանսիական եւ անգլիական կուլտուրաներում ժպիտը կարեւոր նշանակություն ունի: Սակայն հայտնի է, որ Լա-Մանշի երկու կողմի ժողովուրդները պատմության ընթացքում հաճախ են գժտվել, եւ մինչ օրս նրանց հարաբերություններին բնորոշ են իրար հակադրվելու, մրցելու եւ ծաղրելու ոգին: Ֆրանսիացիները անգլոսաքսերին համարում են չոր, մեծամիտ եւ ժպիտից զուրկ մարդիկ: Անգլիացիները` իրենց հերթին, ֆրանսիացիներին դիտում են որպես դատարկախոսների, ազգամոլների ու սնոբների, որոնց ժպիտը կեղծ է եւ դատարկ: Ըստ Ալբիոնի հումորիստների, փարիզուհին, ժպտալու փոխարեն, ատամների արանքից արտաբերում է՝ «Ես ժպտում եմ», («Je souris» ֆրանս.), բայց իրականում չի ժպտում` վախենալով կնճիռներից:
Այժմ այլ աշխարհամասերից տեղափոխվենք մեզ մոտ: Ավագ սերնդի կողմից հաճախ կարելի է լսել, թե անցյալ դարի 70 տարին հայ ժողովրդի ոսկեդարն էր, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, կրթական եւ մշակութային աննախադեպ վերելքի շրջան: Կարելի է սրա հետ համաձայնել կամ ոչ` կախված մարդու քաղաքական համոզմունքներից եւ օբյեկտիվ տրամաբանությունից: Բայց որ հայ մարդը անկախություն ձեռք բերելուն զուգընթաց՝ կորցրել է ժպտալու ունակությունը` փաստ է: Օտարերկրացիները Մոսկվայի վրայով հասնելով Երեւան, հիանում էին հայկական հյուրասիրությամբ եւ բարեհամբուրությամբ, նշում էին, որ հայերը` ի տարբերություն ռուսների, գիտեն ժպտալ: Ի դեպ, նույնը նշում էին իրենք` մեր Հյուսիսի բարեկամները: Ի՞նչն է նման փոփոխության պատճառը. երկրաշա՞րժը, պատերա՞զմը, արտագա՞ղթը, երկրում տիրող մասսայական թշվառությո՞ւնը, անարդարությո՞ւնը, կոռուպցիա՞ն: Խելացի ուղեղները, թերեւս, մի օր գտնեն հարցի պատասխանը: Սակայն փաստը մնում է փաստ, որ այսօրվա Հայաստանում գոյություն ունի ժպիտի մեծ պակաս` դեֆիցիտ: Փորձեք ժպտալ դիմացինին, մանավանդ կանանց: Հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի: Ի դեպ, մեր հասարակության գեղեցիկ սեռի մոտ ձեւավորված է այն կարծրատիպը, եւ միանգամայն հիմնավորված, որ եթե «տեղի-անտեղի» ժպտան, ապա կարող են համարվել այնպիսին, ինչպիսին չեն, եւ մտադրություն էլ չունեն լինելու: Որտեղ բացակայում է ժպիտը, այնտեղ չի կարող լինել սիրալիր վերաբերմունք, փոխզիջում, էլ չեմ ասում` հաճոյախոսություն: Շենք, վերելակ մտնելիս եւ դուրս գալիս՝ ճանապարհը զիջեք կնոջը` հազվագյուտ կլսեք շնորհակալական խոսք: Նա, որի նկատմամբ դուք ցուցաբերել եք հարգալից ժեստ, հպարտորեն կարող է անցնել ձեր կողքով` հաճախ դեմքին հաղորդելով պուրիտանական անթափանց, խիստ արտահայտություն, որի վերբալ թարգմանությունը, մոտավորապես, հետեւյալն է. «Ես քո իմացածներից չեմ, մտքովդ չանցկացնես»: Երբ երկար բացակայում ես Երեւանից, մոռանում ես այս ամենը, եւ տուն դառնալուց հետո կրկին անիմաստ ժպտում ես աջ ու ձախ, ճանապարհը եւ տեղը զիջում, այնքան ժամանակ, քանի դեռ, մեղմ ասած, անբարյացակամ ռեակցիան բթացնում է վարվեցողության քո նորմալ էթիկետը եւ ամեն ինչ դնում է իր տեղը. դժվար է շրջապատից տարբերվելը: Կա հայկական էթնոհոգեբանության մեկ այլ` արատավոր դրսեւորում եւս, որը մտորումների տեղիք է տալիս: Խոսքը վերաբերում է մեր կենցաղում լայնորեն արմատացած համբուրվելու պրակտիկային: Մեր տղամարդիկ շատ են սիրում համբուրվել, բայց ոչ այնպես, ինչպես, օրինակ, ֆրանսիացի տղամարդիկ են համբուրվում, որոնք այտը մի պահ հպում են լավ ծանոթ կնոջ այտին: Արաբները, նույնպես, երեսը թեթեւակի քսում են դիմացինի երեսին: Ողջագուրվելու այս ձեւը ընդունված է շատ էթնոսների մոտ:
Մերն ուրիշ է: Մեզ մոտ համբուրվում են նախ` միայն տղամարդիկ: Համբուրվում են «հյութեղ», կարոտալից, ինքնամոռաց, համարյա շրթունքը` շրթունքին, a` la Բրեժնեւ-Հոնեկեր: Պլակատ, որն իր տեսակի «հակասովետական» դետոնատոր դարձավ Բեռլինի պատի համար: Այնպես որ, զարմանալու կամ վիրավորվելու կարիք չկա, երբ օտարները հայերի համբուրվելը դիտում են որպես սեռական փոքրամասնության կովկասյան արտահայտչաձեւ: Նրանց հավասարապես զարմանք է պատճառում մեկ ուրիշ երեւույթ եւս, այն, որ մեր երիտասարդ աղջիկները օրը ցերեկով շպարվում են, կրում երեկոյան հագուստներ ու զարդեր, քայլում բարձրակրունկ կոշիկների վրա: Օտարը նկատում է, որ աշխարհում, մինչեւ արեւի մայր մտնելը, ոչվերբալ այսպիսի արտահայտչաձեւ եւ կեցվածք ունեն միայն ազգաբնակչության որոշակի կատեգորիայի ներկայացուցիչները: Եվ վերջինը, մեզ ամենեւին պատիվ չբերող սովորույթի` փողոցում անընդհատ թքելու մասին, որն ավելի է ընդգծում մայրաքաղաքի կեղտոտ եւ անլվա լինելը: Նման սովորույթ ունեն Արեւելքի որոշ էթնոսներ: Բայց չէ՞ որ մենք մեզ եվրոպացի ենք համարում: Նույնիսկ համոզված ենք դրանում: Ինչեւէ: Ի՞նչ անել: Ցիցերոնի «Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր» («O tempora! O mores!» (լատ.)) հռետորական բացականչությունը կառաջացնի մեր ցինիկների ժպիտը` ընդամենը: Դա ոչինչ չի տա: Թերեւս, հարկ է լուրջ հետեւություններ անել երիտասարդ սերնդի դաստիարակության (եթե այդպիսին հանրապետությունում գոյություն ունի), ազգի կուլտուրական մակարդակի բարձրացման ուղղությամբ: Իսկ դա հնարավոր է միայն համակարգային վերափոխությունների պարագային:
…Իսկ մենք վերադառնալով ժպիտին՝ որպես մարմնի լեզվի կարեւոր դրսեւորման արտահայտություն, մի քանի խորհուրդներ տանք մեր դիվանագետներին: Ժպտացեք միշտ: Եվ անձնական, եւ պաշտոնական հաղորդակցության դեպքում: Սկսնակ դիվանագետներին, չգիտես ինչու, երբեմն հուշում են լինել խստադեմ եւ լուրջ, հագնել անթափանց դիմակ, սահմանափակել ժպտալու չափը, ժպտալ միայն` ի պատասխան: Սա ճիշտ խորհուրդ չէ: Ուսումնասիրեք «լավ» ժպիտները: Մի նմանակեք, այլ փորձեք գտնել ձերը, կատարելագործեք այն, բայց հասեք բնական ու անկեղծ ժպտալու արվեստին: Եվ ձեր ջանքերի վարձատրությունը կլինեն աշխատանքի բարձր ցուցանիշները:
Շարունակելի