«Շատերին նյարդայնացնում է իմ ֆիլմերի թանկությունը»

19/02/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

ՀՀ Մշակույթի նախարարության հրավերով վերջերս Հայաստան էր այցելել ռուսաստանցի վավերագրող, պրոդյուսեր Սաիդա Մեդվեդեւան, ում ուժերով վերջին մի քանի տարիների ընթացքում ստեղծել են մեծ արձագանք ստացած «Ջուրը», «Զգուշացեք, ուտելիք է», «Կակրակի», «Սիրո գաղտնիքը» եւ «Մահվան գաղտնիքը» վավերագրական ֆիլմերը։ Ազգությամբ թաթար Սաիդա Մեդվեդեւան ղեկավարում է «Արվեստանոց» կինոստուդիան, որի աշխատանքները լայնորեն ցուցադրվում են ռուսական հեռուստատեսությամբ եւ միշտ ուղեկցվում են բուռն քննարկումներով։

– Տիկին Սաիդա, ինչպիսի՞ն է այսօրվա վավերագրական կինոն։

– Ինձ հաճախ հարցնում են՝ ձեր ֆիլմերը ի՞նչ ժանրի են։ Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, կարծում եմ՝ դա նույնն է, ինչ «Ի՞նչ ժանր ունի ձեր կյանքը» հարցը, որն ինքնին արդեն անհեթեթություն է։ Ժամանակակից վավերագրական կինոն այսօր այնքան բազմաժանր ու բազմատեսակ է, որ շատ դժվար է բնորոշում տալը։ Հեռուստատեսային աշխատանքներում պարզ մոտեցում կա, երբ մենք պարզապես տեքստին համապատասխան նկարահանումներ ենք անում, այսպես ասած՝ «նկարում» ենք փաստը կամ տեքստը, ոչ ավելին։ Կան փառատոնային, քաղաքական, սոցիալական, պոետիկ վավերագրություններ, որոնցից յուրաքանչյուրն էլ իր սեփական լեքսիկան ու մոտեցումներն ունի։ Սակայն ամեն դեպքում, ինչ էլ որ ուզում ես ստեղծել, պետք է քո աշխատանքի մեջ ամբողջովին «սուզվես», ապրես, շնչես աշխատանքով, փորձես… Եվ միայն այդ դեպքում հաջողության կհասնես։ Այն ֆիլմերը, որոնք իմ ընկերությունն է ստեղծում, կարելի է անվանել գիտահանրամատչելի, բայց բոլոր ֆիլմերում փիլիսոփայական, կրոնական դիտարկումներ կան։

– Ձեր նկարահանած բոլոր ֆիլմերը շատ աղմկոտ, նույնիսկ սկանդալային արձագանքներ են ստացել։ «Ֆաստ ֆուդի» կործանիչ հետեւանքի մասին պատմող ֆիլմն, օրինակ, այնքան տպավորիչ էր, որ մինչ հիմա էլ այն ուշադրության կենտրոնում է գտնվում։ Նույնքան ազդեցիկ հայտնություն էր սիրո գենի նկարագրությունը։ Ֆիլմերը ստեղծելուց առաջ Դուք նման արձագանքները հաշվարկո՞ւմ եք։

– Ես աշխատում եմ զերծ մնալ արձագանքների հաշվարկումներից ու քննարկումներից, քանի որ դրանք տարատեսակ մեկնաբանությունների սկիզբ են դնում, իսկ դա իմ գործը չէ։ Իմ գործը նկարահանելն է, իսկ թե ի՞նչ է լինելու դիտումից հետո, ինձ բնավ էլ չի հուզում։ Որպես կանոն՝ իմ բոլորը ֆիլմերը աղմկոտ են լինում ու ուղեկցվում են կշտամբանքներով եւ վիրավորանքներով։ Շատերին նյարդայնացնում է նախեւառաջ ֆիլմերի թանկ լինելու փաստը։ Առաջին իսկ կադրերից երեւում է, որ ֆիլմերի մեջ լուրջ գումարներ են ներդրվել ու լուրջ ծախսեր են արվել, չէ՞ որ մենք հրավիրում ենք արտասահմանյան գիտնականներին, փորձագետներին, նկարահանումներ ենք կատարում աշխարհի տարբեր անկյուններում։ Եվ այդ ամենին գումարվում է նաեւ հեղինակային դիրքորոշումը, որի հետ շատերը համաձայն չեն լինում։ Բայց անձամբ ինձ համար այդ դիրքորոշումը ամենաթանկ ձեռքբերումն է։

– Իսկ օբյեկտիվությո՞ւնը…

– Կարծում եմ, որ առանց հեղինակային շեշտադրումների չի ստացվի վավերագրական ֆիլմ նկարահանել։ Ուզենք թե չուզենք, ֆիլմում պարտադիր պետք է մեր դիրքորոշումը լինի, նույնիսկ, եթե այն ֆիլմի խորքային շերտերում թաքցնենք, միեւնույն է, որոշ հատվածներում այն պարտադիր «դուրս կպրծնի» ու դիտողի աչքերին «կհարվածի»։ Ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ է օբյեկտիվությունը։ Բայց ես կարող եմ ասել, թե ինչի համար եմ կինո նկարահանում։ Մեր նպատակը էպատաժը չէ, այլ հուզելն է։ «Սեր» եւ «Մահ» ֆիլմերի հիմքում, օրինակ, պարզագույն գաղափար է դրված (որը, ի դեպ՝ չի կարելի օրիգինալ կամ նոր անվանել), եւ այդ գաղափարը հետեւյալն է՝ մենք ստեղծված ենք սիրելու համար։ Այդպիսին է մեզ Աստված արարել… Մահ չկա, կա միայն սեր։ Եվ սերը անվերջանալի ու անսահման երեւույթ է, որի մասին հազարամյակներ առաջ ապրող խելացի ու իմաստուն մարդիկ շատ ավելի բան գիտեին, քան մենք։ Եվ իմ ֆիլմերում ես ընդամենը ներկայացնում եմ եղածը, ոչինչ չեմ հնարում ու ոչինչ չեմ ավելացնում։ Սիրո գաղափարը ներքին թեզիսի պես բան է, որը, սակայն, մեղադրանքների մեծ ալիք բարձրացրեց Ռուսաստանում։

– Ինչո՞ւմ էին Ձեզ մեղադրում։

– Ասում էին, որ մենք սիրո գաղափարախոսություն ենք տարածում։ Ես էլ պատասխանում էի, որ դա իմ գաղափարախոսությունը չէ, այլ գիտական հենք ունեցող հայտնագործություն է, որի հիմքում շվեդ գիտնականների «սիրո նյարդի» ձեւակերպումն էր։ Այդ նյարդը առաջինն է ծնվում, եւ վերջինն է մահանում։ Եվ եթե այն կա, ապա մարդկային մահը անցավ ու իմաստալից է դառնում։ Սիրո նյարդը միայն մեկ ֆունկցիա ունի. օգնում է մարդուն քնքշանք ու սեր զգալ։ Եվ եթե այդ նյարդը ի վերուստ տրված է մեզ, ուրեմն մենք պետք է այն օգտագործենք։ Կամ էլ գոնե վերանայենք մեր վերաբերմունքը սիրո հանդեպ։ Ես, օրինակ, մի քանի ամուսնական զույգեր գիտեմ, որոնք մեր ֆիլմի դիտումից հետո ամուսնալուծվեցին, մի քանիսն էլ ընդհակառակը՝ միացան ու ավելի ամուր հարաբերություններ կառուցեցին։ Ամեն դեպքում ֆիլմի մեջ ներկայացված ինֆորմացիան դրդեց նրանց որոշում կայացնել։ Եվ դա ուղղակի հիանալի է։

– Լավ վավերագրական ֆիլմ ստեղծելու համար ո՞րն է առաջնայինը՝ գաղափա՞րը, թե՞ պատվիրատու (այսինքն՝ փող) գտնելը։

– Իհարկե, վավերագրությունը բիզնես է, չէ՞ որ մենք անօդ տարածության մեջ չենք ապրում ու պետք է գումար աշխատելու մասին մտածենք։ Կարող եմ ասել, որ մեր համագործակցությունը ռուսական ալիքների հետ նման է երկկողմանի երթեւեկությանը։ Կամ մենք ենք ալիքներին թեմաներ առաջարկում, եւ եթե այդ թեմաները հետաքրքրում են ալիքներին, մենք ֆիլմ ենք պատրաստում, կամ էլ՝ տեղի է ունենում հակառակը՝ ալիքն է մեզ թեմա պատվիրում։ Իհարկե, ընկերության ներսում հաճախ այնպիսի թեմաներ ու մտահղացումներ են ծնվում, որոնք սկզբունքորեն չեն կարող պատվիրատու ունենալ։ Դրանք հիմնականում այն թեմաներն են, որոնք մեզ շատ են հուզում, ու մենք ցանկանում ենք այդ հուզմունքը փոխանցել մարդկանց։ Նման ֆիլմերը ոչ թե պատվիրատու, այլ ինվեստոր են ունենում։ Մեր ամենաաղմկահարույց «Ջուր» ֆիլմն, օրինակ, ամբողջովին մասնավոր ներդրողների միջոցներով է ստեղծվել։ Ստացվել է այնպես, որ ներդնողներն իրենք են հայտնվում, ես նրանց չեմ փնտրում։ Երեւի, բախտս բերել է։

– Հայաստանում հեռուստատեսությամբ վավերագրական ֆիլմեր գրեթե չեն ցուցադրվում։ Ձեր կարծիքով, ինչպե՞ս կարելի է փոխել իրավիճակը մեր նման փոքր պետության մեջ՝ վավերագրական կինոյի պահանջարկ ստեղծելու համար։

– Կարծում եմ, տարբերություն չկա, թե ինչպիսի երկրում ես ապրում (մե՞ծ, թե՞ փոքր, զարգացա՞ծ, թե՞ չզարգացած), կարեւորը արդյունավետ գաղափարն է։ Շատ հաճախ մարդիկ ուզում են կինո նկարահանել միայն մեկ նպատակ հետապնդելով. ցանկանում են սեփական կայացման մասին (որպես ռեժիսոր, պրոդյուսեր կամ էլ սցենարիստ) հայտարարել։ Կինոն ընդհանրապես գայթակղիչ քող ունի, ու շատերին թվում է, որ կինոյի գրավիչ աշխարհում հեշտ է կայանալ։ Եթե մարդիկ նման պատկերացումներով են կինոաշխարհ մուտք գործում, նրանք դժվար թե հաջողության հասնեն։ Սկզբունքային նշանակություն ունի գաղափարը, այսինքն՝ այդ միտքը, որով դու ապրում ես, «այրվում» ես, որը նույնիսկ խանգարում է քեզ հանգիստ քնել ու ուտել։ Եվ եթե նման գաղափար է լինում, ապա վստահ եղեք, այն անպայման իրականացվելու է, կգտնվեն եւ՛ քեզ հավատացող մարդիկ, եւ՛ քեզ անհրաժեշտ գումարները։ Սա միայն մաղթանք չէ, սա ճշմարտություն է, որում ես խորապես համոզված եմ։