Բանջարեղենային աղցան
Այս աղցանի համար անհրաժեշտ է ոչ շատ մեծ բողկ, գազար, խնձոր, 3 պճեղ սխտոր, 1/4կիտրոն, 1/2 թեյի գդալ չոր կիտրոնի կեղեւ, կամ կարելի է նաեւ թարմ կեղեւ: Բողկը, գազարը եւ խնձորը քերել մանր քերիչով: Ստացված զանգվածը լավ խառնել: Ավելացնել ծեծած սխտորն ու կեղեւը: Վերջում աղցանի մեջ քամել կիտրոնն ու մի քիչ աղ անել:
Սիսեռով եւ թթու վարունգով աղցան
Անհրաժեշտ է 1 բաժակ սիսեռ, 3 թթու վարունգ, 1-2 գլուխ սոխ, 2 թեյի գդալ ձեթ, աղ, սեւ պղպեղ եւ կանաչի: Նախօրոք թրջած սիսեռը եփել եւ սառեցնել: Թթու վարունգը մանր կտրատել ու ավելացնել սիսեռին, հետո ավելացնել մանր կտրատած սոխը: Այս ամենը համեմել ձեթով, աղով ու մյուս համեմունքներով: Մատուցելիս էլ վրան կանաչի կտրատել:
Բանջարեղենով շոգեխաշած դդում
Այս ճաշատեսակը պատրաստելու համար անհրաժեշտ է 300 գ դդում, 2 լոլիկ, 1 պղպեղ, 2 կարտոֆիլ, մի քիչ ձեթ եւ աղ՝ ըստ ճաշակի: Մանր խորանարդիկներով կտրատված դդումը տապակել ձեթով, այնքան, որ կիսապատրաստ լինի: Այնուհետեւ լցնել պղնձի մեջ, ավելացնել նախօրոք տապակած լոլիկն ու պղպեղը: Դդումի փափկելուց հետո ավելացնել նախօրոք տապակած կարտոֆիլն ու զգույշ խառնել ու համեմել աղով: Մատուցելիս կարելի է համեմել կանաչիով:
Կիվին եզակի նյութեր է պարունակում
Նորվեգացի գիտնականները կիվիի մեջ եզակի նյութ են հայտնաբերել, որին դեռ անուն չեն տվել. այն այրում է զարկերակային ճարպային պաշարիչները: Որպես հետեւանք՝ նվազում է թրոմբների առաջացման վտանգը: Օրվա մեջ` 2-3 կիվի, եւ մեկ ամիս անց արդյունքն ակնհայտ կլինի: Այն ժամանակահատվածում, գիտնականների գնահատմամբ, մոտավորապես 15 տոկոսով նվազում է արյան մեջ վտանգավոր ճարպաթթուների պարունակությունը: Ինչպես ենթադրում են բժիշկ-սրտաբանները` կիվիի պտուղները կարող են ասպիրինի այլընտրանքային օգտակար տարբերակը դառնալ: Նոր Զելանդիայում արդեն սկսել են կիվիից ծամվող հաբեր եւ պատիճներ պատրաստել: Իհարկե, չմոռանանք, որ կիվին նաեւ ուժեղ ալերգեն է համարվում: