Ի՞նչ է գիտակցության խանգարումը

19/02/2010

Գիտակցությունն ապահովում է կապն արտաքին միջավայրի հետ: Եվ երբեմն ինչ-որ արտաքին գործոնների ազդեցությամբ, հնարավոր է, տեղի ունենա գիտակցության խանգարում: Նման խանգարման ժամանակ հնարավոր են տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության եւ այլ զգայական համակարգի խանգարումներ: Հնարավոր է նաեւ գլխացավ, գլխապտույտ, թուլություն, սրտխառնոց, շոկային վիճակ, անոթազարկի փոփոխություն, մաշկի գույնի փոփոխություն: Ուշագնացությունը կամ գիտակցության կորուստը գլխուղեղի արյան շրջանառության կարճատեւ խանգարման հետեւանք է: Ուշագնացության պատճառ կարող են հանդիսանալ գերհոգնածությունն ու գերլարված վիճակը, փակ տարածքում գտնվելն ու մաքուր օդի պակասն, ինչպես նաեւ` լուրջ հիվանդությունները: Անկախ ուշագնացության պատճառից երկարատեւ անգիտակից վիճակում գտնվողի մկանները թուլանում են, կլման եւ հազի ռեֆլեքսները բացակայում են, որը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարման, եւ առաջանում է շնչառության կանգ: Այս դեպքում տուժողին ցուցաբերված առաջին օգնությունը գերսառեցումից ու գերտաքացումից պաշտպանելն է եւ նրան օգնելը, որպեսզի հարմար դիրք ընդունի, եւ իհարկե շտապօգնություն պետք է կանչել: Նաեւ միշտ պետք է հիշել, որ անգիտակից վիճակում գտնվող մարդուն արգելվում է տալ որեւէ հաբ, ջուր, ատամների միջեւ դնել փայտիկ կամ որեւէ գործիք: