Պատահարներ

19/02/2010

Փետրվարի 16-ին, ժամը 14:52-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի թիվ 13ա շենքի մոտ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Այրվել է Կ. Լրճիկյանին պատկանող 25 քմ մակերեսով խորդանոցն ու ներսում եղած տնտեսական իրերը:

Նույն օրը, ժամը 16:09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւան-Երասխավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում գտնվող ավտոգազալիցքավորման կայանում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Արտակ» ՓԲԸ-ին պատկանող ավտոգազալիցքավորման կայանի կոմպրեսորային սարքավորումների շինությունում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով փլուզվել է շինության` 30 քմ մակերեսով տանիքը, տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում եւ այրվել է 1 մ հաղորդալար: Բարեբախտաբար, զոհեր ու վիրավորներ չկան:

Իսկ փետրվարի 17-ին, ժամը 01:05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նանսենի փողոցի թիվ 2 շենքի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար ու վթարի ենթարկված ավտոմեքենան այրվել է: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 19 ՕԼ 738 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը ստացել է տարբեր մարմնական վնասվածքներ ու շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվել հիվանդանոց: Այրվել է ավտոմեքենայի առջեւի հատվածը:

Նույն օրը, ժամը 01:10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում: Ամբողջությամբ այրվել են Ա. Ալիխանյանին պատկանող 10 քմ մակերեսով ավտոտնակը, ներսում գտնվող «Մոսկվիչ» մակնիշի առանց պետհամարանիշի երկու ավտոմեքենաները, անասնագոմը եւ մառանը` համապատասխանաբար` 12 քմ եւ 6 քմ մակերեսով: