Ըստ ԼՂՀ Վիճակագրական ծառայության տվյալների, 2005թ. առաջին հինգ
ամիսներին հանրապետությունում իրականացվել է 4442,2 մլն դրամի կապիտալ
շինարարություն, որը 2004թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 32,2
տոկոսով կամ 1085,3 մլն դրամով: ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից
տեղեկացանք, որ 2005թ. պետական բյուջեով ընդհանուր կապիտալ շինարարության
ծավալը կազմում է 5,0 մլրդ դրամ, այդ թվում` քաղաքաշինության
նախարարության ծրագրով` 3,9 մլրդ, 800 մլն դրամ` վերաբնակեցման, 300 մլն
դրամ` ԼՂՀ բազմազավակության խթանման ծրագրերով:
Ըստ Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն
Շահրամանյանի, շինարարական աշխատանքների իրականացման համար համապատասխան
լիցենզիա ունեն շուրջ 200 կազմակերպություններ, որոնցից ներկայումս
գործում է մոտ 150-ը: Ի դեպ, դրանց թվում չկա ոչ մի պետական
կազմակերպություն:
ԼՂՀ տարածքում գործում են մի շարք բարեգործական կազմակերպություններ,
որոնք նույնպես շինարարական աշխատանքներ են իրականացնում: Վերջիներիս
կողմից կառուցվող օբյեկտները պարբերաբար ստուգվում են Քաղաքաշինական
պետական տեսչության կողմից, տրվում են մասնագիտական ցուցումներ, ստուգվում
է նաեւ կառուցվող օբյեկտների նախագծերի համապատասխանությունը
քաղաքաշինական նորմերին: Հայտնի է նաեւ, որ շինարարական
կազմակերպությունների մասնագետներից շատերը հրավիրվում են Հայաստանից: Այս
առնչությամբ վարչապետ Անուշավան Դանիելյանը վերջերս մտահոգություն է
հայտնել` ընդգծելով ԼՂՀ-ում պրոֆտեխուսումնարանի ստեղծման
անհրաժեշտությունը: Փաստը մտահոգում է նաեւ նախարարությանը, քանի որ
շինարարության բնագավառում մասնագետների տարիքը գերազանցում է 60-ը, ինչը
խոսում է այն մասին, որ մոտ ապագայում վարպետների խիստ պահանջ կզգացվի:
Նախարարությունից տեղեկացանք, որ 2005-2006 թթ. ուսումնական տարվա համար
նրանց կողմից ԼՂՀ Կրթության, մշակույթի եւ սպորտի նախարարություն է
ներկայացվել հայտ` անհրաժեշտ մասնագետների պատրաստման համար (որմնադիր,
ներկարար, ծեփագործ, երեսպատող, հյուսն, էքսկավատորավար, աշտարակային
կռունկավար, թիթեղագործ, զոդող եւ այլն):
Խոսելով առաջին կիսամյակի աշխատանքների մասին` ԼՂՀ Քաղաքաշինության
նախարարության աշխատակազմի ղեկավարը փաստել է, որ առաջին կիսամյակում
սկսվել եւ ընթացքի մեջ են Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների թիվ 20, ԼՂՀ
ԱԺ եւ կառավարության, Ստեփանակերտի թիվ 7 միջնակարգ դպրոցի, նոր
ավտոկայանի, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի եւ Շահումյանի շրջանի Քարվաճառ
քաղաքի մշակույթի տների, ինչպես նաեւ` Ասկերանի շրջանի Քռասնի գյուղի
միջնակարգ դպրոցի եւ Նորագյուղի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի, Իվանյան
համայնքի միջնակարգ դպրոցի, Վարդաձոր գյուղի գյուղապետարանի
շինարարությունը: «Շրջանների մի շարք գյուղերի դպրոցներում նույնպես
իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Հանրապետության տարածքում
կատարվել են 81 մլն դրամի ճանապարհների վերանորոգման եւ 118 մլն դրամի
գազիֆիկացման աշխատանքներ»,- մեր զրույցի ժամանակ տեղեկացրել է պարոն
Շահրամանյանը:
«Վերոնշյալ օբյեկտներից երկրորդ կիսամյակում նախատեսվում է շահագործման
հանձնել Ստեփանակերտի մշակույթի կենտրոնի «Ա» մասնաշենքի, Ազատամարտիկների
թիվ 20, թիվ 7 միջնակարգ դպրոցի շենքերը: Արդեն սկսվել են Ստեփանակերտի
Թումանյան փողոցի 45 բնակարանանոց բնակելի շենքի շինարարական
աշխատանքները, Մարտունի եւ Մարտակերտ քաղաքների միջնակարգ դպրոցների եւ
Մարտունու շրջանի Եմիշճան գյուղի դպրոցի շինարարությունը»,- այս մասին
նշել է զրուցակիցս: Կ. Շահրամանյանի հավաստմամբ, ստուգումների ընթացքում
հայտնաբերված շինարարական թերությունները տեսչության հրահանգներով
վերացվում են կապալառու կազմակերպությունների կողմից, հակառակ դեպքում`
կիրառվում են տույժեր` ընդհուպ մինչեւ քաղաքաշինական գործունեության
լիցենզիայի կասեցում կամ դադարեցում: Նախարարության ներկայացուցչի հետ
խոսեցինք նաեւ այն շինարարական օբյեկտների, մասնավորապես` Ստեփանակերտ
քաղաքի մուտքի` 1060 մետրանոց ճանապարհի շինարարության մասին, որտեղ
շինարարական աշխատանքները մի քանի անգամ փոփոխության են ենթարկվել: Փաստը
զրուցակիցս բացատրեց նրանով, որ նախագիծը կազմվել էր ավելի վաղ, իսկ
ծրագրում ընդգրկվել ավելի ուշ: «Այդ պատճառով էլ նախագծում
փոփոխություններ են կատարվել` մայրաքաղաքի մուտքն ավելի գեղեցիկ ու
հարմարավետ դարձնելու համար: Ասեմ նաեւ, որ ճանապարհի շինարարության համար
նախատեսված է 232 մլն 386 հազար դրամ, եւ այն շահագործման կհանձնվի սույն
թվականի սեպտեմբերի 2-ին»,- ասել է աշխատակազմի ղեկավարը:
Անդրադառնալով պատերազմի տարիներին ավերված բազմաբնակարան շենքերի
եւ անհատական բնակելի տների տանիքների վերանորոգմանը, նա փաստել է, որ
2000 թվականից վերանորոգումը մեծ թափ է ստացել: Պարբերաբար կապիտալ
շինարարության ծրագրով Ստեփանակերտ քաղաքում եւ շրջաններում տանիքների
հիմնանորոգման նպատակով նախատեսվում են համապատասխան ֆինանսական միջոցներ,
ինչը տարեցտարի ավելանում է: Ներկայումս սկսվել են Մարտակերտի շրջանի Նոր
Սեյսուլան գյուղի 16 առանձնատների տանիքների վերանորոգման աշխատանքները:
Ստեփանակերտում ընթացիկ տարում վերանորոգվել են թվով 10, Մարտունիում` 3,
Շուշիում` 4 բազմաբնակարան բնակելի շենքերի, ինչպես նաեւ` Ասկերանի շրջանի
մի շարք գյուղերի ակումբների տանիքներ: Կ. Շահրամանյանը տեղեկացնում է
նաեւ, որ ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել է
2006-2008թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիր, որը ներկայումս գտնվում
է քննարկման փուլում եւ կներկայացվի կառավարության հաստատմանը: Նշված
ծրագրով նախատեսվում է 2006թ. ԼՂՀ տարածքում կապիտալ շինարարության ծավալը
հասցնել 9,520 մլրդ դրամի: Կապիտալ շինարարության աճ է նախատեսվում նաեւ
2007-2008 թվականներին: