Երեկ երկօրյա այցով Հայաստան է ժամանել Ղազախստանի պետական քարտուղար-ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւը: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Սաուդաբաեւը Երեւան է այցելել Բաքվից, որտեղ հայտարարել է, թե Աստանան, լինելով ԵԱՀԿ գործող նախագահ, հույս ունի, որ 2010թ. բեկումնային տարի կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, եթե կողմերը հետեւեն պայմանավորվածություններին: «Հակամարտության կարգավորման համար մենք օգտագործում ենք մեր բոլոր հնարավորությունները. Աթենքում ձեռքբերված վերջին պայմանավորվածությունները եւ Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ տեղի ունեցած հանդիպումը լավատեսություն է ներշնչում»,- ասել է Սաուդաբաեւը: Ըստ նրա, տարածաշրջան կատարելիք իր այցի գլխավոր նպատակներից մեկն է՝ տեսնել ԼՂ հակամարտության կարգավորման խնդիրների ամբողջական պատկերը: «Դա Ղազախստանի` որպես ԵԱՀԿ նախագահի առաջնահերթ խնդիրն է, եւ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետաքրքրությունն այդ հակամարտության նկատմամբ չի նվազել: Մենք գիտենք հարցի նախապատմությունը եւ օգտագործում ենք բոլոր ռեսուրսները հակամարտության կարգավորման համար»,- ասել է Կ. Սաուդաբաեւը: