Այսօր Կառավարության Նիստերի դահլիճում տեղի է ունենալու Երկրապահ կամավորականների միության հերթական համագումարը: Սա այս կազմակերպության առաջին համագումարն է լինելու 2008 թվականի նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի իրադարձություններից հետո: Հիշեցնենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններից հետո Արցախյան ազատամարտի մասնակից բազմաթիվ ԵԿՄ անդամներ հայտարարեցին համաժողովրդական շարժմանը միանալու մասին, մարտի 1-ի իրադարձություններից հետո նրանցից շատերը հայտնվեցին անազատության մեջ: Ոմանք դեռեւս բանտում են: Այս ընթացքում ԵԿՄ-ն` որպես կազմակերպություն, ըստ էության, որեւէ դիրքորոշում չի արտահայտել կատարված իրադարձությունների, իր անդամների դատավարությունների մասին: Անցած մոտ երկու տարիներին ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը առիթից առիթ ընդամենը որոշ մտքեր է արտահայտել, որոնց իմաստն այն էր, որ «եթե պետք է, ԵԿՄ անդամները կարող են եւ նստել»: Այսօր ԵԿՄ համագումարը ամենայն հավանականությամբ նաեւ պաշտոնապես կարձանագրի այս «դիրքորոշումը». համագումարի արդյունքում ԵԿՄ վարչության կազմում չեն ընդգրկվելու վարչության գործող կազմի այն անդամները, ովքեր 2008 թ. նախագահական ընտրություններում պաշտպանել են ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը: Մեր տեղեկություններով, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը ԵԿՄ ակտիվիստներին արդեն ներկայացրել է այն մարդկանց ցանկը, որոնք այսօր պետք է «ընտրվեն» վարչությունում: Բավական է նշել միայն, որ ԵԿՄ գործող փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը նույնիսկ համագումարին մասնակցելու հրավեր չի ստացել: Բնականաբար, այս գործընթացը տեղի է ունենում ոչ առանց իշխանությունների միջամտության, եւ նպատակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս զարգացումներում ԵԿՄ-ն վերահսկելի դարձնելն է: Այդ դեպքում ԵԿՄ-ն իր դերակատարությամբ գրեթե կհավասարվի Հանրային խորհրդին: Այն չնչին տարբերությամբ, որ դրանում ընդգրկվածները ոչ թե «մտավորականներ» կլինեն, այլ ներկա եւ նախկին զինվորականներ: Սակայն, ի՞նչ տարբերություն: