Քլինթոնի հետ

17/02/2010

Կատարի մայրաքաղաք Դոհայում «ԱՄՆ-Իսլամական աշխարհ» ֆորումի շրջանակում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի եւ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ, որի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Դավութօղլուն Իրան մեկնելուց առաջ մասնակցել է մոտ մեկ ժամ տեւած այդ հանդիպմանը, որի ընթացքում կողմերը Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացից բացի՝ քննարկել են նաեւ կիպրական հիմնախնդիրը, Մերձավոր Արեւելքին, ահաբեկչության դեմ պայքարին, Իրանին եւ Իրաքին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետը խոսել է Հայաստանի Սահմանադրական դատարանի` հայ-թուրքական Արձանագրությունների վերաբերյալ կայացրած որոշման մասին` նշելով, որ այդ որոշմամբ գործընթացն անկում է ապրում եւ բարդություններ են առաջ գալիս: Էրդողանի խոսքով, Անկարան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դիտում է որպես Կովկասում խնդիրների համապարփակ կարգավորման գործընթացի մի մաս: Թուրքիայի վարչապետն ընդգծել է նաեւ այդ ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: