ԵԿՄ-ն կդառնա իշխանակա՞ն կառույց

17/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այսօր տեղի է ունենալու «Երկրապահ կամավորների միության» ութերորդ համագումարը: Կազմակերպության գրասենյակներում ու անդամների շրջանում կրքերը բավական լարված են:

Պատճառն այն է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը որոշել է կազմակերպության վարչության կազմում չընդգրկել նախորդ համագումարի ժամանակ վարչության անդամ ընտրված այն գործիչներին, ովքեր 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ միացան համաժողովրդական շարժմանը եւ մարտի 1-ի դեպքերից հետո բանտարկվեցին ու հալածանքների ենթարկվեցին: Մեր տեղեկություններով, Մանվել Գրիգորյանն արդեն ԵԿՄ-ի ակտիվիստներին է ներկայացրել այն անունների ցանկը, ովքեր այսօր դառնալու են նորընտիր վարչության անդամներ: Այդ ցանկում չկան ընդդիմությանը միացած նախկին անդամները, այդ թվում` ԵԿՄ փոխնախագահ Մյասնիկ Մալխասյանը: Վերջինս երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե համագումարի մասին իրեն ոչ մեկը տեղյակ չի պահել, եւ ինքը չի մասնակցելու այդ միջոցառմանը: Այսինքն՝ այսօրվա համագումարին չի մասնակցելու ԵԿՄ գործող փոխնախագահը: Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ նման իրավիճակում Մ.Մալխասյանը որոշի ընդհանրապես դուրս գալ ԵԿՄ-ից: Նա երեկ չցանկացավ խոսել ԵԿՄ-ի ու համագումարի մասին, միայն ավելացրեց, թե երկրապահ լինում են իրենց արած գործերով ու էությամբ եւ ոչ թե ընտրվելով: «Հետո կյանքն ամեն ինչ իր տեղը կդնի: Կարեւորն այն է, որ բոլորս կատարենք սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամները»,- եզրափակեց Մ. Մալխասյանը:

Մեր տեղեկություններով՝ Մ.Գրիգորյանը ԵԿՄ անդամներից շատերի հետ զրույցներում ասել է, թե կազմակերպության անդամ քաղբանտարկյալները բանտերից դուրս գալուց հետո ԵԿՄ գրասենյակ չեն այցելել: Դրա համար էլ նա վիրավորվել ու որոշել է նրանց վարչության կազմում չընդգրկել: Մյուս կողմից, երբ այդ նույն մարդիկ անազատության մեջ էին, ազատության մեջ գտնվող` ԵԿՄ ղեկավարներն առանձնապես չէին պայքարում իրենց ընկերների համար: Վերջիններս էլ այս հանգամանքով են բացատրում կալանավայրերից դուրս գալուց հետո ԵԿՄ գրասենյակ չգնալու պատճառը: Եվ ընդհանրապես մարտյան դեպքերից հետո ԵԿՄ ղեկավար կազմի, մասնավորապես՝ Մ.Գրիգորյանի նկատմամբ ընկալումը որոշ չափով փոխվել է: Նախընտրական ու հետընտրական շրջանում անընդհատ խոսվում էր, որ նա, թեեւ ոչ բացահայտորեն, սակայն համաժողովրդական շարժման հետ էր: Ըստ այն ժամանակ շրջանառվող խոսակցությունների, մարտյան իրադարձություններից հետո Մ. Գրիգորյանը սկսեց համագործակցել իշխանությունների հետ եւ ԵԿՄ-ն հեռու պահեց Հայ Ազգային կոնգրեսից: Եվ դրա արդյունքում էր, որ իշխանությունները թույլ տվեցին Մ.Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին, դառնալ Էջմիածնի քաղաքապետ: Մարտյան դեպքերից մի քանի ամիս անց նույնիսկ անեկդոտ էր շրջանառվում, թե «եթե իշխանափոխությունը մոտ լինի, գեներալ Մանվելից գաղտնի կպահեք»: Կարծիք կա, թե ԵԿՄ` այսօր ընտրվելիք վարչության կազմում ՀԱԿ-ի հետ կապ ունեցող գործիչներին չընդգրկելու հրահանգը տվել են իշխանությունները: Ավելին, իշխանությունները տասնյակ տարիներ շարունակ ու նաեւ այսօր ծրագրեր են կազմում ԵԿՄ-ն պառակտելու կամ հավասարակշռությունն իրենց կողմը շրջելու ուղղությամբ: Ու թեեւ ի սկզբանե այս կազմակերպությունը ստեղծվել է որպես ապաքաղաքականացված կառույց, բայց անուղղակի կերպով մասնակցել է Հայաստանի քաղաքական կյանքին: Իշխանությունները միշտ հաշվի են նստել ԵԿՄ-ի, նրա նախկին եւ ներկա ղեկավարների հետ, եւ դա է պատճառը, որ ուզում են վնասազերծված տեսնել այդ կառույցը: ԵԿՄ ու նաեւ ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, թե ԵԿՄ-ն Հայաստանով մեկ այնքան կառույցներ ունի, որքան չունեն «Հանրապետական» եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները միասին վերցրած: «Եվ դրանք սոսկ գրասենյակներ չեն: ԵԿՄ տարածքային գրասենյակներում մարդիկ են գնում, քննարկումներ են անում, եւ ոչ թե միայն ցուցանակը դրսից փակցված տարածքներ են: Այդ գրասենյակներն աշխատում են միշտ եւ ոչ թե ընտրություններից ընտրություն: Այսօրվա ԵԿՄ-ում միայն պատերազմի վետերանները չեն: Շատ երիտասարդ տղաներ են անդամակցել այդ կառույցին: Դա բավականին ուժեղ կազմակերպություն է»,- ավելացրեց Ա.Սարգսյանը:

Այսինքն՝ նաեւ այդ պատճառով են իշխանությունները միշտ ցանկացել վերահսկողություն ունենալ ԵԿՄ-ի նկատմամբ: Հատկապես հիմա, երբ ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացը բավականին լարված փուլ է մտել: Եվ չի բացառվում, որ ԵԿՄ եթե ոչ այսօր ընտրվող ղեկավարությունը, ապա պատերազմին մասնակցած շարքային անդամներն ընդվզեն ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի հնարավոր զարգացումների դեմ: Ահա թե ինչու են իշխանությունները այդքան շատ ցանկանում իրենց կողմից հնարավորինս վերահսկելի դարձնել ԵԿՄ-ն: Ա.Սարգսյանն ավելացրեց, որ այսօր մասնակցելու է համագումարին: Մեր տեղեկություններով՝ համագումարին մասնակցելու է նաեւ երկու շաբաթ առաջ կալանավայրից ազատ արձակված Մկրտիչ Սափեյանը:

Ի դեպ, Ա.Սարգսյանը մեզ հետ զրույցում երեկ անդրադարձավ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Լոնդոնում ունեցած ելույթին, ինչպես Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին ուղղված օդային ուղերձին: Ընդդիմադիր գործիչի կարծիքով՝ Ս.Սարգսյանի խոսքը թեեւ առերեւույթ հուսադրող էր, բայց բավականին լուրջ վտանգներ էր պարունակում: «Ես տեսնում եմ թե ելույթի, թե ուղերձի մեխերը, եւ իսկապես բավականին լուրջ վտանգ եմ տեսնում: Այդ ելույթից երեւում է, որ վտանգը տեսնում է նաեւ այսօրվա գործող նախագահը: Տպավորությունս այնպիսին էր, որ ավելի շատ արդարանում էր: Ցավով եմ դա ասում, որովհետեւ, էսպես թե էնպես, երկիրը ներկայացնում է Սերժ Սարգսյանը: Այդ ելույթում նաեւ հակասություն կար, որովհետեւ՝ երբ իշխանությունն ասում է, որ պետք չէ գործընթացները կապել միմյանց, եւ անմիջապես հետո ասում է, եթե հայ-թուրքական խնդիրը լուծվի, դա կօգնի նաեւ ԼՂՀ հարցը լուծելուն, հենց ինքն անուղղակի կապում է երկու գործընթացները: Տարբերությունը լինում է հետեւյալը` թուրքերն ասում են, թե՝ սկզբից լուծեք ԼՂՀ հարցը, հետո կբացենք սահմանը, մենք էլ ասում ենք, թե` սկզբից բացեք սահմանը, հետո մենք կլուծենք ԼՂՀ հարցը: Ու տպավորությունն այնպիսին է, որ հարցը լուծելու խնդիրներն այլեւս չկան, ուղղակի պետք է պարզվի, թե որ գործընթացը որից հետո պիտի լինի»,- ասաց Ա.Սարգսյանը: