Մերժել են` առանց հիմնավորելու

17/02/2010

Գլխավոր դատախազությունը մերժել է մարտիմեկյան իրադարձություններում զոհվածների հարազատների դիմում-բողոքը, որով նրանք վիճարկում էին Հատուկ քննչական ծառայության անգործությունը: Համոզմունք հայտնելով, որ սպանության հանգամանքների քննությունն իրականացվում է ոչ արդյունավետ, մեղավորները հայտնաբերված եւ պատժված չեն, դիմումատուները Գլխավոր դատախազությունից պահանջել էին քննչական ծառայության անգործությունը ճանաչել ոչ իրավաչափ, պարտավորեցնել այդ ծառայությանը` վերացնել անգործությունը, արդյունավետ քննություն իրականացնել: Բողոք-դիմումին միացել էին մարտի մեկի 10 զոհերից 9-ի իրավահաջորդները. միայն Ոստիկանության սպա Համլետ Թադեւոսյանի հարազատները չեն միացել` հիմնավորելով, որ կորցրել են հավատը ամեն ինչի նկատմամբ: Դատախազությունը դիմումը մերժել է «անհիմն» լինելու պատճառաբանությամբ:

Գրավոր մերժումը զոհերի հարազատների լիազոր-ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը ստացել է երեկ: Նա «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Դատախազությունը որեւէ կերպ չի հիմնավորել, թե ինչու է զոհերի հարազատների բողոքը համարում անհիմն: Այս դիմում-բողոքը Գլխավոր դատախազությանն ուղարկվել էր երկրորդ անգամ:

Առաջին անգամ դեկտեմբերին Դատախազությունը այն քննության չառավ, հիմնավորելով, որ Արտակ Զեյնալյանը չունի Հատուկ քննչական ծառայության կողմից հաստատված լիազորագիր` տուժողների իրավահաջորդների շահերը ներկայացնելու համար: Այնուհետեւ Զեյնալյանը ստացավ անհրաժեշտ փաստաթղթերը, նորից ներկայացրեց դիմումը: Բայց Գլխավոր դատախազությունը այս անգամ եզրակացրել է, որ զոհերի հարազատների վկայակոչած փաստերն անհիմն են: Զեյնալյանը նշել է, որ ակնկալում է ստանալ մերժման մանրամասն հիմնավորումները, որից հետո կորոշեն հետագա անելիքները: «Մեր վստահորդների իրավունքները պաշտպանելու ենք հնարավոր բոլոր մատչելի միջոցներով»,- հայտարարել է Զեյնալյանը: