Դիրքերս ամուր են

07/09/2005 Զրույցեց Մարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ

– Պարոն Սինոյան, բացառիկ երեւույթ է, որ թաղապետն առաջադրվում է
չորրորդ անգամ: Ինչի՞ց է գալիս նորից ընտրվելու Ձեր վստահությունն ու
ցանկությունը:

– Այս տարիների ընթացքում համայնքում ես բազմաթիվ ծրագրեր եմ իրականացրել,
եւ կան նոր սկսված ծրագրեր, որոնք ուզում եմ ավարտին հասցնել: Ես 9 տարի
թաղապետ եմ եղել եւ լավ ծանոթ եմ համայնքի բնակիչների ու նրանց խնդիրների
հետ: Եթե մեկը պիտի գա, նախ խնդիրներին ու աշխատանքին սկսի ծանոթանալ,
հետո նոր լուծումների մասին մտածի, ես այդ փուլը վաղուց անցել եմ: Հիմա
նորմալ տղամարդու նման ես ուզում եմ իմ սկսած ծրագրերն ավարտին հասցնել:

– Ի՞նչ նոր ծրագրերի մասին է խոսքը:

– Ես կառանձնացնեի մի քանի խնդիրներ, որոնց լուծումը նոր ենք սկսել: Դրանք
հիմնականում արտաքին ներդրումային ծրագրերն են: Այս վերջին երկու տարվա
ընթացքում Քանաքեռ-Զեյթուն համայնքում մոտ 3 մլն 800.000 դոլարի
ներդրումային ծրագրեր են իրականացվում: Պատկերացում կազմելու համար ասեմ,
որ մեր համայնքի բյուջեն մեկ մլն դոլարից քիչ է ավելի: Գերմանական «Կարմիր
խաչի» կողմից կառուցվում է «Հուսո տունը», որը հանգրվանելու է համայնքի
անապահով ծեր բնակիչներին, Շվեյցարիայի «Զարգացման գործակալությունը»
«Առաքելություն Հայաստանի» կազմակերպության միջոցով կառուցում է
հասարակական բաղնիքով, լվացքատնով եւ կենցաղային տնով մի համալիր: Այս
ծրագրերի հիմքերը նոր են դրվել եւ պետք է ավարտին հասցվեն: Առաջին անգամ
համայնքում կառուցվում են բազմաբնակարանային բարձրահարկ շենքեր.
Ուլնեցի-Պարույր Սեւակ խաչմերուկում առաջին շենքի հիմքերն արդեն գցված են:
Նախատեսված է կառուցել այդպիսի 4 շենքեր: Սա կթեթեւացնի համայնքի
բնակարանային խնդիրները: Թաղապետարանը կառուցապատողների հետ
համագործակցում է. մեր ներդրումը շենքին հատկացված հողակտորն է:
Կառուցապատողի հետ պայմանագրային պայմանավորվածություն ունենք, որ շենքերի
բնակարանների 50 տոկոսի բաշխումը պետք է շուկայական գներից 20 տոկոսով
էժան իրականացնի թաղապետարանը:

– Իսկ ի՞նչ ծրագրեր եք իրականացրել այս 9 տարիների ընթացքում, որ Ձեզ չորրորդ անգամ առաջադրվելու արժանի եք համարում:

– Այս տարի հանրապետական բյուջեից մայրաքաղաքին տրամադրված գումարներից
մեզ էլ բաժին հասավ եւ կրկնակի, եռակի բարեկարգման ու ասֆալտապատման
աշխատանքներ իրականացրինք: Քաղաքապետարանի հետ համատեղ ոռոգման ցանցի
վերանորոգման աշխատանքներ ենք կատարել, վերանորոգվել է 7-8 հազար մետր
խողովակաշար: Պահանջվող 77 մլն դրամից 34-ը տրամադրել է քաղաքապետարանը եւ
33-ը՝ թաղապետարանը: Սա մի հսկայածավալ ծրագիր է, որը կավարտվի
սեպտեմբեր-հոկտեմբերին եւ 90 տոկոսով կվերականգնի համայնքի ոռոգման ցանցը:
Ամբողջ մի հսկայական թաղամաս՝ Մինաս Ավետիսյանի 1, 2, 3, 4 փողոցներով
մինչեւ Ռուբինյանց փողոց, կառուցեցինք հեղեղատարը, եւ լուծվեց ջրահեռացման
ծրագիրը, Կամարակ թաղամասում էլ հեղեղատարը կառուցեցինք: Սրանք բավականին
լուրջ ու ծախսատար ծրագրեր են:

Քանաքեռ-Զեյթունը մայրաքաղաքի, կարող է` նաեւ հանրապետության, միակ
համայնքն է, որ ամբողջությամբ լուծել է զոհվածների ընտանիքների
բնակարանային խնդիրները՝ 57 բնակարան է հատկացրել այդ ընտանիքներին: Սա
սոցիալական լուրջ խնդիր էր մեզ համար: Հիմա պետք է լուծենք այդ
բնակարանների բարեկարգման հարցը: Այսօր արդեն ունենք լուրջ ձեւավորված
համայնք, որտեղ առանցքային շատ խնդիրներ արդեն իրենց լուծումն են ստացել:
Կարծում եմ, այս աշխատանքների շարունակականությունն ապահովելու համար ես
պետք է շարունակեմ աշխատել:

– Դուք այնպես ներկայացրիք, կարծես համայնքը խնդիրներ չունի, եւ բոլորը գոհ են Ձեզանից:

– Դա այդպես չէ: Մեր երկրում գոյություն ունեցող դժվարությունները
յուրահատուկ են նաեւ մեր համայնքին: Բնականաբար, դժգոհություններ շատ կան,
որովհետեւ այսօրվա վիճակն է դա թելադրում: Ես ինքս շատ լավ հասկանում եմ,
որ վերջնական լուծված չեն աղբահանության, շենքերի տանիքների վերանորոգման,
ճանապարհների բարեկարգման եւ շատ այլ հարցեր, բայց մենք աշխատում ենք մեր
հնարավորությունների սահմաններում: Օրինակ, համայնքն ունի բարեկարգելու,
ասֆալտապատելու ասենք մի 400 հազար քմ ճանապարհ, բայց մեր տարեկան պլանով
ու հնարավորություններով կարողանում ենք 12-14 հազար քմ-ն նորոգել:
Երեւանի համայնքները քաղաքապետարանի հետ ձեռնամուխ են եղել Մոսկվայից
«Զիլ» մակնիշի աղբատար նոր տեխնիկաների ներկրմամբ, սա որոշ չափով
կհեշտացնի աղբահանության խնդիրը: Այսօր ունենք մաշված տեխնիկական պարկ եւ
ֆինանսական խնդիրներ: Սա հենց այնպես, մի փայտիկի հարվածով չի լուծվում:
Եթե որեւէ մեկն ասում է, թե ինքը կգա ու այս հարցերը միանգամից կլուծի,
սուտ է:

– Իսկ ինչո՞ւ հապաղեցիք եւ վերջին օրով ներկայացրիք ձեր թեկնածությունը: Կարծիք կար, որ կարող է ընդհանրապես չցանկանաք մասնակցել:

– Հապաղելու խնդիր չկար: Ուշացավ, որովհետեւ թեկնածությունը ներկայացնելու
համար օրենքի պահանջով որոշ փաստաթղթեր էր պետք հավաքել, հարցումներ էինք
արել տարբեր կառույցների, եւ փաթեթը հավաքվել է օգոստոսի 23-ին, արդեն
24-ին ես առաջադրվել եմ:

– Մամուլում հրապարակումներ եղան, որ այս ընտրություններում ոչ մի
կուսակցություն կամ ազդեցիկ պաշտոնյա Ձեզ չի պաշտպանի: Չե՞ք վախենում, որ
Ձեր դիրքերը թույլ են, եւ կարող եք պարտվել:

– Իմ դիրքերը շատ ամուր են, եւ իմ կատարած աշխատանքի գնահատականը մենք
կտեսնենք ընտրություններից հետո: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս
կամ այն թեկնածուին պաշտպանում է ինչ-որ մի կուսակցություն կամ ազդեցիկ
մարդ, դա ինձ չի հուզում, որովհետեւ ինձ պաշտպանում է համայնքի
բնակչությունը: Այդ ամբողջ խոսակցությունները PR կոչվածի հետեւանք են, եւ
ես այդ էմոցիաներին չեմ տրվում, վստահ եմ, որ համայնքի ընտրողներն ինձ
կպաշտպանեն:

– Ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ Դուք ունեք ուժեղ հակառակորդներ՝ Արայիկ Քոթանջյան եւ Վալերի Հարությունյան:

– Ես ողջունում եմ, որ սոցիալ-քաղաքական այս դժվարին պայմաններում ինչ-որ
մեկը ցանկանում է առաջադրվել, բայց, ցավոք, թեկնածուների վարքագծի մեջ ես
չեմ տեսում այն նվիրվածությունը, թե իրենք ուզում են ծառայել համայնքին:
Եթե մեկն ինչ-որ մեկին ուզում է թաղապետ նշանակել, դա քաղաքական խնդիր է,
բայց դրա համար պետք չէ մամուլով սեւացնել իմ 9 տարվա աշխատանքները: Ես
այս համայնքը իմ պապերից չեմ ժառանգել, բայց երկար տարիներ աշխատելով այն
ինձ համար շատ հարազատ է դարձել: Ես իմ մեջ դեռ ուժ եմ գտնում լուծել
համայնքի որոշ խնդիրներ: