Ում գործն է դիվանագիտությունը

17/02/2010 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Պետությունների միջեւ միջազգային հարաբերությունները եւ արտաքին քաղաքականությունը մշտապես գտնվում են քաղաքագետների ուշադրության կենտրոնում: Այդ իսկ պատճառով ավելի քան պարադոքսալ է, որ դրանց հետ մեկ ամբողջություն, տրիպտիխ կազմող, բայց եւ այնպես՝ դրանցից տարբերվող դիվանագիտությունը որոշ առումով մնացել է հետազոտողների հետաքրքրությունների հետնաբակում: Մինչդեռ եւ՛ միջազգային հարաբերությունների, եւ՛ արտաքին քաղաքականության բոլոր կարգի դրսեւորումները առարկայանում են հենց այդ` դիվանագիտություն կոչվող գիտություն-արվեստի ինստիտուցիոնալ շրջանակներում: Չկա դիվանագիտություն, չկան միջազգային հարաբերություններ, չկա արտաքին քաղաքականություն: Պետական համակարգում արտաքին քաղաքականությամբ զբաղվում են շատերը: Սովորաբար այն երկրի ղեկավարի, Արտաքին գործերի նախարարության եւ օրենսդրական մարմինների հատուկ հանձնաժողովի մենաշնորհն է, ինչը սահմանված է օրենսդրական փաստաթղթերով եւ դրված է այդ նպատակով ստեղծված մեխանիզմների վրա: Առանձին դեպքերում գործադիր օրգաններին եւ կառավարության անդամներին եւս հանձնարարվում է միջազգային բնույթի կոնկրետ խնդիրների լուծման գործը: Եվ որքան զարգացած են երկիրն ու նրա դեմոկրատական ինստիտուտները, արտաքին քաղաքականությամբ զբաղվողների քանակը սահմանափակ է, իսկ որակը` բարձր: Առաջատար երկրներում այն պրոֆեսիա է, ոչ թե սիրողական ժամանց: Որքան երկիրն աղքատ է եւ չկայացած, այնքան քաղաքականությանը խառնվողների «բանակը» ստվար է: Արեւմուտքում շարքային քաղաքացիներից շատերը չգիտեն անգամ իրենց պետական գործիչներին եւ կառավարության անդամներին: Դա նրանց պետք էլ չէ: Այնտեղ շարժվում են «Թող ամեն մեկը զբաղվի իր գործով» սկզբունքով: «Անո՞ւմ է կառավարությունն իր գործը` թող անի: Եթե վատ անի, այն ժամանակ էլ կխառնվենք ու կպատժենք մեր հարկերը անտեղի մսխողներին»: «Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է» («Vox populi-Vox Dei»): Դարեր շարունակ այսպես են շարժվում Արեւմուտքում: Մի՞թե մենք փոխել ենք Քրիստոսին Մոհամեդով կամ Բուդդայով: Ուրեմն, Հին եւ Նոր աշխարհամասերում քաղաքականությունը «պարապ վախտվա խաղալիք չէ», իսկ մեր փոքրիկ Հայաստանում բոլորը քաղաքագետներ են` սկսած երկրի նախագահից, հարյուրի հասնող մեծ, միջին եւ գաճաճ կուսակցություններից, վերջացրած տաքսու վարորդով եւ կանաչի ծախողով: Եվ հետաքրքիրն այն է, որ ավտորիտար եւ տոտոլիտար ռեժիմների միջեւ հավասարակշռող մեր` Երրորդ Հանրապետությունում քաղաքական բազմակարծությունը տաբու չէ: Ընդհակառակը, այն չի արգելվում, ինչպես Ստալինի ժամանակներում կամ Օրուելի վիրտուալ հասարակությունում: Սակայն մտքի ազատությունը, դեմոկրատիան, մարդու իրավունքները մեր հինավուրց երկրում չափավորված եւ դոզավորված են թույլատրելիության սահմաններում, այսինքն` այնքան, որքան անհրաժեշտ է համերկրացիների ուշադրությունը ներքին կատակլիզմներից շեղելու եւ մտածողությունն անվտանգ հունի մեջ ստերջ պահելու համար: Այդ նպատակով էլ ստեղծված են ընդդիմության եւ այլակարծության դեմ պայքարի բիրտ, բայց լավ մշակված մեխանիզմներ, որոնց ստեղծումը հազիվ թե թերուս օրենսդիրների մտքի արտադրանքը կարելի լինի համարել: Եթերը խուլ է, փակ ամբարի կողպեքով, 50-60 հազար օրինակ մամուլը` կաթիլ է ծովի մեջ, էպիզոդիկ ցույցերի օգտակար գործողության գործակիցը ցածր է (սա քեզ համար ոչ Փարիզ է, ոչ էլ Նյու Յորք, ուր ավտոմոբիլաշինության արհեստագործական միությունները, բառիս լայն իմաստով, կործանեցին ամերիկյան արդյունաբերության այդ ծաղկուն ճյուղը), այս ամենին գումարեք քաղբանտարկյալներին, դատաիրավական վակխանալիան, որի ապոգեյը հանդիսացավ Փաշինյանի` ազգային խայտառակության վերածված վերդիկտը, ընտրական Սոդոմ Գոմորը, համատարած կոռուպցիան, եւ կստանաք այն պատկերը, որը կինոհերոսն անվանում է «ՍՈՐՑՌվՈ ՎՈրսՏՎ»: Այսպես ուրեմն, այս ամենի ֆոնին է գործում պետական արտաքին քաղաքականության մեքենան` լավ թե վատ, այս իրավիճակում են պետական այրերը ծրագրում երկրի միջազգային գործերը` վիճելի թե ոչ վիճելի: Հետո՞: «Հետոն» գալիս է այն պահին, երբ նրանց մտահանգումը փոխանցվում է արտաքին գերատեսչություն` ի կատարումն: Եվ այստեղ է, որ սկսվում է «ազգային ողբերգությունը», որից մինչեւ միջազգային կատակերգությունը, հաշվեք, թե մի քայլ է: Ինչպես ամեն մեծ ու փոքր գործ անհնար է կյանքի կոչել, շունչ ու մարմին հաղորդել՝ առանց անհրաժեշտ գործիքի ու շինանյութի, այնպես էլ մեր պետական այրերի ուղեղի արգասիքը հանդիսացող արտաքին քաղաքական մտորումները կմնան (արդեն իսկ մնում են) մեռած իդեաներ, քանի դեռ հանրապետությունում վատ է գործում (կամ էլ չի գործում) համապատասխան մեխանիզմը, որի անունն է՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ: Եթե Բաղրամյան փողոցի բարձունքում անգամ հրաշամանուկ ծնվի, Հանրապետական հրապարակի թալեյրաններն ու մետեռնիխները այն վերջիվերջո կվերածեն գորշ մկնիկի, ինչը եւ հաջողությամբ արվում է վերջին 10-12 տարում: