Անցյալի փորձից մենք գիտենք, որ Իրաքի մասին Ջորջ Բուշի
հայտարարությունները կարող են լինել իրավիճակի զարգացումների բարոմետր։
Որքան ԱՄՆ նախագահի խոսքում շատ է լավատեսությունը, այնքան ավելի շատ է
պետք պատրաստվել վատթարագույնին։ Բոլորը դեռ հիշում են, թե ինչպես նա
հաղթական տեսքով հայտարարեց՝ «Առաքելությունն իրականացված է», երբ
ամերիկյան զորքերը ներխուժեցին Իրաք։ Իսկ տհաճությունները դեռ նոր-նոր
սկսվում էին։
Տխուր արդյունքն այսօր շուրջ 2000-ի հասնող ամերիկյան զոհված զինվորներն
են եւ տասնյակ հազարավոր իրաքցի զոհերը։ Խոսելով նոր սահմանադրության
հարցում շիաների եւ քրդերի միջեւ ձեռք բերված փոխհամաձայնության մասին,
Բուշը շտապեց հայտարարել, որ այդ «Նշանավոր իրադարձությունը» «Հույսի
ժամանակաշրջանի» սկիզբն է։ Նա հուսադրող խոսքեր ասելիս ժլատ չէր եւ իր
մամուլի ծառայության ղեկավարին խնդրել էր հատուկ նշել «սահմանադրության
մեծ թվով հոդվածների շուրջ քննարկումների, երկխոսության եւ փոխզիջումների
միջոցով ձեռք բերված կարեւորագույն հաջողությունը»։
Իրականում ամեն ինչ քիչ այլ է։ Սահմանադրության նախագծում, որի ճշգրիտ
տեքստը գաղտնի է պահվում, որպես իրավունքի «հիմնական աղբյուր», գլխավոր
դեր ունի Իսլամը։ Բացի այդ, դրանում բոլորովին չի շոշափվում Կիրկուկի
խնդիրը, որը հիմա գտնվում է Իրաքի սուննիական հատվածում, եւ որի նկատմամբ
քրդերն արդեն պահանջներ են ներկայացնում։ Հարկ չկա հուսալու, որ, ինչպես
այդ մասին վստահաբար հայտարարեց Ջորջ Բուշը, Իսլամը երաշխավորելու է
փոքրամասնությունների եւ կանանց իրավունքները։
Իհարկե, հունվարի 31-ին ընտրված խորհրդարանը հավանություն կտա այդ
տեքստին, որովհետեւ այնտեղ չափազանց շատ են շիաներն ու քրդերը (215 տեղ՝
275-ից), քանի որ սուննիները մեծավ մասամբ բոյկոտել էին այդ
ընտրությունները։ Բայց հոկտեմբերի 15-ին նշանակված հանրաքվեով
սահմանադրության այդ տեքստը կարող է ձախողվել։ Ժամանակավոր օրենքով,
որպեսզի սահմադրությունն օրենքի ուժ ստանա, դրան կողմ պիտի լինի 16
գավառների ընտրողների երկու երրորդը։ Իսկ սուննիները, որոնց մեծ մասի
առաջնորդները հայտարարել են, թե սահմանադրության հավանության արժանանալու
դեպքում ապստամբություն կբարձրացնեն, գավառներից չորսում մեծամասնություն
են։
Սուննիներին սահմանադրական գործընթացում ներգրավելու անընդունակությունն
ԱՄՆ-ի քաղաքական ամենամեծ ձախողումն է եւ Սադամի կողմնակիցների ակնհայտ
հաջողությունը։ Դա կանխատեսելի եղավ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ը սկսեց սրել
իրադարձություններն ու միակողմանիորեն որոշում կայացնել, թե իրաքցիները
մինչեւ օգոստոսի 15-ն անպայման պետք է գան փոխհամաձայնության։
Ժամկետը մեկ շաբաթով երկարացնելն ակնհայտորեն բավարար չէր սուննիների
առաջնորդներին համոզելու համար, որ միանային շիաների ու քրդերի կազմած
դաշնային, թեոկրատիկ նախագծին։ 20-րդ դարի սկզբին անգլիացիների ստեղծած եւ
սուննիների գերիշխանության խորհրդանիշը համարվող «Արաբական
հանրապետության» նկատմամբ կարոտախտն ավելի ուժեղ գտնվեց։ Սրան էլ
գումարվեց մինչեւ վերջ կռվելու պատրաստ իսլամիստների եւ ՀԱՄԱՍ խմբավորման
վրիժառության վախը։ Չէ՞ որ ամսվա սկզբին արդեն սպանվել էին սահմանադրական
հանձնաժողովին մաս կազմած երկու սուննի։ Բայց եթե սուննիները կառչեն ուժեղ
կենտրոնացած պետության արդեն ուտոպիա դարձած գաղափարից, նրանք եւս
դատապարտված կլինեն ձախողման, եւ հակադրությունը հղի կլինի քաղաքացիական
պատերազմով։
Այժմ նրանք շանս չունեն մոտենալու սեւ ոսկուն, որը հոսում է քրդերի ու
շիաների գրպանը, մինչդեռ դաշնային նախագծի ընդունմամբ կարող էին նախապես
պայմանավորվել երկրի նավթային պաշարները բաշխելու մասին։ Այստեղ էլ
ժամանակ էր պետք, բայց ԱՄՆ-ը չցանկացավ դա հասկանալ եւ շտապեց արագացնել
փակուղի տանող քաղաքական այդ գործընթացը, որպեսզի հնարավորին չափ շուտ
զեկուցվեր՝ «Առաքելությունը կատարված է»։
Ապագայում միայն ավելի վատ է լինելու, ոչ միայն այն պատճառով որ
ամերիկացիների կորուստներն անընդհատ աճում են, իսկ ռումբերը, որոնց վրա
պայթում են ամերիկացի զինվորներն, անընդհատ դառնում են ավելի բարդ, այլ՝
որովհետեւ հոկտեմբերի 15-ի հանրաքվեով սահմանադրության ձախողումը սպառնում
է դանդաղ հասունացող քաղաքացիական պատերազմի նոր երակ բացել։ Միաժամանակ
այն կարող է դրդել քրդերին ու շիաներին՝ միակողմանիորեն ինքնավարություն
հռչակել։ Իսկ դա կբերի տարածաշրջանի իրավիճակի ընդհանուր ապակայունացման,
եթե հաշվի առնենք քրդական ինքնավարության ծրագրերի նկատմամբ Թուրքիայի
թշնամական վերաբերմունքը եւ Իրանի աճող միջամտությունն Իրաքի գործերին։
Բայց լավատես Բուշը սպասելու ժամանակ չունի, թեեւ նրա իրաքյան
քաղաքականությանը հավանություն է տալիս ամերիկացիների միայն 34 տոկոսը։ Եվ
միանգամից գալիս են մռայլ հիշողություններ այն մասին, թե 1968-ին որքան
քիչ էին Լինդոն Ջոնսոնի վիետնամական քաղաքականության աջակիցները։
ԺԱԿ ԱՄԱԼՐԻԿ , «Liberation»
Պատրաստեց Տիգրան ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԸ