Հեռանալ, մոռանալ

17/02/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Երկրի ղեկավարներից շատերը` Սփյուռքի նախարարության գոյությունն արդարացնելով, տարբեր ծրագրեր են իրականացնում` վստահ, որ դրանից հետո Սփյուռքի մեր հայրենակիցները միմյանց ձեռքից կխլեն դեպի Հայաստան ուղեւորվող օդանավերի տոմսերը: Սակայն ակնհայտ է. հատկապես մարդաշատ են Հայաստանից հեռացող ինքնաթիռները: Ասել, որ պետությունն անում է ամեն ինչ, որ գոնե Հայաստանում ծնված հայերը կարողանան վերադառնալ հայրենիք, խիստ չափազանցված է: Իրականությունն այն է, որ եթե յոթ միլիոն հայերից ոմանք Հայաստան այցելելու եւ արագորեն վերադառնալու ծրագիր էլ ունեն, ապա խոսքն ամենեւին Հայաստանում ծնվածների մասին չէ: Հիշենք. նրանք, ովքեր ծնվել են Հայաստանում եւ իրենց կյանքի լավագույն կեսը Հայաստանում անցկացնելուց հետո դժվար որոշում են ընդունել` հեռանալ հայրենիքից, Հայաստան չեն վերադառնա անգամ մահվան սպառնալիքով:

Մինչ վիճակագրությունը լռում է գնացած-ետ եկած հայերի մասին, հարցրեք հեռանկար ունեցող ցանկացած հայաստանցի երիտասարդի` ի՞նչ ծրագրեր ունի: Կտեսնեք` նա ծրագրեր ունի՛, բայց դրանք պատրաստ է իրականացնել Հայաստանից դուրս: Ավելին` Հայաստանից հնարավորինս հեռու: Իրենց զավակների անորոշ ապագայով մտահոգ ծնողներից շատերն ամեն ինչ անում են՝ ա) երեխային բանակից ազատելու, եւ բ) Հայաստանից հեռացնելու ուղղությամբ:

Դրսում բնակվող յոթ միլիոն հայության շարքերը համալրելու ցանկություն օրվա մեջ մի քանի անգամ հայտնում է մեզնից յուրաքանչյուրը: Այդ ցանկությունը ոմանք թարմացրեցին հատկապես ուրբաթ օրը, երբ քաղաքում տարածվեց հերթական ձերբակալության լուրը. ձերբակալել են «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին:

Եթե իրավապահները նրան ձերբակալեին` սառնասրտորեն ներկայացնելով մեղադրանքը կամ ձերբակալման հիմնավորումը, անմիջապես ապահովեին օրենքով սահմանված կարգով փաստաբանների ներկայությունը, հասարակությունը համբերատար կսպասեր իրադարձությունների զարգացմանը: Սակայն այն մեթոդը, որով ձերբակալվեց Ս. Սուքիասյանը (ոստիկանները ջարդուփշուր էին արել «Սիլ» կոնցեռնի գրասենյակը, ձերբակալման մասին տարածած Ոստիկանության հաղորդագրությունը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս), խոսում էր այն մասին, որ սա հերթական հաշվեհարդարն է: Ընդ որում` այս ձերբակալությունն է՛լ ավելի է ահագնացրել հանրապետությունում տիրող անորոշության, վախի մթնոլորտը:

Մարդկանց հասարակությունից մեկուսացնելու ձեւերը, որոնց հատկապե՛ս է նախապատվություն տալիս իշխանությունը, հուշում է, որ իրավապահների նպատակը ոչ այնքան մարդուն ձերբակալելն է, որքան նրա արժանապատվությունը հրապարակայնորեն ոչնչացնելը, նրան նվաստացնելը: Քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդկանց մեկուսացումը զգուշացում է բոլորին` գորշության, միջակության սահմանը չհատել, շատ չերեւալ` հակառակ դեպքում Քրեական օրենսգրքում բոլորի համար էլ համապատասխան հոդված կգտնվի:

Մարդիկ, ում ձերբակալում են, հաճախ որպես կանոն` անմեղ են: Այսինքն` ձերբակալում են ոչ այն հանցանքների համար, որոնք քրեորեն պատժելի են, այլ այնպիսի հանցանքների համար, որոնք չեն կատարել: Ժամանակին, երբ մարտի 1-2-ի իրադարձություններից հետո ձերբակալում էին Մուշեղ Սաղաթելյանին, Գագիկ Ջհանգիրյանին, Սասուն Միքայելյանին, իշխանությունները` պատվերով փողոց դուրս եկող ցուցարարների միջոցով, ակնկարկում էին, որ վերոնշյալ մարդիկ ժամանակին նորակոչիկների սպանություններ են կոծկել (Գագիկ Ջհանգիրյան), դաժան են վարվել կալանավորների հանդեպ (Մուշեղ Սաղաթելյան), վայելելով իշխանությունների աջակցությունը` ապօրինություններ են թույլ տվել (Սասուն Միքայելյան): Սակայն այդ մարդկանց գլխից մի մազ չի պակասել պաշտոնավարության ընթացքում: Ժամանակին նրանց թույլ է տրվել անել այդ ամենը: Իսկ հետո պատժել են արդեն չարած հանցանքի համար: Ընդ որում, եթե հիշենք, վերոնշյալ մարդկանց եւ ոչ միայն նրանց, ձերբակալել են ակնհայտ կոպտությամբ, արժանապատվության հրապարակային նվաստացմամբ: Ձերբակալության ողջ հմայքը եւ վրեժխնդրության նրբությունը հենց դա է: Վախ, անորոշություն: Մեր երկրի ներքին քաղաքականության հիմքում դրվել է ամենավտանգավորը` սեփական քաղաքացիներին արժանապատվությունից զրկելը: Պետությունից պաշտպանվելու այլ ելք շատերի մոտ չի մնում, եթե ոչ հավաքել ճամպրուկներն ու գնալ` ուր աչքդ է կտրում:

Իրական հանցագործները իրավապահների ուշադրությունից դուրս են: Այս համակարգի համար նրանք վտանգավոր չեն: Վտանգավոր են նրանք, ովքեր կարող են մտածել, փորձում են իրենք իրենց արժանապատվությունը պաշտպանել սեփական գիտելիքով, ֆինանսապես ապահովված են, սակայն՝ սեփական արդար աշխատանքով, հետեւաբար կարող են իրենց թույլ տալ չքծնել քառակուսի մտածողություն ունեցող չինովնիկներին: Հասկանալի է` ապարդյուն, սակայն փորձում են: Եվ այս կոնտեքստում չենք կարող ակնկալել, որ հայրենիք կվերադառնան նրանք, ովքեր երբեւէ հաջողացրել են փախչել: Չենք կարող նաեւ ասել, թե մեր հայրենակիցների վերադարձի համար պայմաններ են ստեղծվում: Պետություններն այսօր նախեւառաջ փորձում են հզորանալ` ի հաշիվ մարդկային ռեսուրսի, բարոյական հասարակության: Մեր երկրում ՀՀ շարքային քաղաքացիները կարծես ընկալվում են որպես բեռ պետության վրա, որոնցից պետք է ազատվել րոպե առաջ: Նրանք, ովքեր մնում են, բայց ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ անդամ են, կարող են շարունակել անվրդով մնալ. նրանք կանխատեսելի են, մտածում են իրենց կուսակցությունների առաջնորդների ցանկությամբ: Նրանց ցանկությամբ էլ դադարում են մտածել: Հասարակության ապակուսակցական մասը, որ դեռեւս շարունակում է մնալ երկրում, մնալուն զուգահեռ` ավելի է հուսահատվում: Շատերը մեկուսանում են պետությունից: Ոմանք դեռեւս փորձում են պայքարել: Վերջիններս հենց պետության տեսադաշտում են: Այսպիսի մարդկանց դեմ է աշխատում պետական մեքենան: Նրանց ետեւից եւս կարող են գալ,,,