Ծեծկռտուք դիվանագետների միջեւ

17/02/2010

Փետրվարի 14-ին, Կատարում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպման ժամանակ թուրք եւ ամերիկացի դիվանագետների միջեւ տեղի է ունեցել բախում: Նախապես պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԱՄՆ պետքարտուղարի եւ Թուրքիայի վարչապետի հանդիպմանը 20 րոպե էր հատկացվելու, սակայն այն մոտ մեկ ժամ է ձգվել: «Սաբահի» փոխանցմամբ` դռների մոտ հանդիպմանը հետեւող՝ Կատարում ԱՄՆ դեսպան Յոզեֆ Լեբարոն խնդրանքով դիմել է թուրքական կողմի ներկայացուցիչներին` ասելով. «Մենք Կատարի էմիրի հետ հանդիպում ունենք, հաղորդեք, որպեսզի հանդիպումն ավարտեն»: Սակայն թուրքական կողմը հրաժարվել է իրականացնել դեսպանի խնդրանքը, ինչի հետեւանքով վերջինս խիստ զայրացել է: Լեբարոն գնացել է դեպի այն դուռը, որտեղ տեղի է ունեցել Քլինթոն-Էրդողան հանդիպումը, եւ բռունցքներով հարվածել դռանը: Թուրք դիվանագետները փորձել են հանգստացնել դեսպանին, ինչին ի պատասխան՝ դեսպանն ասել է. «Ավարտե՛ք հանդիպումը, դուք այդքան էլ կարեւոր չեք, էմիրի հետ հանդիպումն ավելի կարեւոր է»: Դեսպանի արտահայտությունների հետեւանքով` վերջինիս եւ Էրդողանի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր խորհրդական Ֆուադ Թանլայի միջեւ տեղի է ունեցել բախում: «Դու չես համարձակվի վարկաբեկել իմ երկիրը: Թե այնտեղ ով է մեծ եւ կարեւոր, ոչ մեկը չի կարող որոշել: Ես քեզ դա թույլ չեմ տա»,- ասել է Թանլայը: Ըստ լուրերի` դիվանագետները միմյանց քաշքշել են, եւ աղմուկը լսվել է նույնիսկ այն առանձնասենյակում, որտեղ տեղի է ունեցել Քլինթոնի եւ Էրդողանի հանդիպումը: