Օրերս Հրազդան քաղաքում սոցիալական թեմայով ցուցահանդես բացվեց:
Արվեստագետներից շատերն ասում են, որ մեր օրերում մարդու արժեքը զրոյացվել է: Եվ ոչ այն պատճառով, որ մարդն ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում, այլ, որովհետեւ մարդը չի դառնում գրական կամ գեղարվեստական այնպիսի նյութ, որի միջոցով մարդուն կարելի է ներկայացնել որպես արժեք: Մեզանում քիչ չեն այն մարդիկ, ովքեր քայլող պատմություններ կամ կերպարներ են, սակայն նրանց արվեստի կամ գրական նյութ դարձնելու համար սուր աչք է պետք: Հետեւաբար, եթե շատ արվեստագետներ հակված են հորինվածքի կոնցեպցիան վերծանել որպես գրական կամ գեղարվեստական նյութ, ապա սուր ու խորությամբ ընկալող աչքն ու հոտառությունը շատ դեպքերում վերարտադրում է նատուրալիզմը: Առհասարակ նատուրալիզմի արտահայտությունը բնությունն է, դրա համար էլ նատուրալ արվեստի մեջ մեզնից յուրաքանչյուրը գտնում է իրեն: «Մեր փողոցներում, մեր հասարակության մեջ կան այնպիսի մարդիկ, կերպարներ, որոնց պարզապես վախենում ենք խորությամբ նայել, որովհետեւ նրանց մեջ տեսնում ենք ինքներս մեզ»,- ասում է գրող Արամայիս Գարեգինյանը, ով ներկա էր Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում բացված գեղանկարչուհի Արմինե Աթոյանի անհատական ցուցահանդեսին: «Մեծ քաղաքի փոքրիկ մարդիկ» խորագիրն ընտրած նկարչուհին ներկայացրել է ոչ միայն իր գեղանկարչական գործերը` դիմանկար, պեյզաժ, նատյուրմորտ, այլեւ ցուցասրահում հետաքրքիր կոլաժներով ամբողջացրել է իրենց քաղաքի հայտնի մարդկանց: Հայտնիները նրանք չեն, ովքեր հարստություն, պաշտոն կամ համբավ ունեն. դրանք կյանքի հատակում հայտնված այն մարդկանց կոլաժ-ֆիգուրներն են, որոնց բոլորին էլ ճանաչում են հրազդանցիները: Արեւածաղիկ վաճառող կինը, շշեր հավաքող ու հանձնող տղամարդը, փոքրիկ տղան` «Կյաժոն», ալյուրի պարկ բեռնող Արթուրը, անդամալույծ ծերուկն իրենց կերպարներով այս քաղաքի կոլորիտն են ամբողջացնում: «Նրանք աղքատ ու անօգնական են, եւ այս մարդկանց ամեն օր կարելի է տեսնել մեր քաղաքի փողոցներում: Շատ դեպքերում օրվա հացի գումարը չեն կարողանում վաստակել, ապրում են թշվառության ու քաղցի պայմաններում: Բայց ինձ համար էն կերպարներն են, որոնց մեջ խորություն կա: Օրինակ` մեկը շիշ հավաքող-հանձնող մարդ է, բայց ինձ համար լավ փիլիսոփա, մտածող է, մյուսը` լավ շախմատիստ է, էն մյուսն աննկարագրելի աշխատասեր մարդ է: Այսինքն` ես նրանց մեջ գտել եմ արժեքներ, որոնք իրենք չեն կարողացել զարգացնել կյանքի դժվարություններից ելնելով»,- ասում է Ա. Աթոյանը` ներկայացնելով թղթե ֆիգուրների մեջ արտացոլված մարդկանց պատմությունները:
Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնց ամեն օր տեսնում ենք, բայց նրանց ուշադրություն ենք դարձնում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը մեզ «մատուցում» է նրանց. «Իմ հերոսները միայն ինձ համար ֆիգուրներ չեն, նրանք նաեւ իմ ընկերներն են, որովհետեւ հաճախ գալիս են արվեստանոց՝ զրուցելու, շփվելու, շախմատ խաղալու: Ցուցահանդեսի միջոցով ցանկացա ներկայացնել նրանց, ու մարդկանց կոչ անել կամ նույնիսկ խնդրել, որ գթասիրտ լինեն, կարեկցեն եւ ուշադրություն դարձնեն կարիքի մեջ ապրող մարդկանց»,- ասում է Ա. Աթոյանը` ավելացնելով, որ օգնության ձեռք մեկնել կարելի է ոչ միայն նյութական աջակցությամբ, այլեւ` խոսքով, ջերմ վերաբերմունքով: Հրազդանի այս հայտնի մարդիկ խեղված ճակատագրեր են, որոնք նաեւ Երեւանում ու Հայաստանի այլ վայրերում են ապրում: Նրանք մեր իրականությունն են, որոնց տեսնելու ընդունակությունը մենք հաճախ կորցնում ենք պատրանքի մեջ ապրելու պատճառով: Պատրանքի ու իրականության սահմանագիծը խեղաթյուրվել է, որովհետեւ մենք թեեւ ապրում ենք ցավոտ իրականության մեջ, այդուհանդերձ ընտրել ենք պատրանքը` հեշտ ու անհաղորդ ապրելու համար: «Կենցաղում նրանց տեսնում ենք աղբը քչփորելիս, մուրացկանություն անելիս, ընչազուրկ, աղքատ: Շատ դեպքերում նրանց չենք նկատում: Իրականության մեջ մենք ավելի շատ թամաշա անողներ ենք: Հիմա, էս ցուցասրահում նույն մարդկանց կերպարները տեսնելիս հուզվում, ազդվում ենք ու որոշում ենք քայլ կատարել»,- նկատում է ցուցասրահի այցելուներից մեկն, ով նկարչուհու այս ցուցահանդեսի շարժառիթը համարում է համարձակ ու անվախ: Աշխարհի, աղքատության վերքը տեսնելու նկարչուհու համարձակությունը ցուցահանդեսին ներկա նկարիչները գնահատում են իբրեւ հումանիզմի դրսեւորում. «Մարդը վախկոտ արարած է, վախենում է իր ապագայից: Մարդն ամեն ինչի մեջ իր ապագան տեսնում է, ու էս կերպարների ճակատագրերի մեջ մենք վախենում ենք նաեւ մեր համար, որովհետեւ ոչ ոք ապահովագրված չէ աղքատությունից, հիվանդությունից ու շրջադարձներից: Էս երեւույթները կյանքի հայելին են, որտեղ արտացոլվում ենք մենք: Մենք վախենում ենք այդ հայելու մեջ մեզ տեսնելուց: Սա մեր քաղաքի իրականությունն է, որին նայելիս մենք վախենում ենք: Էս բավականին երիտասարդ աղջիկը համարձակվել է էդ իրականության մեջ մեզ նայելու հնարավորություն տալ: Նայել շատ դեպքերում նշանակում է՝ հաղթել»: Հասարակության հայելին արվեստը, գրականությունն ու տեղեկատվական միջոցներն են: Նկարչուհու արվեստի միջոցով այդ հայելու վրա խնամքով դրված շղարշը «պատռելու» փորձը հաջողվեց. ոչ այն պատճառով, որ քաղաքի կերպարները վրձնի հարվածով դարձել են գեղարվեստական արժեքներ, այլ` գուցե նրանով, որ «հայտնի» լինելու մեր ընկալումների կարծրատիպը կոտրվեց: Ցուցասրահում ամբողջացված քաղաքի հայտնիները դարձան այն մարդիկ, ովքեր աղքատ են, բայց կրթված, վաստակում են շիշ հանձնելով, բայց լավ շախմատիստ են, մուրացկանություն են անում, բայց պատերազմում հաղթել են կամ առհասարակ լավ մարդիկ են: Նրանք իրականության մեջ ու ամեն օր մեր տեսադաշտում գտնվող հայտնիներն են, որոնց ամենաշատն ենք տեսնում, բայց որոնց ամենաքիչն ենք ուշադրություն դարձնում: Ավելորդ է այս ցուցահանդեսի գործերը դիտարկել որպես գեղարվեստական արժեք, որովհետեւ կարելի է դրանց վարպետությունն ու պրոֆեսիոնալիզմը երկար վերլուծել ու հղկելու, աշխատելու թերություններ գտնել: Ցուցահանդեսը Հրազդան քաղաքի սոցիալական վիճակի արտացոլանքն է: Ա. Աթոյանը ընտրել է մի թեմա, որով հուզել է, իսկ մեր օրերում մարդկանց` մարդկանցով հուզելու արտահայտչամիջոցներ շատ չես գտնի: Մենք ապրում ենք աղքատության մի մեծ խմբավորված պատկերի մեջ, որտեղից ինքներս մեզ հեռացրել ենք ու տարածությունը բաժանել ենք աղքատների եւ հարուստների միջեւ: