Բուժիչ նամակներ

17/02/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Այսօրվանից սկսվում է Մեծ պահքի շրջանը, որը տեւելու է 48 օր` մինչեւ Ս. Հարության տոնի նախօրեն: Սուրբ Հարության տոնը կնշվի ապրիլի 4-ին: Այս շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք: Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլ նաեւ` շատ սովորություններից`շատախոսություն, ստախոսություն, հայհոյանք եւ այլն: Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է եւ ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում եւ չի հոգնում»,- ասում է Գրիգոր Տաթեւացին:

Տարեցտարի ավելանում է պահքի մեջ գտնվողների քանակը: Եթե դիտենք սնվելու տեսակետից, ապա հավատացյալները հետեւում են բուսակերության տարբեր աստիճանի սահմանափակումների: Բուսակերության դրական կողմը մթերքի մեջ պարունակվող մեծ քանակության սննդային բնական հավելումներն են, կալիումը, վիտամիններն, ինչպես նաեւ կենդանական ճարպերի բացակայությունն ու խոլեստերինի պակասը: Իհարկե, բուսակերությունն ունի նաեւ իր բացասական կողմը: Օրինակ` դրանց թվին են պատկանում երկաթի ոչ լրիվ յուրացումն օրգանիզմի կողմից եւ վիտամին B12-ի պակասը, ինչը կարող է հանգեցնել անեմիայի զարգացմանը: Բացասական կողմերից մեկն էլ այն է, որ օրգանիզմում առաջացած վիտամին D-ի պակասի պատճառով կալցիումը օրգանիզմում լավ չի յուրացվում, որից ոսկորները դառնում են ավելի փխրուն: Հատկապես երեխաների մոտ սկսում է շատ օգտակար ու առողջարար էլեմենտների ու վիտամինների պակաս: Այնպես որ, հղիներին, կերակրող մայրերին, երեխաներին, տարեցներին ու հիվանդներին խորհուրդ չի տրվում հետեւել պահքի շրջանում սննդային սահմանափակումներին կամ ավելի ճիշտ՝ ուղղակի հակացուցված է:

Մեծ պահքի 7 ոսկե կանոնները

Ինչ կարող ենք անել մեր օրգանիզմի համար, որպեսզի խուսափենք սթրեսներից, որ երբեմն անխուսափելի են սննդային խիստ սահմանափակումների ժամանակ, եւ որպեսզի ապահովենք մեր օրգանիզմը կենսական անհրաժեշտության օգտակար նյութերով: Առաջին կանոնը հնարավորինս բազմազան ու բազմատեսակ ուտելիքն է: Մեր օրգանիզմը սովոր է ընդունել միս, երշիկ, թխվածք, պիցցա եւ այլն: Իսկ հիմա հանկարծ դադարում է նման սննդատեսակների մուտքը օրգանիզմ, բնականաբար, հնարավոր չէ երկար ժամանակ սնվել միայն կարտոֆիլով կամ հատիկավորներով: Բայց չէ՞որ միայն ընդեղենը չէ, որ կարող է հագեցնել քաղցն ու ուտելու ցանկությունը: Կարելի է օգտագործել բանջարեղեն` խաշած, շոգեհարած, տապակած ու մարինացված վիճակում: Մի խոսքով, պետք է աշխատել, որ մի օրվա կերակրացանկը նման չլինի հաջորդ օրվա կերակրացանկին: Հաջորդ պայմանն այն է, որ պետք է ապահովել օրգանիզմը սպիտակուցներով: Չէ՞որ մեր օրգանիզմը սովոր է ստանալ սպիտակուցներ՝ կաթնամթերքի, մսամթերքի ու ձվի միջոցով: Իսկ այժմ այն պետք է փոխարինել պարզապես ընդեղենով, ընկույզի տարբեր տեսակներով: Իսկ սոյան եւ վերջին տարիներին ի հայտ եկած բազմապիսի սննդատեսակներն ուղղակի, կարելի է ասել, սպիտակուցների անսահման շտեմարան են: Սունկը եւս շատ սպիտակուցներ է պարունակում, իհարկե, չարժե տարվել դրանով, որովհետեւ այն ամեն դեպքում օրգանիզմի կողմից դժվար է յուրացվում ու մարսվում, իսկ դա հավելյալ սթրես է ստամոքսի համար: Պահքի շրջանում, այն օրերին, երբ կարելի է ծովամթերք ուտել, անպայման օգտվեք այդ հնարավորությունից: Հաջորդ կանոնն այն է, որ այս շրջանում անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունն ու տոնուսը, ինչում կօգնեն վիտամինները` ցիտրուսային մրգեր, բանան: Այս օրերին բանջարեղենից ամենաշատը պետք է օգտագործել կաղամբ: Կարեւոր է չմոռանալ սոխի ու սխտորի մասին: Շատ օգտակար է տարբեր չրերից պատրաստված եփուկներն ու մասուրի հյութը: Ճիշտ է, սուրճը շատ լավ էներգետիկական ըմպելիք է, բայց պահքի շրջանում չարժե չարաշահել, քանի որ կարող է օրգանիզմին վնաս հասցնել: Այս ժամանակահատվածում միայն կիրակի օրերին կարելի է խաղողի գինի խմել: Հետո սննդամթերքի ջերմաստիճանը պետք է նորմալ լինի` ոչ սառը, ոչ տաք: Հաջորդ կանոնը հեղուկի անհրաժեշտ քանակության ընդունումն է: Պետք է խմել սովորականից մի քիչ ավելի, քանի որ պահքի շրջանում օրգանիզմից դուրս են գալիս խարամներն, ու երիկամների աշխատանքն ակտիվանում է: Կարելի է խմել ամեն ինչ, բացի, իհարկե, ալկոհոլից: Խիստ պահքի դեպքում օրգանիզմը զրկվում է կենդանական ճարպ ստանալու հնարավորությունից (կան նաեւ օրեր, որ բուսական ճարպերից եւս զրկվում է), այս դեպքում պետք է շատ ուտել արեւածաղիկ: Իսկ ընդհանրապես աշխատեք օգտագործել ոչ ռաֆինացված ձեթ: Եվ կա մի կարեւոր հանգամանք եւս. պահքի շրջանում աշխատեք ինքներդ ձեզ համար պատրաստել, որովհետեւ այդ ժամանակահատվածում օրգանիզմը հարմարվում է հենց այն սնունդին, որը պետք է ինքն ընդունի, եւ ոչ թե` որը սովոր է ընդունելու: