Շատերն են դեռ հիշում, թե խորհրդային տարիներին հայերն ինչ վատ
համբավ ունեին Ռուսաստանում։ Նրանք հերթ չէին կանգնում, չէին ենթարկվում
կարգուկանոնի ընդունված պահանջներին եւ մշտապես արժանանում էին ռուսների
զայրացած դիտողություններին՝ «օպյած էտի արմյանե»։ Չեմ կարծում, թե հիմա
հայերիս պահվածքում շատ բան է փոխվել, բայց որ ռուսներն են հայ դարձել,
փաստում է բրիտանական «THE DAILY TELEGRAPH» պարբերականը։
«Հիմա գերմանացի զբոսաշրջիկներն, ովքեր նախկինում պայքարում էին
անգլիացիների հետ ծովափնյա արեւի տակ իրենց տեղն ունենալու համար, նոր
թշնամի են ձեռք բերել։ Ռուս զբոսաշրջիկների բանակները հիմա ներխուժում են
գերմանացիների սիրած վայրերը»,- գրում է պարբերականը։
140 եվրո արժողությամբ ուղեգրերը, որն առաջարկում են տուրիստական
գործակալությունները, մեծ պահանջարկ ունեն Ռուսաստանում, եւ միլիոնավոր
ռուսներ հիմա հանգստանում են Թուրքիայի ու Եգիպտոսի ծովափերում, որոնք
վաղուց յուրացված էին գերմանացիների կողմից։
Վկայակոչելով գերմանական մամուլը, «THE DAILY TELEGRAPH»-ը գրում է, թե
ռուսները գողանում են հյուրանոցների փոքրիկ գորգերը, լողավազանների մոտ
խարույկ են վառում եւ, որ ամենասարսափելին է, իրենց երեխաներին
սովորեցնում են շվեդական սեղանից խաշած ձվեր գողանալ։
«Նրանց կանայք նման են պոռնիկների, իսկ տղամարդիկ իսկական գյադեք են։
Դրանք Մայորկայում հանգստացող անգլիացիներից էլ վատ են»,- այսպես է իր
զայրույթն արտահայտել գերմանացի մի զբոսաշրջիկ։
«Ռուսները… Դա մղձավանջ է։ Նրանք անդաստիարակ են, ամբոջ օրը խմում են ու
գոռում»,- ասում է մեկ այլ հանգստացող։ Գերմանացի մի կին, ով իր հանգիստն
է անցկացրել Միջերկրական ծովի թուրքական ծովափերից մեկում, ռուսներից
ահավոր վատ տպավորություն ունի։ Նա պատմում է, թե ինչպես են ռուսները
պատերազմում գերմանացիների հետ ծովափնյա մահճակների համար։ «Ես ստիպված էի
առավոտյան շատ վաղ գնալ ծովափ, քանի դեռ ռուսները չէին գրավել բոլոր
մահճակները»,- ասում է նա։ Իսկ նրա ամուսինը շարունակում է.
«Եթե անգամ դուք արդեն դրել եք ձեր սրբիչն ու մյուս իրերը մահճակի
վրա, նրանք գալիս-շպրտում են։ Նրանք չգիտեն, թե ինչ է քաղաքավարությունը»։
Գերմանական հանդեսներից մեկը տալիս է ռուս զբոսաշրջիկի մանրամասն
նկարագրությունը, որն, այդ հրատարակության հավաստմամբ, նման է Երկրորդ
Համաշխարհայինի ժամանակների T-34 սովետական տանկի։ «Նա ծանրքաշային
ըմբշամարտիկի ձեռքեր ունի, ոտքերը վառարանի խողովակների են նման։ Խմել նա
սկսում է վաղ առավոտից, ծխել կարող է ուզած տեղում եւ սովոր չէ ներում
խնդրելու»,- գրում է գերմանական հանդեսը։ Կենտրոնանալով ռուսաստանցի
տուրիստների եւ նրանց գնողունակության վրա, ծովափնյա կրպակները, որոնք
նախկինում միայն լողազգեստ էին վաճառում, հիմա արդեն անցել են մորթեղենի։
Հանգստավայրերի մեծ մասում արդեն ավելի շատ են ռուսները, քան
գերմանացիները։ Անցած տարի Թուրքիայում մեկուկես միլիոն ռուս է
հանգստացել, իսկ Եգիպտոսում՝ կես միլիոն։
Վախենալով ռուս-գերմանական ծովափնյա հարաբերությունների հետագա
սրացումներից, գերմանական տուրիստական առաջատար օպերատորներից մեկը՝
NECKERMANN-ն, առաջարկել է տուրիստներին առանձնացնել՝ ըստ ազգային
պատկանելության։ NECKERMANN-ի ներկայացուցիչն այսպես է ձեւակերպել իր
առաջարկը.
«Թող լինեն առանձին հյուրանոցներ՝ ռուսների եւ հատուկ հյուրանոցներ՝ այլ
երկրներից եկած տուրիստների համար։ Առաջին հերթին դա վերաբերում է միջին
եւ ցածր կարգի հյուրանոցներին»։
Տ.Պ.