Կասկածելի ձերբակալություն

14/02/2010

Երեկ ժամը 16:00-ի սահմաններում մոտ 1 տասնյակ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ կոտրելով Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ Գրուպի» կենտրոնական գրասենյակի դռները, «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանին բերման են ենթարկել Ոստիկանության Էրեբունու բաժին: Ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել միայն երեկոյան, ընդ որում, որպես ձերբակալության ժամ՝ Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվել է ժամը 18:00-ն: Իսկ ըստ այդ հաղորդագրության, երեկ ժամը 17:30-ին (այսինքն` իրականում Սուքիասյանին բերման ենթարկելուց մոտ 1,5 ժամ անց) Ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել «Աուդիտ» ՍՊԸ տնօրեն Գոռ Դավթյանը եւ հայտնել, որ 2008թ. հոկտեմբերին իրեն պատկանող «Բյուրեղ» ՓԲԸ-ի 41% բաժնետոմսերը վաճառել է Սարիբեկ Սուքիասյանի կնոջը` Ասպրամ Տոնոյանին: 2009թ. նոյեմբերին ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից գործարքն անվավեր է ճանաչվել, ինչից հետո ՓԲԸ-ում հայտնվել է նոր բաժնետեր, որը ցանկություն է հայտնել գնել իրեն պատկանող բաժնեմասերը: Այդ մասին Ս. Սուքիասյանին տեղյակ պահելու նպատակով Գոռ Դավթյանը երեկ ժամը 13:00-ի սահմաններում գնացել է «Սիլ Գրուպի» գրասենյակ, որտեղ Սուքիասյանն ու «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշ Ստեփանյանը սպանության իրական սպառնալիքների տակ նրան պարտադրել են ստորագրել բաժնեմասերի հետ կապված որոշ փաստաթղթեր: Վերջինս Սուքիասյանի հետ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Մեր տեղեկություններով` «Բյուրեղ» ընկերության 10%-ի սեփականատեր է նաեւ ՀՀ գյուղնախարարությունը, որն էլ այս մասին իմանալով` հայցով դիմել է դատարան` 2008թ. տեղի ունեցած այս գործարքը չեղյալ հայտարարելու համար: Դատարանի վճռով գործարքը չեղյալ է համարվել:

Գ. Դավթյանը Սուքիասյաններին առաջարկել է շահագործել ընկերությունը, մինչեւ կհարթվի Գյուղնախարարության հետ խնդիրը, քանի որ մինչ այդ արդեն ստացել էր գումարը: Իսկ առքուվաճառքի ձեւակերպումը առաջարկել է թողնել հետագային:

Մեր տեղեկություններով երեկ` Գ. Դավթյանն ինքն է զանգահարել Ս. Սուքիասյանին, գնացել «Սիլ Գրուպ» ու առաջարկել ինչ-որ հարցեր պարզել: Ընթացքում կարճ ժամանակով դուրս է եկել գրասենյակից եւ բջջային հեռախոսով ինչ-որ հաղորդագրություն է ուղարկել: Րոպեներ անց գրասենյակ են ներխուժել ոստիկանները: Ըստ մեր աղբյուրի` «Սիլ Գրուպում» տեղադրված տեսախցիկները ձայնագրել են Գ. Դավթյանի ու Ս. Սուքիասյանի խոսակցությունն ու ոստիկանների ներխուժումը: Իսկ երեկ մինչեւ ուշ երեկո Սուքիասյանների գրասենյակը պաշտոնապես որեւէ կերպ չէր արձագանքել կատարվածին: Թերեւս, նաեւ այն պատճառով, որ Սուքիասյանի փաստաբաններին մինչեւ ժամը 21:00-ը թույլ չէին տվել հանդիպել նրա հետ: Կեսգիշերին դեռեւս հայտնի չէր, թե Ս.Սուքիասյանը ինչ կարգավիճակով է գտնվում Ոստիկանությունում: Նշենք նաեւ, որ մեր տեղեկություններով, Ս. Սուքիասյանի հետ կատարվածի առնչությամբ երեկ մտահոգություններ են հայտնել եվրոպական կառույցների ներկայացուցիչները: ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է դա` նշելով, որ իրեն զանգահարել են ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովից եւ հետաքրքրվել տեղի ունեցածի վերաբերյալ: