Եվրոպա-Հայաստան խորհրդի անդամները հայ-թուրքական մերձեցման գործընթացի կապակցությամբ երեկ բաց նամակով դիմել են Եվրամիության պաշտոնյաներին` ԵԽ նախագահ Իրժի Բուզեկին, ԵՄ արտաքին հարաբերությունների գերագույն հանձնակատար բարոնուհի Էշթոնին, ԵԽ Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Գաբրիելե Ալբերտինիին, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին եւ այլոց: «Հայ-թուրքական հարաբերությունները մի պատմական կետի են հասնում, որը խորապես կազդի Հարավային Կովկասի ապագա դիվանագիտական եւ ռազմավարական իրավիճակի վրա: … Արձանագրությունների ստորագրությամբ սկսվեց իսկապես մի պատմական գործընթաց, որը կփոխի թշնամական տրամադրությունները երկու երկրների միջեւ եւ կնպաստի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը: Սակայն, խորը ափսոսանքով տեսնում ենք, որ մերձեցումը խոչընդոտվում է քաղաքական կամքի պակասի եւ արձանագրությունների հիմնարար սկզբունքներն աղավաղելու փորձերի պատճառով»,- գրել են նամակի հեղինակները` հավելելով, թե Թուրքիան եւ Հայաստանը պետք է շարունակեն արձանագրությունների վավերացման գործընթացը՝ առանց նախապայմանների: Խորհուրդը հորդորել է տարածաշրջանի բոլոր կողմերին` կառուցողական ներդրում ունենալ եւ, մասնավորապես, հրավիրել է Ադրբեջանին` սատարել գործընթացը, իսկ Հայաստանի կառավարությանը եւ Սփյուռքին կոչ է արել դիմադրել թուրքական կառավարության փորձերին` կապելու արձանագրությունների վավերացումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ: