«Հակառակ այն բանին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցանկանում է հայ-թուրքական արձանագրություններն ուղարկել երկրի խորհրդարան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խուսափելով խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հարցի առնչությամբ հնարավոր լուրջ քննարկումներից, կարող է ձեռքից բաց թողնել պատմական պահը: Հայ-թուրքական Արձանագրությունները ձախողման եզրին են: Միացյալ Նահանգներն ապրիլի 24-ից առաջ պետք է կանխի դիվանագիտական աղետը»,- գրում է «The Boston Globe» թերթը` անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Ըստ հրապարակման, արձանագրությունների ձախողումը շատ լուրջ ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորում նախատեսող արձանագրություններն, իրոք, պատմական նշանակությամբ շրջադարձային էին, սակայն, եթե դրանք չվավերացվեն երկրների խորհրդարաններում, համաձայնությունը կհայտնվի ձախողման եզրին: Նման զարգացումը շատ լուրջ հարված կհասցնի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերին»,- գրում է թերթը:
«The Boston Globe»-ը, նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզով» միմյանցից հստակորեն սահմանազատվեցին Հայաստան-Թուրքիա մերձեցման եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները, ընդգծում է, որ իրականում նախապայմանի լեզվով խոսում է հենց Անկարան: «Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանը ենթարկվեց իր երկրում բնակվող ադրբեջանցի փոքրամասնության կոշտ քննադատությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը սպառնաց բոյկոտել Nabucco նախագիծը»,- հիշեցնում է թերթը: Հոդվածի հեղինակը նաեւ հիշեցնում է, որ այցով Բաքու մեկնած Էրդողանն «ադրբեջանցի եղբայրներին» վստահեցրեց, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի միայն այն ժամանակ, երբ հայերը դուրս գան վիճելի տարածքներից: «Ի վերջո, ամիսներ շարունակ իրականացվող աշխատանքներից հետո որոշում կայացվեց հոկտեմբերի 10-ին կազմակերպել արձանագրությունների ստորագրման արարողությունը: Սակայն վերջին րոպեին թուրք պաշտոնյաները սկսեցին երկմտել, եւ խայտառակ իրավիճակը կանխվեց ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից»,- գրում է թերթը` ավելացնելով, որ այդքանից հետո թուրքերը սկսեցին քննադատել ՀՀ Սահմանադրական դատարանի` արձանագրությունների առնչությամբ կայացրած որոշումը:
Թերթի պնդմամբ` ներկա պահին գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, եւ պետք է ձեռքից բաց չթողնել պատմական պահը: «Գնդակը Թուրքիայի կիսադաշտում է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, հակառակ Թուրքիայի` համաձայնությանը խոչընդոտելու բոլոր ջանքերին, հայտարարեց, որ արձանագրություններն ուղարկելու է խորհրդարան: Իսկ Էրդողանի համար հեշտ չի լինելու ճնշումներ գործադրել երկրի խորհրդարանում արձանագրությունների վավերացման հարցում, որովհետեւ նա ընտրությունների նախաշեմին ցանկանում է խուսափել լուրջ քննարկումներից: Եթե Էրդողանը որոշի այդ ուղղությամբ ներդնել իր ողջ քաղաքական կապիտալը, դա էլ չի բավականացնի: Անցած տարի Էրդողանին ուղղված աջակցությունը նվազել է` 47%-ից հասնելով 32%-ի»,- գրում է «The Boston Globe»-ը` հավելելով, թե որեւէ կապ չպետք է գոյություն ունենա հայ-թուրքական սահմանի բացման եւ յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ բերվող Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի միջեւ: Միաժամանակ հոդվածագիրը նաեւ նշել է, թե գործնականում այդպիսի կապ գոյություն ունի: «Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման դեպքում Թուրքիան իրեն կարդարացնի արձանագրություններից հրաժարվելու հարցում: Նույնիսկ Էրդողանը կարճաժամկետ հեռանկարում կարող է քաղաքական դիվիդենտներ շահել»:
Թերթը նաեւ ընդգծում է, որ Բարաք Օբամայի վարչակազմը պետք է անի հնարավորը` այդ դիվանագիտական աղետը կանխելու համար, քանի որ, ըստ նրա` դա լուրջ հարված կհասցնի ամերիկյան շահերին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ Միացյալ Նահանգներն Իրաքում կայունության հաստատման, Աֆղանստանում ՆԱՏՕ-ին աջակցություն ցուցաբերելու եւ Իրանի միջուկային խնդրի հետ կապված հարցերում զգում է Թուրքիայի աջակցության կարիքը: