«Ուղիղ գծով զոհում են Ղարաբաղը»

14/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե հայ-թուրքական սահմանի բացման արարողության ժամանակ կհրավիրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին:

– Ալիեւի մշտական ռազմական ելույթների ֆոնի վրա դա մանր վրիժառություն էր: Դա մանր ծակոց էր Ալիեւին:

– Ս. Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին հղած ուղերձը եւ Մեծ Բրիտանիայում ունեցած ելույթն արդյո՞ք ԼՂՀ եւ հայ-թուրքական հիմնախնդիրների լուծման հնարավորությունները չեն ուրվագծում:

– Այդ խոսքերում պետական մտածողություն չկա: Եվ ընդհանրապես պետք է խոսել այն լեզվով, որն ընդունված է միջազգային հարաբերություններում: Խոսքը ոչ թե անգլերեն կամ որեւէ այլ օտար լեզվի մասին է, այլ միջազգային հարաբերություններում, դիվանագիտության մեջ ընդունված լեքսիկոնի, բառապաշարի, էթիկայի նորմերի պաշտպանության մասին: Այս 10-12 տարիներին կարո՞ղ եք ցույց տալ, որ Ռ. Քոչարյանը կամ Ս.Սարգսյանը որեւէ հիմնարար զեկույցով հանդես գան ժողովրդի առաջ: Ասեն, թե միջազգային հարաբերություններում ո՞րն է Հայաստանի տեղը, մեր երկրի քաղաքական առաջնահերթությունները:

– Բայց բազմիցս է հայտարարվել, որ կողմերը պարտավորվել են չբացահայտել գաղտնիքները, որպեսզի դա չխոչընդոտի բանակցությունների ընթացքին:

– Թող իրենց չսքողեն դիվանագիտական գաղտնիքներով: Ոչ մի դիվանագիտական գաղտնիք ըստ էության այսօր չկա եւ՛ ԼՂՀ, եւ՛ հայ-թուրքական հարցերում: Մենք գիտենք, թե հակառակ կողմն ինչ է ուզում: Տվյալ դեպքում՝ Թուրքիան ուզում է, որ արձանագրությունները վավերացվեն, եւ դա կապում է ԼՂՀ հարցի հետ: Մենք գիտենք, որ Ադրբեջանն ուզում է հարցը լուծել տարածքային ամբողջականության շրջանակում: Իրենք այնպես են անում, որ մամուլ է թափանցում, եւ միաժամանակ որոշ հիմքեր կան պնդելու, որ ազատագրված 7 շրջանները առեւտրի առարկա են դարձրել: Վերացել է ԼՂՀ-ի հետ ընդհանուր սահման հասկացողությունը, ներմուծվել է միջանցք, որը շատ սահմանափակ կարելի է հասկանալ: Դա ընդհանուր սահման չէ, մի քանի կիլոմետր լայնությամբ ինչ-որ միջանցքի մասին է խոսքը: Ադրբեջանն ինքնորոշման հետ չի համաձայնում, պնդում է, որ հարցը պետք է լուծվի իր տարածքային ամբողջականության շրջանակում: Իսկ թե դրա համար ի՞նչ ենք տալու, դա էլ է նշմարվում, օրինակ, այն հայտարարությունից, թե Աղդամը մեր հայրենիքը չէ: Փաստորեն, խոսքը 7 շրջանների մասին է: Եթե 7 շրջանները տան, ու նույնիսկ ԼՂՀ-ն ինքնորոշվի որպես անկախ պետություն, Ադրբեջանով շրջափակված` նա ուշ թե շուտ կուլ է գնալու այդ երկրին: Բայց նկատի ունենանք, որ Ադրբեջանն «ինքնորոշում» բառն ասում է անցած տարի Աթենքում ստորագրված փաստաթղթի հիմքի վրա, որտեղ կա նաեւ տարածքային ամբողջականության սկզբունքը: Հիշեցնեմ, որ 1996թ. Լիսաբոնում հենց այդպիսի մի փաստաթուղթ էին դեմ տվել, բայց Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մեջ ուժ գտավ դա մերժել այդ ձեւակերպումներով: Թուրքիան կարող է նահանջել միայն այն դեպքում, երբ ԼՂՀ հարցում ինչ-որ առաջընթաց լինի: 1993-94թթ. ասում էին՝ մի քանի գյուղ վերադարձրեք, ճանապարհների հետ կապված այդ հարցերը կլուծենք: Հիմա էլ Թուրքիան այդ դրության մեջ է գտնվում, նրա պահանջները շատ են մեծացել: Մի քանի գյուղով հազիվ թե հնարավոր լինի Թուրքիային ստիպել վավերացնել:

– Ձեր կարծիքով՝ ո՞ւր է տանում հայ-թուրքական ու ԼՂՀ հարցերի հետ կապված վերջին զարգացումների տրամաբանությունը:

– Այս մարդկանց գործունեության մեջ տրամաբանություն փնտրելն անհուսալի բան է: Նրանց ամբողջ խնդիրն իշխանությունն իրենց ձեռքում պահելն է: Հանուն իշխանության հարկավոր է Ղարաբաղը զոհել, եւ նրանք ուղիղ գծով զոհում են: Խեղճացած, պատերազմի ժամանակ մեր առաջ ծնկի եկած Ադրբեջանը 10-12 տարվա ընթացքում գլուխը բարձրացրեց, որովհետեւ Հայաստանում դիվանագիտություն գոյություն չուներ: Մինչդեռ Ադրբեջանը հսկայական համակարգ էր աշխատեցնում, իր համար փաստաթղթային հսկայական բազա ստեղծեց, որի համաձայն՝ միջազգային հանրության աջակցությունը պաշտպանում է Ադրբեջանի դիրքորոշումը:

– Ուզում եք ասել, որ Ի. Ալիեւն ավելի հմուտ, գրագետ քաղաքական գործիչ կամ դիվանագե՞տ է:

– Ալիեւը ռեժիմ ունի, միջազգային հարաբերությունների համար մի ամբողջ սիստեմ ունի: Փաստն այն է, որ այդ տղան հոր դպրոցն անցել է եւ շարունակում է նրա քաղաքականությունը: Ուրիշ բան է, որ Ադրբեջանն ավտորիտար պետություն է: Բայց նա Ադրբեջանի ազգային շահերն առաջին տեղն է դնում, հետո նոր` սեփական շահերը: Իսկ սրանք պարզապես չեն հասկանում, թե ինչ է ազգային շահը, որովհետեւ դա դոլարի տեսքով չեն դնում իրենց դիմաց: Մենք չունենք համակարգ, մենք ունենք գողական, հակապետական ռեժիմ, որը ոչ թե պետության ու ժողովրդի, այլ իր շահերով է ղեկավարվում: Քաղաքականություն ու դիվանագիտություն հասկանալու համար գոնե 20 տարի պետք է աթոռ մաշեին, գրքեր կարդային:

– Այդ դեպքում Հայ Ազգային կոնգրեսն ինչո՞ւ է դադարեցրել ակտիվ պայքարը: Ինչո՞ւ չի փորձում դժգոհության ալիք բարձրացնել: Սպասում է, որ ՀՀ իշխանությունները ձախողեն այս երկու հարցերը, որ հետո նոր կարողանա դժգոհության ալի՞ք բարձրացնել:

– Ոչ, Կոնգրեսը չի սպասում, որ գործընթացը ձախողվի, Կոնգրեսը նրանց պատճառաբանություններ տալուց է զրկում, թե՝ խելքներդ հավաքեք եւ երկրի շահերը պաշտպանեք: Իր հայտարարություններով, հանդիպումներով փորձում է առկա վտանգը հասկացնել մարդկանց, ովքեր ռեալ պատկերացում չունեն այս հարցերի մասին: Ոչ մի միտինգային գործունեություն ինքնանպատակ լինել չի կարող: Միտինգային իրադրությունը երբ առաջանա, Կոնգրեսն անմիջապես այդ նախաձեռնությունը կանի: