Միայն կենդանի երաժշտություն

07/09/2005

Վերջին տարիներին Մեծն Թուրքմենբաշին (այսպես են կոչում Թուրքմենստանի
ցմահ նախագահ Սափարմուրատ Նիյազովին) գնալով ավելի ու ավելի շատ
տարօրինակություններ է ձեռք բերում։

Օպերան եւ բալետն արգելվել են, օրենքից դուրս են հայտարարվել ոսկե ատամներն ու երկար մազերը։

Թեեւ արեւը չի փայլում նախագահի պատվին երգող երգիչների ատամների վրա,
ասում են, Նիյազովը կատաղել է՝ իմանալով, որ նրանք իրականում միայն ձեւ են
անում, թե երգում են։ Եվ դրանից հետո որոշել է այդ արատն արմատախիլ անելու
համար բոլոր հասարակական վայրերում արգելել երաժշտության
վերարտադրությունը։ «Ամենուր այդ երգիչները ձայնագրությունների տակ են
երգում»,- ասել է նա կառավարության նիստում, որը հեռարձակվում էր պետական
հեռուստատեսությամբ։ Նա արգելել է ֆոնոգրամաներով երգելն ու հասարակական
միջոցառումներում, ռեստորաններում եւ մասնավոր հավաքույթներում
ձայնագրություններ օգտագործելը։

Նիյազովի նախորդ գաղափարը հաղորդավարուհիներին հեռուստատեսությամբ
ցուցադրելը, լրագրողուհիներին դիմահարդարանք օգտագործելն ու մազերը
ներկելն արգելելն էր։ Արդեն 13 տարի լինելով իշխանության ղեկի մոտ,
Նիյազովն իր երկիրը դարձրել է աշխարհի ամենաավտոկրատական պետություններից
մեկը՝ ստեղծելով անձի հզոր պաշտամունք եւ արգելելով ցանկացած
ընդդիմություն։ Նույնիսկ նրա մերձավորագույն շրջապատն է ապրում մշտական
վախի մթնոլորտում։ Վերջին ամսվա ընթացքում նա պաշտոնազրկել է իր
աշխատակազմի մեկ երրորդին։ Իսկ անցած շաբաթ երեք ամսվա աշխատավարձից է
զրկել կրթության նախարարին՝ նրան մեղադրելով այն բանի համար, որ
դպրոցներում չեն պահպանվում ստանդարտները։

Իրավապաշտպանների Թուրքմենստանին մեկուսացնելու կոչերն առանձնապես
հաջողություն չեն ունենում, քանի որ այդ երկիրն իր նավթային պաշարներով
աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

Տ.Պ.