ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նախօրեին հայտարարել էր, թե ՀՅԴ-«Ժառանգություն» հարաբերություններում տեղի ունեցողը «երրորդ կողմի» հրահրանգի արդյունք է:
Նաեւ հավելել էր. «Եթե «ժառանգությունը» դուրս գա այս ձեւաչափից՝ դա ցավալի կլինի եւ կստացվի, որ սեպ խրողներին հաջողվեց նման գործառույթ իրականացնել»: Երեկ փորձեցինք Հ. Առաքելյանից պարզել, թե ո՞ւմ նկատի ունի` «սեպ խրողներ» ասելով, սակայն նա խուսափեց պատասխանից` ասելով, թե ինքը ցանկություն չունի «խորանալու այս հարցում»: «Անիմաստ եմ համարում գնահատականներ տալ դրա հետ կապված, թե իրենք իրար ինչ են ասել: Մեր հիմնական պայքարն արձանագրությունների չեղյալ հայտարարելուն էր ուղղված, եւ ինձ համար ցավալի է, որ այլ հարցերում քաղաքական հայացքների տարբերությունները «Ժառանգությանն» ու «ՀՅԴ»-ին բերեցին հակամարտության: Բայց ցանկություն չունեմ հետաքննելու, թե ինչից եղավ, ոնց եղավ»,- նշեց Հ. Առաքելյանը: Ըստ նրա՝ «Ոչ»-ի շարժման մասնակից քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրահավաք կազմակերպելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել` որպեսզի ԱԺ պատգամավորներին «պատգամեն» չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: «Պայքարի ամեն փուլ բերում է կոնկրետ գործողություններ անելու անհրաժեշտության: Եթե հիմա արձանագրությունները գնում են ԱԺ, այս փուլում մենք պայմանավորվել ենք, որ ավելի շատ պետք է աշխատենք պատգամավորների ընտրողների հետ: Իսկ ընտրողների մեծամասնության պատգամը պատգամավորներին, ըստ մեզ, արձանագրություններին «ոչ» ասելն է»,- ասաց Հ. Առաքելյանը` հավելելով, որ ՀՌԱԿ-ն արդեն սկսել է նաեւ առանձին հանդիպումներ անցկացնել ընտրողների հետ: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ 14 քաղաքական ուժերի (ներառյալ՝ «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն) ու բազմաթիվ այլ հասարակական կազմակերպությունների միջեւ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ նման ստորագրահավաք կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ինչ վերաբերում է «սեպ խրողներին», ապա Կ. Մանոյանը նշեց, թե եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության մեջ կան նման ուժեր: «Որոշ քաղաքական ուժեր իրենց կյանքի նպատակը դարձրել են դիմացինին պառակտելը: «Ոչ» լինի, թե «այո» լինի, նրանք միշտ շահագրգռված են, որ ուժեղներին պառակտեն»,- ասաց Կ. Մանոյանը: Իսկ «Ժառանգության» վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ թեեւ իշխանությունները շահագրգռված են «Ոչ»-ի շարժման պառակտմամբ, բայց ՀՅԴ-ի հետ իրենց տարաձայնությունները կապված են արձանագրությունների հետ: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ՍԴ-ում արձանագրությունների քննարկման ժամանակ հայտարարել է, թե դրանք կարելի է ընդունել` որոշ վերապահումներով: Հենց այս մոտեցումն էլ, ըստ Ա. Մարտիրոսյանի, անընդունելի է «Ժառանգության» համար: Ինչ վերաբերում է «Ժառանգության»` 14 կուսակցությունների ձեւաչափից դուրս գալու հնարավորությանը, ինչը Հ. Առաքելյանը ցավալի էր համարել, ապա «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ձեւաչափ», որպես այդպիսին, չկա, որ իրենք դուրս գան կամ դուրս չգան: Անդրադառնալով ստորագրահավաքի կազմակերպմանը, Ս. Սաֆարյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրենք ՀՅԴ-ի հետ աշխատելու են: «Ստորագրահավաք ՀՅԴ-ի կողմից կազմակերպվել էր դեռեւս մինչեւ արձանագրությունների ստորագրումը: Այժմ ստորագրահավաքի հարցը քննարկվել է նաեւ «ոչ»-ի շարժման մասնակիցների վերջին համատեղ նիստերից մեկի ժամանակ, եւ դա որեւէ կերպ չի հակասում ընդհանուր նպատակին, հետեւաբար շարունակվելու է»,- ասաց Ս. Սաֆարյանը: Հարցին, թե կա՞ հավանականություն, որ իշխանական պատգամավորներն այդ ստորագրահավաքից հետո հանկարծ որոշեն դեմ քվեարկել արձանագրություններին, նա պատասխանեց. «Չեմ ուզում արդյունքների վերաբերյալ կանխատեսում անել. հրաշքի դժվարանում եմ հավատալ»: