Նախորդ հրապարակումներում արդեն հասցրել ենք գրել համայնքներին տրվելիք լրացուցիչ հարկային արտոնությունների եւ քաղաքապետարանի կողմից ալկոհոլի ու ծխախոտի թույլտվության թանկացման մասին։ Այս անգամ հպանցիկ կանդրադառնանք եւս մի քանի «նորամուծությունների» եւ կսպասենք, թե իշխանությունն ի՞նչ նոր բան է մոգոնելու` գանձարանը համալրելու համար։
1. Գազային խաղեր
Եվ այսպես, Ռուսաստանը բարձրացնում է Հայաստանին վաճառվող գազի գինը` 154 դոլարից դարձնելով 180 դոլար (աճը` 16.88%)։ Պարզ է, որ «ՀայՌուսգազարդը» պետք է նույնպես բարձրացնի գազի գինը։ Եվ առաջարկում է հետեւյալ սակագները. բնակչության համար 1000 խմ գազի գինը 96.000 դրամից դարձնել 136.000 (աճը` 41.6%), իսկ խոշոր սպառողների համար` 215 ԱՄՆ դոլարից 256 դոլար (աճը՝ 23.7%)։ Այս անհամաչափ թանկացումը, ըստ էության, մի կարեւոր դեր խաղաց գազի մատակարարի համար` դժգոհության ալիքը շեղելով սխալ ուղղությամբ։ Այսինքն` քննարկման թեմա դարձավ ոչ թե բուն թանկացումը, այլ` ինչո՞ւ խոշոր սպառողների համար գազն ավելի քիչ է թանկացել։ Իրականում, խոշոր հաշվով, բնակչության համար ոչ մի տարբերություն չկա։ Միեւնույն է` խոշոր սպառողները, որոնք հիմնականում արդյունաբերության ոլորտի ձեռնարկություններն են, գազի թանկացումը մտցնելու են իրենց արտադրանքի ինքնարժեքի մեջ։ Խնդիրն ի սկզբանե պետք է այլ կերպ դրվեր` ինչո՞ւ է «ՀայՌուսգազարդն» ընդհանրապես թանկացնում գազի գինը։ Ճիշտ է, վերջին տարիների ընթացքում ՌԴ-ն պարբերաբար բարձրացրել է գազի գները, սակայն դոլարի փոխարժեքը զգալիորեն իջել է։ Ու քանի որ այս ընկերությունը գազի համար Ռուսաստանին վճարում է դոլարով, իսկ տեղի սպառողներից ստանում է դրամ, ապա գազի գինը կարող էր, ըստ էության, չնչին փոփոխություն կրել այս ընթացքում։ Այդ մասին, ի դեպ, խոսել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ Հետաքրքիրն այն է, որ մի կողմից՝ գազի գնի թանկացման արդյունքում թանկանալու է տեղական արտադրանքը, մյուս կողմից՝ կառավարությունն ակտիվ պրոպագանդա է սկսել` հայաստանցիներին եւ սփյուռքահայերին հորդորելով գնել հայկական արտադրանք։ Իհարկե, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որպես PR քայլ, մի թեթեւ կիջեցնի սակագինը։ Ոմանք դա կբացատրեն «ՀայՌուսգազարդի» մարտավարությամբ՝ պահանջիր ամբողջը, որ ստանաս կեսը։ Սակայն սա այդ դեպքը չէ։ Սա ավելի շուտ վատ բեմադրված թատրոն է հիշեցնում, որտեղ իրեն հանդիսատես պատկերացնող ժողովուրդը ակամայից հայտնվելու է «քցվածի» դերում։ Եվ վերջինը։ Եթե «ՀայՌուսգազարդը», որպես մասնավոր տնտեսվարող, առաջնորդվում է առաջին հերթին ի՛ր շահերով (ինչը բնական է), ապա պետությանն ի՞նչ շարժառիթներ են տանում։ Միանգամից ասենք՝ փողը։ Որքան թանկ լինի գազը, այնքան շատ ԱԱՀ կմտնի բյուջե։ Իսկ ռեալ փողը հայրենի իշխանությունների համար ավելի կարեւոր է, քան աբստրակտ «Հայկական աշխարհը»։
2. Կադաստրային խաղեր
Կառավարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ` «Անշարժ գույքի հարկի մասին» օրենքով, որի գլխավոր հետեւանքն այն է լինելու, որ թե՛ հողերի, թե՛ բնակմակերեսների կադաստրային արժեքները բարձրանում են։ Սա նշանակում է գույքահարկի թանկացում։ Գլխի վրա սեփական տանիք ունեցող ցանկացած քաղաքացի իր գրպանի վրա կզգա այս փոփոխության «հմայքը»` ավելի շատ գույքահարկ վճարելով։ Կադաստրային արժեքի բարձրացումը կողմնակի հետեւանքներ էլ ունի, որոնք արտահայտվում են ոչ միայն գույքահարկի ավելացմամբ։ Օրինակ, վարձակալության գործարքները։ Օրենքով, վարձակալության յուրաքանչյուր գործարք պետք է կատարվի ըստ պայմանագրի։ Եթե կա պայմանագիր, նշանակում է` կա նաեւ փաստաթղթով երեւացող գումար՝ վարձակալության վճարը։ Իսկ այն հանդիսանում է եկամուտ` տարածքի սեփականատիրոջ համար։ Եթե կա եկամուտ, կան նաեւ դրանից բխող հարկային պարտավորություններ։ Իհարկե, մեր «շուստրի» քաղաքացիները կարող էին բանավոր պայմանավորվել, ասենք, բնակարանը 100.000 դրամով վարձակալելու մասին, սակայն պայմանագրի մեջ նշել 10.000` այդ կերպ 10 անգամ պակասեցնելով պետությանը մուծվելիք հարկերը։ Սակայն պետությունն ավելի «շուստրի» է. վարձակալության վճարի համար սահմանված է նվազագույն շեմ, որը սահմանվում է ըստ կադաստրային արժեքի։ Այսինքն՝ վարձակալության վճարը չի կարող պակաս լինել տարածքի կադաստրային արժեքի այսքան տոկոսից։ Դրա հիման վրա էլ որոշվում է, թե տարածքի սեփականատերը որքան եկամուտ է ստացել եւ որքան հարկ պետք է վճարի պետությանը։ Պարզ է, չէ՞` որքան բարձր է կադաստրային արժեքը, այնքան բարձր է նաեւ վարձակալության նվազագույն շեմն ու հետեւաբար՝ պետությանը տրվելիք հարկը։ Ընդ որում, եթե անգամ իրականում ես իմ բարեկամին եմ տրամադրել բնակարանս՝ առանց որեւէ վճարի, եւ եթե դա արել եմ օրինական կերպով, միեւնույն է՝ ես պետք է հարկ վճարեմ։ Երեւի ճիշտ կլիներ դա անվանել «մեծահոգության հարկ»։
3. Ապահովագրական խաղեր
Հայաստանցի վարորդները թերեւս արդեն լսել են, որ տարեվերջին կներդրվի տրանսպորտային միջոցների պարտադիր ապահովագրման մեխանիզմը։ Այսինքն՝ յուրաքանչյուր ոք ստիպված է լինելու ապահովագրել իր մեքենան, թեկուզ, եթե տարին 2 անգամ է ավտոտնակից դուրս հանում։ Այն, որ ապահովագրությունը քաղաքակիրթ աշխարհում ընդունված եւ անհրաժեշտություն դարձած երեւույթ է, ոչ ոք չի վիճում։ Իհարկե, շատ ավելի հաճելի է, երբ մեքենան վթարի ենթարկելու դեպքում ոչ թե դու ինքդ ես ընկնում «ռազբորկաների» մեջ` մյուս մեքենայի տիրոջ կամ ավտոտեսուչի հետ, այլ հանգիստ նստում ես, եւ դրանով զբաղվում է ապահովագրական ընկերության աշխատակիցը։ Սակայն առաջին հերթին տրանսպորտային միջոցի տերն ինքը պետք է գնահատի դրա օգտակարությունը եւ ինքը որոշի՝ օգտվե՞լ այդ ծառայությունից, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում, ապահովագրությունը դառնում է հարկի պես մի բան. ստիպված վճարում ես` առանց իմանալու՝ դրա դիմաց ինչ ես ստանալու։ Ինչո՞ւ է կառավարությունը ցանկանում պարտադիր ապահովագրել իր քաղաքացիների տրանսպորտային միջոցները։ Արդյո՞ք այն պատճառով, որ կառավարությունում ավելի լավ գիտեն հասարակ քաղաքացու լավն ու վատը ու թեկուզ ստիպողաբար՝ որոշել են լավ բան անել։ Միգուցե սա էլ դեր է խաղում։ Սակայն մի ուրիշ գործոն էլ կա։
Ապահովագրությունը, ինչպես գիտեք, անվճար չէ։ Այսօր հայաստանյան շուկայում գործող ընկերությունները տրանսպորտային միջոցի ապահովագրության համար սահմանել են միջինը 1%։ Ինչպես երեկ Ազգային ժողովում կայացած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքի նախագծի շուրջ լսումների ժամանակ ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, ավտոմեքենաների տերերը ստիպված կլինեն վճարել ամսական 3000-3500 դրամ ապահովագրական վճար: Վ. Գաբրիելյանն ասել է նաեւ, որ ներկայումս հանրապետությունում կա շուրջ 400.000 գրանցված տրանսպորտային միջոց։ Այսինքն՝ տարվա կտրվածքով ապահովագրական բիզնեսի շրջանառությունը միայն տրանսպորտային միջոցների մասով կկազմի 30-40 միլիոն դոլար։ Փաստորեն, պետությունը մշտական, կայուն պահանջարկ է ապահովում այս բիզնեսի համար, որտեղ, ի դեպ, պատահական մարդիկ չկան։ Եվ քանի որ ապահովագրության յուրաքանչյուր գործարք ենթադրում է նաեւ համապատասխան հարկեր, ապա այս նախաձեռնությունը նույնպես ունի բյուջեն համալրելու քողարկված նպատակ։ Փաստորեն, միայն վերջին 1 շաբաթվա ընթացքում հասցրեցինք խոսել 5 նախաձեռնությունների մասին, որոնք նպաստում են, որ փողը շարքային քաղաքացիների գրպանից սահուն հոսի դեպ պետական գանձարան։ Իսկ թե այնտեղից ո՞ւր կհոսի դրա մի մասը, դժվարանում ենք ասել։