«Պոլոզ Մուկուչը մի օր հանդիպում է Բալզակին: Բալզակը ներկայանում է` Օնորե դը Բալզակ: Մեր Պոլոզ Մուկուչն էլ իրեն չի կորցնում եւ պատասխանում է` Պոլոզե դե Մուկուչ»,- պատմում են գյումրեցիները` նկատելով, որ իրենց կյանքում, բացի հումորից, ամեն ինչ շատ է փոխվել: Արժեքային ամբողջ համակարգը ոտքից գլուխ շրջվել է: Գյումրեցիների համար էլ այլեւս տարօրինակ չէ, որ 3 տարեկան երեխան երազում է «ախրաննիկ» դառնալ: «Երեխան ինչ տեսնում ա` էն էլ սովորում ա: Դե եթե երեխան համ տանը տեսնի քաչալ ախրաննիկներով ու ժողովրդի փողերով հարստացած գերոյներով լիքը սերիալներ, համ էլ էդ նույնը տեսնի դրսում, ինչի՞ կզարմանաք որգ»,- նկատում են տարեց գյումրեցիները`անտարբեր հայացքով անցնելով փողոցում վաճառվող աղավնիների կողքով: Նրանց համար սովորական է դարձել նաեւ այն, որ քաղաքի գլխավոր տոնածառը հրապարակից հանում էին փետրվարին: «Մեզ մոտ մինչեւ հիմի Նոր տարի կեղներ, չգիտեի՞ք»,- ասում էին նրանք` հետեւելով, թե կենտրոնական հրապարակի տոնածառի երկաթե կմախքը բանվորները ինչպես էին տեղափոխում: «Լենինականը առաջ էր Լենինական: Հիմի շատ բան ա փոխվել: Ասում են` աղետի գոտին բարելավում են, բա էդ ո՞նց` մի քանի բանկ կամ ռեստորան բացելո՞վ»,- անվրդով խոսում է Գյումրու բնակիչ տիկին Հասմիկը` նայելով հրապարակի «Պրոգրես» ցուցանակին: Սա, ի դեպ, համալսարան է, որը մի քանի մասնաշենքեր ունի Գյումրիում: Ըստ տիկին Հասմիկի` այսօր Գյումրին Երեւանին է նմանվում միայն ռեստորանների, հյուրանոցների, գեղեցկության սրահների, բենզալցակայանների սրընթաց շինարարությամբ: «Մի քանի ճոխ շենք սարքելն ու եկող-գնացողների «աչքը լույս անելը» չի նշանակում, թե գյումրեցու կյանքը լավացել ա: Ո՞ւմ ենք խաբում` մե՞զ, թե՞ դրսից եկածներին»,- շարունակում է գործազուրկ կինը, որը 40 տարի շարունակ երգել է եկեղեցական երգչախմբում: «Ամիսներ առաջ կրճատեցին ինձ: Ասացին, որ արդեն մեծ եմ: Բայց ի՞նչ անեմ, հիմա մեր հանրապետությունում իմ տարիքի մարդիկ պիտի անգո՞րծ լինեն»,- հարցնում է գյումրեցի կինը` քիչ անց հանելով ակնոցն ու մաքրելով արցունքից խոնավացած կոպը: Նրա առաջարկով սկսեցինք զբոսնել Գյումրու «ծաղկող» կենտրոնից այն կողմ` խարխուլ տների, խորդուբորդ ու վնասված ջրագծերի հետեւանքները կրող փողոցներում: Երկրաշարժին դիմացած յուրաքանչյուր քարի, շենքի մասին տիկին Հասմիկը պատմում էր հիացմունքով, հետո հիշում երկրաշարժից հետո տեղաբնակների խուճապը, կորուստների մասին վկայող հաշվեմատյանները: «Գյումրու էսօրվա հրապարակը, որ կա, առաջ էդպիսին չէր: Սաղ քանդված էր: Երկրաշարժից հետո մարդիկ իրենց կորցրել էին: Երկրաշարժն, իսկապես, շատ բան կոտրեց: Հիմա մարդիկ ուզում են ապրել, բայց ի՞նչ: Դժվար ա ամեն ինչ զրոյից սկսելը»,- Վարպետաց փողոցի երկայնքով քայլելով՝ ասում էր տիկին Հասմիկը` մատնացույց անելով Գյումրու հին շենքերը, առաջին բաղնիքը, որի տեղում այսօր նոր շենք է կառուցվել:
Պտույտ մը Գյումրու «դոմիկներում»
«Չուլոչնին առաջ չուլկու, նասկու գործարան էր: Էդպես էլ մնաց անունը: Հիմա այ էս, ինչ տեսնում ես, գործարանի շենքեր են, բայց չեն աշխատում»,- ասում է «Չուլոչնի» թաղամասի անցորդներից մեկը` թվարկելով այն բոլոր գործարանները, որոնք երկրաշարժից հետո դատարկվել են: Գյումրու նախկին Տեքստիլ գործարանի ավերակների հարեւանությամբ արդեն 22 տարի ապրում է տիկին Սուսաննայի ընտանիքը: «Ամեն օր խոսք են տալիս, որ տուն կտան: Բայց ե՞րբ: Ախր մենք առաջ լավ տուն-տեղ ենք ունեցել: Հո էսպես չէի՞նք: Հեն ա, հենց տանս կողքին մեր առաջվա շենքն էր»,- նշում է տիկին Սուսաննան` ցույց տալով այն շենքը, որտեղ նախկինում բնակվում էին: «Հեն ա, այ էն 3-րդ հարկում մեր բնակարանն էր: 12 ընտանիք մինչեւ էսօր մնացել են առանց տան: Անընդհատ խոսք են տալիս, բայց տուն չեն տալիս»,- մերթ Տեքստիլ գործարանի, մերթ նախկին շենքի ավերակներին նայելով` խոսում է կինը: «Մեկ-մեկ հույս էլ չենք ունենում, թե տուն կունենանք: Անընդհատ խնդրել ենք, որ գոնե մեր նախկին շենքը վերանորոգեն, բայցգ չէ, հույս չունեմ»,- ասում է՝ փորձելով հասկանալ, թե ինչ հիմունքներով ու կետերով է Գյումրու քաղաքապետարանը բնակարանները բաժանում: «Հերթով կուգա` անչափահասներ, ծերեր, միայնակ թոշակառուներ, բայց մեր հերթը չի գա: Հես ա թոռնիկս էլ կծնվի, ու 9 հոգով կապրինք էս դոմիկում»,- դժգոհում է նա` ընդգծելով, որ տուժածների միայն 10%-ին են բավարարել բնակարաններով: «Ընդ որում` հանձնած բնակարաններն էլ չափազանց փոքր են ու անհարմար: Ասենք, ինձ 2 սենյակ են տալու, բայց ես կարա՞մ 9 հոգով էնտեղ մնամ»,- ավելացնում է փողոցի երկու շենքերի ավերակների միջեւ բնակություն հաստատած ընտանիքի մայրը:
Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցի աղբի «խրամատներից» երեւացող գունավոր լվացքից կարելի է ենթադրել, որ ստվարաթղթերով ու մեքենաների անիվներով պատված տանը մարդիկ են ապրում: Տան բակում տանտիրուհին մարգարտյա շարանի պես լվացք էր փռում: Նրանց փայտյա տնակի ներսում հատակն արդեն կիսաքանդ էր: Սենյակի մեծ մասը զբաղեցնող վառարանի վրա ապուրով լի պնակ էր դրված, իսկ սեղանին՝ ծաղկակաղամբի մի քանի փնջեր: Բազկաթոռի միջից ուշադիր նայում էր 9-ամյա Լիլիթը, հետո խնձորը գրկելով` տխուր ժպտում: «Լիլիթը մանկական պարալիզ ա տարել: Ոնց են ասում, հա` ԴեՑեՊե: Երկրաշարժից հետո ամուսինս էս դոմիկը սարքեց` եկանք էստեղ: Սկզբից գիտեինք, թե ժամանակավոր է, հիմա արդեն հույս էլ չունենք, թե մի օր մենք էլ մարդու նման կապրենք: Երկրաշարժից հետո պալատկաներում էինք ապրում: Բերեցին բաժանեցին ժողովրդին: Մինչեւ էս տնակը սարքելը ապրում էինք հենց էդ պալատկաներում»,- վերհիշում է 5 երեխաների մայրը` տիկին Մարինեն: Տունը, որտեղ նրանք այսօր բնակվում են, խոնավությունից կիսով չափ փլվել է: Եկամուտի միակ աղբյուրը Լիլիթի հաշմանդամության թոշակն է ու ընտանեկան նպաստը: «Քանի գնում է` ամեն բան ավելի է դժվարանում: Էրեխեքս մեծանում են, պահանջները շատանում են: Ամուսինս դաշտում ա աշխատում: Ես էլ եմ էրեխեքի հետ գնում դաշտ»,- սեղանի վրայից հացի փշրանքները հավաքելով` ասում է կինը: Նրանք բոլորը աշխատում են ուրիշների դաշտերում` քաղհան ու փոցխ են անում: «Հարմարվում ենք»,- անհույս շարունակում է նա: «Հիմա մտածում եմ, կարո՞ղ ա մեր Լիլիթի խաթեր մեզ շուտ տուն տան»,- ինքն իրեն խոսում է: Դուրս եմ գալիս նրանց տանից, որի անմիջապես կողքին երկու խոշոր ռեստորան-հյուրանոցներն են գործում:
Առհասարակ Գյումրին կոնտրաստների քաղաք է: Ամեն ինչ կարող ես այստեղ տեսնել: Որեւէ տարօրինակություն այստեղ օրինաչափություն է: Ռոբերտը մեքենայի բեռնախցիկում հացաբուլկեղեն է վաճառում։ «Սենց հաց որտե՞ղ ես տեսել: Հլա մի հատ ձեռք տուր, կհամոզվես»,- հաճախորդներին իր կողմն է հրավիրում: Նա արդեն 20 տարի իր «Վոլգայով» հաց է վաճառում: «Բայց էսքան վատ տարի չի եղել: Ոնց որ կրիզիսը եկած լինի գյումրեցու վզին նստած: Մարդիկ դաժե հացի փող չունեն»,- ասում է նա ` զայրանալով իրեն լուսանկարելու փորձիս համար: «Ինձի հանկարծ չնկարես: Հարկայինից փախած ապրում եմ: Բա ի՞նչ անեմ: Իբր բան եմ ծախում, որ մի հատ էլ հարկ տամ»,- շարունակում է հացավաճառը` փոխարենը հյուրասիրելով բեռնախցիկից հանված թարմ հացը: «Առաջվա պես չի առեւտուրը: Մարդիկ մեկ-մեկ կուգան-կնայեն ու կերթան»,- նշում է շուկայի վաճառողուհիներից մեկը` անտարբեր նայելով մեծ դույլի մեջ տեղավորված կանաչ պանրին: «Գիտես, էս խեղճ գյումրեցիք իսկի օր չտեսան: Առաջ՝ երկրաշարժ, հիմիկ էլ՝ կրիզիս: Գործարան էլ չմնաց: Հարցրու՝ ի՞նչ մնաց»,- վաճառասեղանների տարբեր կողմերից իրար ընդհատելով` խոսում էին շուկայում առեւտրով զբաղվողները: «Գյումրեցու օրը շատ հետաքրքիր է անցնում: Առավոտը վեր է կենում` հետաքրքրությունը սկսում է, պառկում է` հետաքրքրությունն անցնում է: Ու տենց՝ ամեն օր: Հետաքրքիր ա, չէ՞»,- նկատում է վաճառողներից մեկը` անթաքույց ծիծաղելով «փիլիսոփա» դառնալու համար: «Ասում ես` ինտերնետո՞վ ես խոսում: Բայց ո՞նց կեղնի»,- հարցնում է շուկայի «Բիստրոյի» խոհարարը` իր ծանոթ այցելուին, որը գյումրեցի կնոջը համառոտ պատմում է, թե արտասահմանում բնակվող բարեկամների հետ ինչպես է «սկայպով» խոսում: «Դե էդի նենց բան ա, որ համ կարաս խոսես, համ էլ տեսնես»,- բացատրում է ծանոթ այցելուն, որից հետո խոհարար կինը խորը մտածմունքի մեջ է ընկնում: «Հա՜, հա՜»,- դարի նորամուծությունների ու «հրաշքների» վրա զարմացած արձագանքում է: Այստեղ արդեն վաղուց առավոտը օրվա հոգսաշատության սկիզբ է: «Նայի, գալիս-կանգնում են ժամերով, բայց 100 դրամ են տալիս: Ախր, էդ 100 դրամը մենակ 1 ժամանոց կայանելն ա»,- իրավիճակը բացատրում է մեքենաների հսկիչ պարոն Արթուրը: Շուկայի «բնակիչներին» միմյանց հետ մտերմացնում է այն, որ բոլորն էլ նույն հոգսերն ունեն: Եվ այդ հոգսերի լուծման ուղիները ինքնուրույն են գտնում` առանց տեղական իշխանությունների վրա որեւէ հույս դնելու: Նրանք նկատում են, որ տեղական իշխանություններն ավելի շատ զբաղված են քաղաքում արձաններ կանգնեցնելով, քան մարդկանց հոգսերի բեռը թոթափելով: Ի՞նչ արած, դա էլ իրենց քաղաքի «քանդակասեր» ղեկավարի «հոբբին» է: Այս մասին գրեթե բոլոր գյումրեցիները խոսում են շատ զգույշ` քաղաքապետի ականջը խուլ: