Մեր համերկրացիների համար սեպտեմբերի 1-ը շարունակում է նույնքան
ծախսատար լինել, որքան, ասենք, Ամանորն է: Միայն թե սեպտեմբերի 1-ն առավել
ծանր է նստում այն ընտանիքների բյուջեի վրա, որոնց դպրոցահասակ երեխաների
թիվը շատ է: Սեպտեմբերյան գնումների համար ամեն ընտանիք յուրաքանչյուր
երեխայի համար նախատեսում է միջին հաշվով 100-150 դոլարին համարժեք դրամ՝
կախված երեխայի տարիքից:
Համենայնդեպս, մի քիչ ավելի կամ պակաս՝ այս թիվն էին նշում երեկ
շուկաներից դուրս եկող դպրոցական պիտույքներով բեռնավորված ծնողները:
Ամենաէժան դպրոցական պայուսակը մայրաքաղաքի ամենաէժան շուկայում արժե 5000
դրամ: Տետրեր, նկարչական ալբոմ ու օրագիր, գրենական զանազան պիտույքներ՝
կարելի է 10.000 դրամի սահմաններում նորմալ տեղավորվել: Համեմատաբար ավելի
շատ ծախսում են համապատասխան հագուստ-կոշիկի վրա: Ամենաէժանը դասագրքերն
են, որովհետեւ դրանք ստանում են դպրոցներից՝ վճարելով սահմանված
վարձավճարը միայն: Այսպես, 4-րդ դասարանցին ուսումնական տարվա համար
անհրաժեշտ 7 անուն դասագրքի համար վճարում է 2310 դրամ: Ամենաշատը վճարում
են 10-րդ դասարանցիները՝ շուրջ 17 անուն դասագրքի համար՝ 4900 դրամ:
Վարձավճարային գումարը սահմանվում է յուրաքանչյուր դասագրքի արժեքի մեկ
քառորդ չափով: Այսպիսով, աշակերտից 4 տարվա ընթացքում հետ է գանձվում
դասագրքի արժեքը: 4 տարի հետո, եթե տվյալ դասագիրքը դեռ պիտանի է
օգտագործման, սովորողներին տրվում է անվճար: Այդպես այս տարի «Հայոց
լեզու» դասագրքի համար չեն վճարի իններորդ եւ տասներորդ դասարանների
աշակերտները, քանի որ, գրքերի վճարման կարգի համաձայն, այդ դասագրքի 4-րդ
տարին արդեն լրացել է եւ կարելի է անվճար տրամադրել: Անվճար կտրվեն նաեւ
1-3-րդ դասարանների «Մայրենի լեզու» եւ «Մաթեմատիկա» դասագրքերը, իսկ
«Այբուբենն» առաջին դասարանցիները կստանան որպես նվեր:
Այս տարի դպրոցների ներկայացրած հայտերի հիման վրա վերահրատարակվել է 29
անուն դասագիրք: Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի հավաստմամբ՝
քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր 206 դպրոցները դասագրքերով
ապահովված են: «Մեր դպրոցում այս տարի նույնիսկ դասագրքերի ավելցուկ է
նկատվում նախորդ տարիների համեմատ»,- նշում է Հ. Պարոնյանի անվան 59
դպրոցի տնօրեն Սամվել Ադամյանը: Պատճառն աշակերտների արտահոսքն է: Նրա
հավաստմամբ, դասագրքերի տրամադրման այս ձեւը ծնողներին ավելի ձեռնտու է,
եւ տարեցտարի դասագրքերի վճարման կարգի հետ կապված բողոքները պակասել են
եւ այժմ արդեն ոչ մի բողոք չեն ստանում: «Յուրաքանչյուր դպրոց պարտավոր է,
հաստատված կարգի համաձայն, գրադարանի մուտքից աջ ու ձախ՝ երեւացող
տեղերում փակցնել նախարարության կողմից հաստատված դասագրքերի իրացման
գումարային չափերը, որպեսզի յուրաքանչյուր ծնող տեղեկանա ինչի համար
ինչքան պետք է վճարի»: Դպրոցներին դասագրքերը տրվում են ինքնարժեքով, 4
տարվա ընթացքում աշակերտներից հետ է գանձվում միայն ինքնարժեքը:
Բնականաբար, սա ավելի մատչելի տարբերակ է, քան, եթե ստիպված լինեն գնել
շուկայից՝ բնականաբար՝ ինքնարժեքից բարձր գներով եւ ամեն տարի
յուրաքանչյուր դասագրքի համար առանձին-առանձին վճարելով ամբողջական
արժեքը: Այս առումով խնդիրներ կարծես այլեւս չկան: Սակայն չի կարելի ասել,
որ դասագրքերի հետ կապված խնդիրներ ընդհանրապես չկան: Թեեւ ԿԳ
նախարարությունը հաստատել է ուսումնական պրոցեսին անհրաժեշտ դասագրքերի
ցանկ, սակայն որոշ դպրոցներ աշակերտից պահանջում են այլ դասագրքեր:
Գրավաճառ կետերում, օրինակ, կարելի է հանդիպել խորհրդային ամենատարբեր
հրատարակություններ: Գրավաճառները նույնիսկ առաջարկում են՝ եթե տանը հին
դասագրքեր ունեք, բերեք՝ պահանջարկը գնալով մեծանում է: Հին դասագրքերի
արժեքը նորերին չի զիջում՝ 1500-2000 դրամ: Գրավաճառները նույնիսկ նշում
են՝ որ դպրոցները որ գրքին են նախապատվությունը տալիս: Թեեւ սա լրացուցիչ
ծախս է ենթադրում ծնողների համար, սակայն նման քմահաճություն ցուցաբերած
Պուշկինի անվան դպրոցում մի ծնող ասաց. «Ճիշտ է, ստիպված ավելորդ ծախս ենք
անում, բայց ես պարզապես շնորհակալ եմ այն ուսուցիչներից, ովքեր իրենց
թույլ են տալիս դեմ գնալ սահմանված կարգին եւ այլընտրանքային դասագիրք
պահանջել, որովհետեւ նախարարության կողմից հաստատված այս դասագրքերից
շատերը բացել չի լինում, թեեւ դրանք ավելի թարմ են, սակայն նյութի
մատուցման որակով անհամեմատ զիջում են»: Ի դեպ, նույն Պուշկինի անվան
դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը հերքեց մի քանի գրավաճառներից եւ անգամ
ծնողներից ստացված այս տեղեկատվությունը. «Նման մի դեպք անցյալ տարի
գրացվել է, սակայն այս տարի բացառվում է նման բան, կոնկրետ ասեք` որ
ուսուցիչն է՝ օրենքի սահմաններում պատասխանատվության ենթարկենք»: Ինչեւէ,
սա այլ խնդիր է, ավելի տարողունակ ու բարդ, որի վրա ծնողների
ուշադրությունը չես շեղի՝ այն էլ սեպտեմբերի 1-ի նախօրեին, երբ ամեն հայ
ընտանիք փորձում է իր յուրաքանչյուր երեխայի համար անհրաժեշտ նվազագույն
100-150 դոլարն ապահովել՝ «նամուսով դպրոց ուղարկելու համար»: