Տիգրան Համասյանը պատրաստվում է եվրոպական տուրնեի

14/02/2010

Երիտասարդ տաղանդավոր գյումրեցի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը, ով արդեն 2 տարի ապրում եւ աշխատում է Նյու Յորքում, երաժշտական տուրնեի է պատրաստվում եվրոպական երկրներում: Իր «Aratta Rebirth» խմբի հետ ապրիլի 7-ին նա համերգով ելույթ կունենա նաեւ Երեւանի Ֆիլհարմոնիկ դահլիճում` ներկայացնելով իր վերջին մշակումները, որոնց մեծ մասը հայկական ֆոլք-երգերի ջազային մեկնաբանումներն են: Համերգից հետո նա միանգամից կմեկնի Փարիզ, որտեղ ապրիլի 9-ին համերգ է պլանավորված:

Իր «Aratta Rebirth» կվինտետի անվանումը Տիգրանը համարում է արթնանալու, վերածնվելու կոչ, որն ուղղված է համայն մարդկությանը: Ըստ այդ տաղանդավոր ջազմենի` արթնանալ նշանակում է՝ գիտակցել սեփական արմատներն ու մշակույթը, ինչն էլ միակ միջոցն է, որի օգնությամբ կարելի է դիմակայել ուղեղների լվացմանն ու գտնել սեփական տեղն այն անծայր լճում, որը կոչվում է «գլոբալացում»: «Ուզում եմ ասել, որ մենք բոլորս էլ կարող ենք մեր սեփական լեռները բարձրանալ ու վերեւից հայացք նետելով կյանքին` նոր ընտրություն կատարել»,- այսպես է ներկայացնում 22-ամյա Տիգրան Համասյանն իր ուղերձը նոր ստեղծված «tigranhamasyan.com» կայքում:

Տիգրան Համասյանը հասցրել է բազմաթիվ մրցույթների ու փառատոների մասնակցել, մրցանակներ ու ճանաչում ձեռք բերել: Նա արդեն իսկ 3 ձայներիզ եւ բազմաթիվ գաղափարներ ունի: Վերջին տարվա ընթացքում նա հիմնականում աշխատել է «Ari Hoenig» ջազ բենդի հետ, որի կազմում էլ ելույթներ է ունենում Նյու Յորքի բեմերում եւ ձայնագրում նոր ձայներիզ: