ՀՀ Մշակույթի նախարարության նախաձեռնած «Art Expo» արվեստի ցուցահանդես-հաշվետվությունն այս տարի ավելի լայն էր ներկայացված, քան անցյալ տարի: Ավելի շատ էին 2009թ. անցկացված տարբեր մշակութային միջոցառումների, հիմնարկների ու կազմակերպությունների աշխատանք-ռեզյումեների մասին փաստող տաղավարները (թվով 53), ավելի շատ էին գույները, բուկլետները, թռուցիկներն ու վիդեո-հաշվետվությունները, ինչը պետք է թերեւս նշանակի, որ Մշակույթի նախարարությունը ողջ տարվա ընթացքում բեղմնավոր է աշխատել:
Փետրվարի 12-ին բացված «Art Expo»-ն տեւելու է 2 օր, եւ հիմնականում ներկայացնելու է թատերական, երաժշտական ու կինո փառատոների («Ոսկե ծիրան», «Հայֆեստ», «ՌեԱնիմանիա», «Արմմոնո», Շեքսպիրյան, «21-րդ դարի հեռանկարներ» եւ այլն) մեկ տարվա արածը, ինչպես նաեւ՝ թանգարանների գործունեությունը: Ցուցադրվելու են Մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծված ֆիլմերն ու կատարված աշխատանքի մասին վկայող փաստաթղթային էկվիվալենտը: Այսինքն` կատալոգները, տպագրված գրքերը, թողարկված CD եւ DVD արտադրանքը, եթե մրցանակներ են եղել` նաեւ այդ մրցանակները, եթե իրենց գործունեությունը փառաբանող հոդվածներ են տպագրվել, ապա բացվածքով ցուցադրվում են նաեւ այդ թերթերը:
Սովետական ժամանակներում այդ հարվածային աշխատանքը կոչում էին՝ «հնգամյակը 4 տարում», կամ էլ ավելի դիպուկ բնութագրմամբ հայտարարվում էր. «Կատարեցինք եւ գերակատարեցինք պլանը»: Հետո այդ պլանը ներկայացվում էր վերադաս ատյաններին, որպեսզի վերադասը տեսնի, գնահատի, ողջունի ու ապահովի հաջորդ տարվա հարվածային աշխատանքի հիմնաքարը:
Իրականում, հաջողությունների հասած ու Հայաստանի արվեստը ներկայացնող թանգարանները, նվագախմբերը, գրահրատարակչությունները մեկ հարկի տակ հավաքելը լավ գաղափար կարող էր լինել, եթե հաշվետվությունից բացի՝ ներկայացվեին նաեւ ապագա ծրագրերը, այդ դեպքում «Art Expo»-ն կարող էր «Art Market» կոչվել ու համագործակցության հիմք դնել: Իսկ համագործակցելու եւ առավելեւս` գործունեությունը համակարգելու խնդիրը հիմա շատ սուր է: Օրինակ, Հայաստանում բոլոր փառատոները հիմնականում կազմակերպվում են աշնանը, կամ մեկը մյուսին են հաջորդում, կամ էլ ուղղակի զուգահեռ են ընթանում: Իսկ դա խնդիր է: Ինչպեսեւ լրջագույն խնդիր է կրթական ծրագրերի մշակումը, որի համար թերեւս «Art Expo»-ն լավագույն ֆորմատը կարող է հանդիսանալ, քանի որ այստեղ են հավաքվում խոշոր թանգարաններն ու լավագույն մասնագետները, որոնց առջեւ ոչ մի նպատակ չի դրվում, բացի մեկից` կանգնել գունազարդ ստանդարտ տաղավարներում ու սպասել: Խնդիր է նաեւ մեկենասների ու հովանավորների ներգրավումը արվեստի մեջ, սակայն այդ խնդիրը լուծելու համար հարկավոր է ոչ թե անցյալի վրա կենտրոնանալ, այլ գրավիչ փաթեթներով ցուցադրել ապագան, որպեսզի գործնական պայմանագրեր կնքվեն, արվեստն էլ թեկուզեւ հենց սաղմնային` գաղափարային փուլում գնվի, վաճառվի, տարածվի: «Art Expo»-ն գործնական կապեր ստեղծելու հավակնություն չունի, այն պարզապես արարողակարգային միջոցառում է, որն ավելի ու ավելի գեղեցիկ արտաքին տեսք է ստանում եւ ավելի ու ավելի քիչ է ուշադրություն դարձնում բովանդակությանը: Բովանդակությունը չի խրախուսվում, ողջունվում է միայն 3 քմ տարածքի մեջ տեղավորված փառաբանող եւ առատ ներկայացված գեղեցկությունը: Որը դիտելիս` կարող ես ասել միայն` օ՜, ինչպիսի հրաշալի ժամանակներում ենք ապրում, որքան շատ իրադարձություններ ունենք: Կեցցե՛նք մենք:
Արվեստը միայն նվաճումային շրջանակներում ցուցադրելը հատուկ է տոտալիտար համակարգերին: Թեեւ` ո՞վ կարող է վստահ ասել՝ նվաճումն ինչ է. միգուցե դա ոչ թե արձանիկ կամ շքանշան է, այլ այն համերգը, որն ընդամենը 10 երեխա է լսել, կամ էլ այն ֆիլմը, որը 10 պատանի է դիտել: Արվեստը որպես նվաճումային գործիք օգտագործելու միտքը շատ հաջող կիրառում էին Խորհրդային Միության ղեկավարները` հնարելով ԹԺծղ կոչվող մոդելը, որտեղ ամեն մի կազմակերպություն իր լավագույնն է ցուցադրում: Օրինակ, ներկայացնում է, թե որքան կաթ են տվել իրենց սովխոզի կովերը, եւ որքան բողկ կամ ցորեն է հավաքվել այս կամ այն կոլխոզի դաշտերից: Մարդիկ գալով ու տեսնելով ժողովրդական տնտեսության հաջողությունները` հպարտանում ու ոգեշնչվում էին: Չէ՞ որ ոգեշնչվելու կոչերը անում էր անձամբ Կոմկուսի առաջին քարտուղարը, իսկ հանրությունն էլ հետեւում էր նրա օրինակին: «Art Expo» այցելած մարդիկ էլ նույնն են անում: Ողբերգականն այն է, որ եթե այդպես շարունակվի, մի քանի տարի հետո նրանք արդեն չեն էլ իմանա` ինչպե՞ս է հարկավոր ընկալել արվեստը` միայն որպես ցուցանիշային ծափողջու՞յն, թե՞, այսուամենայնիվ, որպես մարդ էակին ուղղված հարց:
«PR»-ի ու տապալման հեղհեղուկ եզրագիծը
Երբ «Art Expo»-ի նման խոշոր հաշվետու ցուցքեր են կազմակերպվում, որպես կանոն, կարեւորվում է միջոցառման մեկնարկը, իսկ արդյունքը (արձագանքները, համատեղ ծրագրերի ակնկալիքը, նաեւ` չիրականացված ցանկությունները) հայտնվում է երկրորդական պլանում: Կարեւորը համարվում է առաջին «զարկը» ու առաջին դեմքերի ներկայությունը: «Art Expo»-ն լավ առիթ ստեղծեց արվեստի ու իշխանության փոխհարաբերությունների մասին մտորելու համար: Չէ՞ որ բոլոր ժամանակներում էլ իշխանությամբ օժտված մարդիկ գիտակցել են, որ արվեստը «փրկօղակ» է, եւ արվեստ սիրող ղեկավարն ավելի մեծ շանսեր ունի ընդունվելու ժողովրդի կողմից, քան, ասենք, միայն սպորտի երկրպագու կամ էլ «չոր» թվերի հետ գործ ունեցող նախագահը: Արվեստը միշտ էլ քնարական քողի դեր է կատարել ժողովրդի ընտրյալների համար` նրանց ավելի զգայուն, կրթված, գիտակ ու նրբանկատ, գեղեցիկը սիրող ու գնահատող անձեր ներկայացնելով: Միգուցե դա պատրանք է, սակայն հենց նման պատրանքն է ժամանակով ստուգված լավագույն «PR» քայլը համարվել այն իշխանավորների համար, ովքեր սեփական լեգիտիմությունը հաստատելու ու ապահովագրելու խնդիր են ունեցել: Արվեստն այդ շանսը տվել է: Սակայն նաեւ վնասել է նրանց, ովքեր չեն կարողացել այդ շանսից օգտվել:
Այս տարվա «Art Expo»-ի մեկնարկը առավել քան վառ ու հանդիսավոր էր, քանի որ արվեստը ներկայացնող տաղավարներ էր այցելել անձամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով շուրջ 1 ժամ անցկացրեց մարդաշատ այդ վայրում ու զրուցեց արվեստի մարդկանց հետ` նրանց հարցեր ուղղելով ու պատասխաններ լսելով: Հարցերն, իհարկե, հիմնականում չեզոք էին, իսկ պատասխանները` լավատեսական ու շնորհակալական երանգ պարունակող: Նախագահի այցի կապակցությամբ «Art Expo»-ի հանդիսավոր բացումը հավասարեցվել էր գաղտնիության ու պաշտպանվածության բարձրագույն աստիճան ունեցող ձեռնարկի հետ: Արվեստի մարդիկ ու թիկնապահները 50/50 հարաբերակցություն ունեին: Եվ, բնականաբար, սեփական անձի կարեւորությունը գիտակցում էին ոչ թե դերասաններն ու երաժիշտները, ներկա արվեստագետները, այլ` ուժ կիրառելու պատրաստ օղակի ներկայացուցիչները` թիկնապահները, որոնք իրենց պահվածքով հաճախ վիրավորում էին այցելուներին: Նախագահը, որ շփվում էր հավաքվածների հետ, չէր տեսնում, թե թիկնապահներն իրենց պահվածքով ինչպես էին վիրավորում արվեստի մարդկանց. միայն նրանք գիտեին, թե ո՞վ, ե՞րբ եւ որտե՞ղ պետք է գտնվի: Թիկնապահներն իրենց այդ կեցվածքով ոչ արվեստին են օգնում, ոչ էլ անձամբ Նախագահին: Նրանք այդպիսով միայն վնաս են հասցնում ղեկավարի վարկանիշին: Այս պարագայում շատ սիմվոլիկ էր մի փաստ. խոշոր թիկունք ունեցող մի թիկնապահ թույլ չտվեց տաղավարներից մեկում կանգնած երիտասարդ կնոջը զուգարան գնալ, ասելով` նախագահը կգա-կգնա, հետո դուրս կգաս էստեղից: Ինչպես դիպուկ ասաց մի արվեստագետ. «Մենք ոչ ավելին ենք, քան խամաճիկները, որոնք խաղում են խամաճիկների թատրոնում: Մեկս լավ է խաղում, մյուսը` ոչ այնքան, սակայն խաղի կանոնները դրանից չեն փոխվում»: Աղջիկը դիմացավ: Դիմացան բոլորը, իսկ հետո, երբ նախագահը գնաց, գնացին նաեւ նրանք, ում հրահանգվել էր կանգնել ու ընդունել նախագահին: Արվեստի «հանձնման-ընդունման» այս ֆորմատն ավարտվեց: Իսկ թե ի՞նչ է լինելու հաջորդ օրը, երբ տաղավարները կշարունակեն գործել, սակայն կարեւոր հյուրեր չեն լինի, արդեն քիչ մարդու է հետաքրքրում: Արվեստն ընդամենը ձեռքի տակ հայտնված գեղեցիկ փաթեթավորում է դարձել, որի մեջ ինչ ասես` փաթաթում են: