ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է, թե նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Աբդուլլահ Գյուլին Թուրքիայի վրա գործադրվող քարոզչական ճնշում է ու, թերեւս, նաեւ զգուշացում` «համբերությունը հատելու վերաբերյալ»:
Ըստ Հ. Մարգարյանի` Թուրքիան էլ իր հերթին է Հայաստանի վրա ճնշում գործադրում, մասնավորապես, հիմնական խնդիրը Թուրքիայի համար այս պահին Ղարաբաղի հարցն է եւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, որպեսզի Ազգային ժողովի կողմից արձանագրությունները վավերացնելու ընթացքում այդ որոշումը վերապահում չդառնա: Եվ քանի որ, ըստ նրա` Թուրքիային «հաջողվում է այս առումով ճնշումներ բանեցնել», գործընթացի ձգձգումն ի վնաս Հայաստանի է: Այնպես որ` Հրանտ Մարգարյանի համոզմամբ, Հայաստանը պետք է ամենաուշը մարտին բանակցությունը ձախողված համարի` Թուրքիայի մեղքով: