«Հայտարարում եմ, որ իմ համար սեւ-մութ ամպեր չկան, սիրով, լավ տրամադրությամբ կատարում եմ իմ աշխատանքը, իմ կոլեկտիվն իմ կողքին է: Պաշտոնանկության մասին խոսք անգամ չկա»,- անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ուժային կառույցի ղեկավարները, այդ թվում՝ նաեւ ոստիկանապետը, պաշտոնանկ են արվելու, երեկ ասել է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը` հավելելով, թե իրեն կարող է պաշտոնանկ անել միայն երկրի ղեկավարը: «Ամեն շաբաթ ես լինում եմ նախագահի մոտ, զեկուցում եմ երկրում տիրող ողջ իրավիճակի մասին: Նրա կողմից շատ նորմալ վերաբերմունքի եմ արժանանում, կարծում եմ, որ դժգոհություններ չունի իմ աշխատանքից. եթե ունենար, ուղիղ կասեր»,- հայտարարել է նա` նշելով, թե «դրանք կարոտախտով տառապող, արկածախնդիր, ոստիկանապետի պաշտոնի հետ հատուկ մտքեր, սիրավեպ կառուցած մարդկանց ֆանտազիայի արդյունք է, հերյուրանք է»: «Հանգիստ խղճով աշխատում եմ: Ոստիկանապետ չեմ ծնվել. մի օր եկել եմ, մի օր էլ գնալու եմ: Բայց կգնամ հանգիստ սրտով, արժանապատիվ, ահ ու դող, լացուկոծ ինձանից չեք լսի»,- հավելել է նա:
Ի դեպ, երեկ իր մասին շրջանառվող համապատասխան լուրը հերքել է նաեւ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, ով, ըստ մամուլի հրապարակումների` պետք է նշանակվի ՀՀ գլխավոր դատախազ։ «Ինձ այդպիսի առաջարկ չի եղել: Չեմ պատկերացնում, որ ժամկետը չլրացած օմբուդսմենը թողնի եւ գնա»,- ասել է նա: