Ինչպես միշտ

11/02/2010

«Ոչ մի հայ նախագահ իրավունք չունի Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների գնալ: Այս գործընթացում հողերի զիջման խնդիր ընդհանրապես չպետք է դրվի»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Այդ թեման պետք է փակված համարել եւ բանակցությունները շարունակել այլ ենթատեքստով, որոնց, նպատակահարմար կլինի, որ մասնակցի նաեւ ԼՂՀ-ն: Հայ-ադրբեջանական պատերազմի վտանգ միշտ էլ կա, եթե երկու երկրների միջեւ չկա խաղաղության մասին հստակ պայմանագիր, կոնֆլիկտի վտանգ միշտ էլ կա»,- ասել է նա: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ստորագրված արձանագրությանը, նա ասել է, թե արձանագրության մեջ կողմերը փորձել են տարբեր իմաստ դնել: Ըստ նրա` հայկական կողմի բանակցությունները եղել են ո՛չ արդյունավետ, ո՛չ ամբողջական, եւ ո՛չ հեռատես: «Բանակցությունների արդյունքում ծնվել է փաստաթուղթ, որը յուրաքանչյուր կողմը փորձում է ընթերցել յուրովի, այստեղից էլ առաջանում է փակուղին: Ինչո՞ւ է թուրքերին այդքան ջղագրգիռ դարձրել հենց ՍԴ-ի որոշումը, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր համոզում էին, որ արձանագրություններում նախապայմաններ չկան, բռնվեցին: Եթե չկան, ապա ինչո՞ւ արձանագրությունների վերաբերյալ ՍԴ որոշումն առաջացրեց նման վերաբերմունք. որովհետեւ Թուրքիան գիտեր իր առաջադրած նախապայմանները: Երբ այդ նախապայմանների իրագործումը դժվարացավ, թուրքերը նեղվեցին»,- ասել է նա` հավելելով, թե ՀՅԴ դիրքորոշումը չի փոփոխվել: Հարցին, թե այժմ ՀՅԴ-ն կո՞ղմ է վավերացմանը, Վ. Հովհաննիսյանը պատասխանել է. «Շատ բան կախված է նրանից, թե Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի համապատասխան հանձնաժողովն ինչ որոշումով կփոխանցի հարցը Կոնգրեսին: Չեմ բացառում, որ որպես Թուրքիայի վրա ճնշում` ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությունը»: