ԵԽ ԽՎ-ի պահանջած ժամանակացույցը դեռ մշակված չէ

11/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Փետրվարի 2-ին ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլումբիեն հայտարարություն էին հրապարակել, որտեղ պահանջ էին ներկայացրել, թե «ՀՀ իշխանությունները պետք է առանց հապաղելու իրականացնեն առաջարկված բարեփոխումները»:

Խոսքը վերաբերում է Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցի` սոցիալ-տնտեսական եւ իրավաքաղաքական բնույթի առաջարկությունների իրագործմանը: «Ժամանակավոր հանձնաժողովի առաջարկած բարեփոխումները ԵԽ ԽՎ-ի համապատասխան բանաձեւերի հանձնարարականների հետ միասին բարեխղճորեն իրականացվելու դեպքում թույլ կտան համակողմանիորեն դիտարկել այն հանգամանքները, որոնք հանգեցրեցին 2008թ. մարտի 1-2-իրադարձություններին»,- հույս էին հայտնել համազեկուցողները:

Նրանք շեշտել են, որ հանձնարարականներն ու առաջարկությունները, հատկապես Ոստիկանությանը եւ Ընտրական օրենսգրքի «վաղուց հասունացած բարեփոխումներին» վերաբերող առաջարկությունները, պետք է իրականացվեն առանց հապաղելու: Համազեկուցողները նաեւ այդ բարեփոխումների իրականացման հստակ ժամանակացույց էին պահանջել: Անցած շաբաթ ԵԽ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասել էր, թե «ոչ թե խոսքեր, այլ կոնկրետ արդյունք են ուզում»: «Խոսքերով շատ հեռու չես կարող գնալ: Դրանով է պայմանավորված, որ մարտի 17-ին մեզանից արդեն կոնկրետ կատարված աշխատանք են ուզում»,- ասել էր Դ.Հարությունյանը: «Ես պատրաստ կլինեմ դա ներկայացնել, եթե աշխատանքները կատարված կլինեն, եթե կատարված չլինեն, ես պատրաստ չեմ լինելու ներկայացնել: Իսկ երկիրը պատրաստ է, թե ոչ, ես կարծում եմ` այո, բայց նման որոշումներ կայացնում են կոալիցիոն ուժերը` համատեղ: Այնպես որ, հայտարարությունը եղել է երեկ, կոալիցիան մոտ օրերս կորոշի` ինչ անել»,- ավելացրել էր Դ.Հարությունյանը:

Հիշեցնենք նաեւ, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի առաջարկությունների իրականացման մշտադիտարկումը ԱԺ-ն վերապահել է Դ.Հարությունյանի ղեկավարած Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Դ.Հարությունյանի ու համազեկուցողների այս հայտարարությունից անցել է մոտ 10 օր: Երեկ փորձեցինք ճշտել, թե կոալիցիոն ուժերը արդյո՞ք քննարկումներ անցկացրել են եւ կազմել են համազեկուցողների պահանջած` առաջարկությունների իրականացման ժամանակացույցը: Պարզվեց, որ կոալիցիոն երեք` «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցությունները դեռ չեն քննարկել, թե կոնկրետ ինչ բարեփոխումներ եւ ինչ ժամկետներում պետք է իրականացնեն: Այսինքն՝ համազեկուցողների պահանջած ժամանակացույցը դեռ պատրաստ չէ: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ անկախ համազեկուցողների եւ ԵԽ ԽՎ բանաձեւերի պահանջից, Մարտի 1-ի իրադարձությունների ու դրանք ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից իր կուսակցությունը պատրաստ էր իրականացնել Ոստիկանության, Դատաիրավական ու Ընտրական օրենսգրքին վերաբերող բարեփոխումները: «Առանց Պրեսկոտի վերլուծականների էլ հանձնաժողովի զեկուցագիրն այնպիսին է, որ ենթադրում է բարեփոխումներ: Առավելեւս նման տիպի բարեփոխումներ, անկախ Մարտի 1-ից, նախատեսված են մեր ծրագրերում: Դա ոչ թե ճնշում կամ որեւէ եզրակացություն եմ համարում մեր նկատմամբ, այլ պարզապես դա մեր խնդիրն է, մեր ծրագրավորված սկզբունքներն են: Կարծում եմ, որ առաջիկայում ավելի արագացված պրոցես կլինի: Եվ բարեփոխումները կվերաբերեն դատաիրավական համակարգին, որը առաջ է գնում: Ոստիկանության բարեփոխված օրենսդրության խնդիրները քննարկվում են»,- ասաց Գ.Սահակյանը:

Փաստորեն, Մարտի 1-ի իրադարձություններից 2 տարի հետո էլ իշխանական հիմնական ուժ հանդիսացող ՀՀԿ-ն դեռ ոչ միայն չի կատարել ԵԽ ԽՎ պահանջները, այլեւ` իր նախընտրական ծրագրերում նախատեսված խոստումները: «Եթե անհրաժեշտ է որեւէ ժամանակացույց կազմել, դա ՀՀ շահերից բխող գործոն է, այնպես որ, չեմ կարծում, որ խնդիրներ կունենանք այդ հարցում ԵԽ-ի հետ: Դ.Հարությունյանի հանձնաժողովը մոնիտորինգ է անցկացնում այդ ուղղությամբ: Փորձելու ենք լուծել, այնպես որ, մտահոգվելու խնդիր չկա»,- հուսադրեց Գ.Սահակյանը:

Բնականաբար, առանց ՀՀԿ-ի քննարկում չի եղել նաեւ մյուս երկու՝ ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցությունների հետ: ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակության ՕԵԿ-ական նորաթուխ անդամ Արծրուն Աղաջանյանը մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, թե ինքը Գյումրիում է եւ ոչ մի բանից տեղյակ չէ: Իսկ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, թե հարցը կոալիցիոն ուժերի հետ չի քննարկվել հավանաբար այն պատճառով, որ Դ.Հարությունյանը Հայաստանում չէ: Պարոն Հարությունյանը Ուկրաինայում է եւ հետեւել է այդ երկրի նախագահական ընտրություններին: «Բնականաբար մեր կուսակցությունում խնդիրը քննարկվել է, եւ մենք եւս համամիտ ենք, որ պիտի առավելագույն աշխատանք տարվի, որ մարտի 17-ին Մոնիտորինգի հանձնաժողովում ներկայացվի ճանապարհային այն քարտեզը, որով շարժվենք առաջ: Որ ԵԽ ԽՎ բանաձեւերում առկա այն խնդիրները, որոնք դեռեւս լուծված չեն, լուծվեն: Ինչ վերաբերում է խորհրդարանին վերապահված խնդիրներին, մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի բարելավմանը, ապա արդեն իսկ ԱԺ-ում ստեղծվել էր Ընտրական օրենսգրքի բարելավման աշխատանքային խումբ, ես կարծում եմ, որ կոալիցիոն քննարկումներից հետո աշխատանքային խումբը կվերսկսի իր աշխատանքները, եւ կհստակեցվեն այն խնդիրները, որոնք ենթակա են վերամշակման»,- ասաց Ն.Զոհրաբյանը:

Ավելացնենք նաեւ, որ համազեկուցողների այս հայտարարությունից հետո ՀԱԿ-ը հայտարարեց, թե Մոնիտորինգի հանձնաժողովին կներկայացնի բարեփոխումների իր ծրագիրը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ այդ նպատակով ստեղծվել են աշխատանքային խմբեր, եւ խնդիրը ուսումնասիրվում է: «ՀՀ-ն գտնվում է խորը քաղաքական ճգնաժամում, որը առաջացել է 2008թ. փետրվարի 19-ի ընտրությունների կեղծմամբ եւ Մարտի 1-ի սպանդի արդյունքում: Այդ ճգնաժամը լուծելու համար մշակելու ենք այն միջոցառումները, որը, ըստ Կոնգրեսի, մեր երկրին դուրս կհանի ճգնաժամից: Հիմա մենք առաջարկություններ ենք ընդունում տարբեր կուսակցությունների ու խմբերի կողմից: Դրանք հետո համադրվելու են, եւ ստեղծվելու է միասնական միջոցառումների մի գրաֆիկ: Կարծում եմ՝ մարտի սկզբին մենք այն կներկայացնենք Մոնիտորինգի հանձնաժողովին»,- ասաց Լ.Զուրաբյանը:

Ի դեպ, ՀԱԿ-ը շուտով հրապարակելու է նաեւ իր տնտեսական ծրագիրը, որը, Լ.Զուրաբյանի խոսքերով, համակարգային լուծումներ է առաջարկելու օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար: