Երեկ Գյումրիում տեղի ունեցավ ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) խորհրդի արտագնա նիստը, որի ժամանակ մի շարք չարաշահումների վերաբերյալ հերթական բացահայտումներ արվեցին:
Հաշվետվությունները վերաբերում էին 2007-ի հունվարի մեկից մինչեւ 2009-ի հոկտեմբերի մեկն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզպետարանի, Գյումրիի քաղաքապետարանի, Առողջապահության եւ Գյուղատնտեսության նախարարությունների գործունեության վերահսկողությանը: Նախ ներկայացվում էին վերը նշված գերատեսչություններին վերաբերող խախտումները, այնուհետեւ` այդ խախտումների հետեւանքով պետական կամ համայնքային բյուջե վերականգնման ենթակա գումարների չափերը եւ այն, թե 2010-ի փետրվարի սկզբի դրությամբ որքան գումարներ են արդեն իսկ վերականգնվել: Միանգամից նշենք, որ որեւէ խախտման վերաբերյալ Դատախազություն գործ ուղարկելու մասին որոշում ՎՊ խորհուրդը երեկ չկայացրեց: ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը դա բացատրեց այն հանգամանքով, որ կազմվել է խախտումների վերականգնման ժամանակացույց, որը դեռեւս չի լրացել (կլրանա մարտի մեկին): «Երբ ժամկետը լրանա, եւ գումարները չվերականգնվեն` գործերը միանշանակ կուղարկենք դատարան: Ես ուզում եմ Ձեզ հիշեցնել, որ Լոռու մարզում մեկ արտագնա նիստի ժամանակ միանգամից 11 գործ ուղարկել ենք Դատախազություն»,- նշեց Ի. Զաքարյանը: Ինչեւէ, իսկ ի՞նչ բնույթի եւ ծավալի խախտումներ է արձանագրել ՎՊ-ն այս անգամ:
Շիրակի մարզպետարանում իրականացված վերահսկողության արդյունքներով հայտնաբերված ֆինանսական խախտումների եւ Թերությունների ընդհանուր գումարը ուսումնասիրման ենթակա ժամանակահատվածում կազմել է մոտ 90 մլն դրամ, որից 78 մլն-ը ենթակա է վերադարձման պետական բյուջե: Այդ 90 մլն խախտումը արձանագրվել է մոտ 1,5 մլրդ դրամ պայմանագրային արժեքով 17 ծրագրի ստուգման արդյունքում: Այլ կերպ ասած` Շիրակի մարզպետարանին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման ժամանակ այդ հատկացումների 6%-ը յուրացվել կամ խախտումներով է ծախսվել: Ընդ որում, նշենք, որ այդ խախտումները հիմնականում վերաբերել են քաղաքաշինության բնագավառին: Մեխանիզմը հետեւյալն է` մարզպետարանը շինարարական կազմակերպություններին պատվերներ է տվել, եւ այդ ծրագրերն իրականացնելու համար պետական բյուջեից միջոցներ է ստացել: Սակայն շինարարական կազմակերպությունները, կոպիտ ասած, «քցել են» իրենց պատվիրատուին` Շիրակի մարզպետարանին` հետեւյալ ձեւով` 49,1 մլն դրամ ծավալային հավելագրում են ցույց տվել (չկատարված աշխատանքի դիմաց գումարներ են ստացել), 2,8 մլն դրամի չափով ուռճացված գներ են ցույց տվել (օրինակ` գնել են սովորական պատուհաններ, բայց ցույց են տվել, թե գնել են բացվող-փակվող պատուհաններ), եւ 2.7 մլն դրամի չափով էլ անորակ աշխատանք են կատարել: Խախտումների մյուս մասը կապված է եղել կրթական ծրագրերի հետ` աշակերտների ավել թվի ֆինանսավորում (6.3 մլն դրամ), սննդամթերքի ձեռքբերման համար ավել ֆինանսավորում (5.4 մլն դրամ): Ի. Զաքարյանը հատուկ շեշտեց, որ 659 դիմումատուների հետ մարզպետարանը պարտավոր էր «Լինսի» հիմնադրամի միջոցներով կառուցված բնակարանների` սեփականության իրավունքով անհատույց տրամադրման պայմանագրեր կնքել, սակայն կնքել է միայն 297-ի հետ: Մնացած 362-ի հետ տարբեր պատճառաբանություններով (որոնք Վերահսկիչ պալատը հիմնավոր չի համարում) մարզպետարանը պայմանագրեր չի կնքել: Զգալի խախտումներ կապված են ընտանեկան նպաստ համակարգի հետ (երբ նպաստ ստանում են անձինք, ովքեր չպետք է ստանային): Այստեղ ներգրավված են բազմաթիվ գերատեսչություններ (նաեւ մարզպետարանն ու քաղաքապետարանը), եւ պատասխանատվությունը հստակ չէ, ուստի ՎՊ-ն առաջարկել է կառավարությանը «արմատապես փոխել» այս համակարգը: Գյումրիի քաղաքապետարանի կողմից վերը նշված ժամկետում իրականացված գործարքների վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են մոտ 430 մլն դրամի խախտումներ, որից վերականգնման ենթակա է 275 մլն դրամը: 2010-ին փետրվարի 3-ի դրությամբ ՎՊ-ին Գյումրիի քաղաքապետի կողմից ուղարկված գրության համաձայն՝ խախտումները վերացվել են 203 մլն դրամի չափով: Ընդհանրապես խախտումները հիմնականում տեղական տուրքերի, գույքահարկի, հողի հարկի չվճարումների հետեւանքով Գյումրիի համայնքային բյուջեին հասցված վնասների գումարներն են, ինչպես նաեւ ընտանեկան նպաստների համակարգում կատարված չարաշահումները: Հատկապես մտահոգիչ են շուկայական եւ նույնիսկ` կադաստրային արժեքից չափազանց ցածր գնով Գյումրիի քաղաքապետարանի կողմից իրականացված հողերի օտարման գործարքները: Այս խնդիրը, ի դեպ, առկա է նաեւ ՀՀ բազմաթիվ այլ համայնքների պարագայում, եւ ամենազարմանալին այն է, որ չնչին գներով քաղաքապետարանների ու գյուղապետարանների կողմից հողերի օտարումը ՀՀ օրենսդրությամբ խախտում չի համարվում: Գյումրիի պարագայում նշված ժամանակահատվածում աճուրդով քաղաքապետարանի կողմից իրացված 723 հողակտորներից 93-ը կադաստրային արժեքից ցածր են եղել, եւ այդ տարբերությունը կազմել է 30 մլն դրամ: Ավելին, երբ այդ հողերից 11-ը վերավաճառվել են` ընդամենը մի քանի օր կամ շաբաթ հետո, առաջին ու երկրորդ օտարումների գնային տարբերությունները կազմել են մոտ 291 մլրդ դրամ: Այսինքն` կարելի է ասել, որ ավելի քան 1 մլրդ դոլարի չափով գումար պարզապես գրպանվել է: Գյումրիի քաղաքապետարանի կողմից կատարված մյուս խախտումները վերաբերել են համայնքային սեփականություն հանդիսացող թվով 6 մանկապարտեզների օտարմանը, որը, ըստ ՎՊ-ի, իրականացվել է նախադպրոցական կրթության մասին օրենքի 30-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջների խախտմամբ: Այդ մանկապարտեզներից երկուսը Գյումրիի քաղաքապետարանը անհատույց օգտագործման է տվել 2 ՍՊԸ-ների, սակայն ՎՊ-ի պահանջով այդ պայմանագրերը արդեն չեղյալ է համարել (այսինքն` խախտումը վերականգնվել է): Իսկ մյուս 4-ը, ինչպես երեկ լրագրողներին հայտարարեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ոչ թե մանկապարտեզներ են, այլ գյումրեցիներով արդեն ավելի քան 20 տարի բնակեցված շինություններ: Այսինքն` այդ շենքերը անհատույց օգտագործման են տրվել այդտեղ բնակվող ընտանիքներին:
Ինչեւէ, անցնելով Առողջապահության ու Գյուղատնտեսության նախարարություններին վերաբերող խախտումներին, նշենք, որ առաջինի պարագայում հայտնաբերվել են մոտ 80 մլն դրամի խախտումներ (ընդ որում, պետպատվերի շրջանակներում իրականացվող ծրագրերի պարագայում ՎՊ-ն խախտումներ չի արձանագրել), իսկ երկրորդի պարագայում՝ 11 մլն դրամի խախտում (153 մլն դրամ արժողության ծրագրերից, 7%): Ի. Զաքարյանը նաեւ անդրադարձավ «Բիո Ունիվերսալ» կազմակերպության կողմից ուռճացված գներով ներմուծված դեղանյութերի հետեւանքով հասցված վնասի չափին (ավելի քան 1 մլն դոլար` արտադրողից գնելու պարագայում) եւ առաջարկեց համապատասխան պետական գերատեսչություններին` տենդերներ հայտարարելիս եւ որոշում կայացնելիս հաշվի առնել այս հանգամանքը: