Հայրենի իշխանությունները հայրենի գործարարների դեմ ուղղված քայլերի հարցում առանձնակի շտապողականություն են ցուցաբերում: Խոսքը, բնականաբար, խոշոր գործարարների մասին չէ:
Այս անգամ գործարարներին «հաճելի» անակնկալ է մատուցել Երեւանի քաղաքապետարանը։ Մեծ թվով մանր ու միջին խանութների սեփականատերերի օրերս այցելել են թաղապետարանների ներկայացուցիչներ եւ «ավետել», որ ալկոհոլ ու ծխախոտ վաճառելու համար թույլտվության գինը բարձրացել է 4 անգամ։ Բանն այն է, որ եթե նախկինում Երեւանի ծայրամասերում գտնվող խանութները վճարում էին 60 հազար դրամ, այժմ կարգը փոխվել է։ Արդեն կապ չունի՝ խանութը գտնվում է ծայրամասո՞ւմ, թե՞ Հանրապետության հրապարակի մոտ։ Որպես չափորոշիչ՝ ընդունվում է, թե խանութը (կամ կրպակը) փողոցի որ գծում է տեղակայված։ Եթե խանութները «առաջին գծում» են, այսինքն՝ գտնվում են հենց գլխավոր փողոցի վրա, ապա պետք է վճարեն 250 հազար դրամ։ Ընդ որում, կապ չունի՝ խոսքը 4-5 քմ տարածքով խանութի՞, թե՞ հսկա սուպերմարկետի մասին է։
Պատկերացրեք, ասենք, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող փոքրիկ խանութը, որն ամսական 5-10 հազար դրամ սոցվճար է կատարում, ամսվա կտրվածքով՝ 15-20 հազար դրամ հարկային այլ վճարումներ, կոմունալ վճարումներ եւ այլն, հիմա էլ պետք է ամսական 20.800 դրամ վճարի ծխախոտ ու ալկոհոլ վաճառելու թույլտվության համար՝ նախկին 5 հազարի փոխարեն։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հանրապետությունում գործում է ավելի քան 13 հազար խանութ, որից շուրջ 12 հազար փոքր խանութներ են, ունեն մինչեւ 5 աշխատող։ Դրանց 20%-ը կամ 2400-ը գտնվում են Երեւանում։ Այդ խանութների կեսից ավելին զբաղվում են պարենային եւ խառը (պարենային ու ոչ պարենային) ապրանքների, այդ թվում՝ ալկոհոլի եւ ծխախոտի վաճառքով։ Այսինքն՝ 1200 մանր տնտեսվարողներ պետք է տարեկան 60-250 հազար դրամ վճարեն՝ ալկոհոլ ու ծխախոտ վաճառելու թույլտվության համար։ Մանր կրպակատերի համար դա քիչ գումար չէ։ Օղին կամ ծխախոտը թանկ վաճառել չեն կարող, որովհետեւ գնորդն այդ ապրանքները ձեռք կբերի 50 մետր հեռավորության վրա գտնվող սուպերմարկետից, որի համար 250 հազարը շրջանառության չնչին տոկոս է կազմում, եւ գին բարձրացնելու անհրաժեշտություն չկա։ Մնում է մի ելք՝ ընդհանրապես հրաժարվել օղու եւ ծխախոտի վաճառքից։ Եվ կրկին ստացվում է այն, ինչի մասին բազմիցս գրել ենք. առեւտուրը կենտրոնանում է խոշորների ձեռքում։ Այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանն էլ, կառավարության հետ միասին, տնտեսությունը ակտիվորեն տանում է դեպի մոնոպոլացում։
Իսկ փողոցների սյուները եւ դրանց վրա տեղադրված գովազդը լրիվ աբսուրդի ժանրից են։ Իր սեփական տան խանութի դիմաց տանտերը սեփական միջոցներով սյուն է կանգնեցրել եւ վրան փոքրիկ ցուցանակ խփել՝ «Մթերք» տարածված մակագրությամբ։ Եվ ահա, հայտնվում է ինչ-որ մեկն ու ազդարարում, թե «ստոլբան» համայնքի սեփականությունն է եւ դրա վրա գովազդ տեղադրելու համար հարկավոր է մուծվել։ Սա այն դեպքն է, երբ չես էլ հետաքրքրվում՝ այդ պահանջը օրենքին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Անիմաստ է։ Որովհետեւ, եթե օրենքն է այդպես պահանջում, ուրեմն վիճակը շատ ավելի վատ է։ Ուրեմն օրենքն է կլպում սեփական քաղաքացիներին։ Խեղճերին։ Որովհետեւ խոշորները, օլիգարխներն ու նրանց հավասարեցված անձինք կարող են «արխային» խախտել օրենքը, օրինակ՝ դպրոցի մոտ վերգետնյա անցում սարքել ու այդ շինության վրա լայնքով մեկ օղի գովազդել՝ նույն ազնիվ նպատակով, որով քաղաքապետարանը փող է վերցնում օղի ու ծխախոտ վաճառելու թույլտվության համար՝ մատաղ սերնդի առողջ ապրելակերպ քարոզելու համար։ Լավագույն դեպքում, հասարակ կրպակատիրոջ տեղադրած «ստոլբայի» վրա հայտնվում է «Վիվա Սելի», «Բիլայնի» կամ «Օրանջի» գովազդը, որոնք ունեն մի ընդհանրություն. երեքի սեփականատերն էլ մենք չենք։ Ի դեպ, երեկ էլեկտրոնային ԶԼՄ-ներից մեկը հետաքրքիր տեղեկատվություն էր տարածել Զիմբաբվեի մասին։ Այնտեղ ուժի մեջ է մտել մի օրենք, որի համաձայն՝ այդ երկրում բիզնեսի սեփականատեր կարող են լինել միայն սեւամորթները։ Այսինքն՝ բնիկ զիմբաբվեացիները։ Մաշկի այլ գույն ունեցող բիզնեսմենները 45 օրվա ընթացքում պետք է իրենց ունեցվածքը փոխանցեն սեւամորթներին, այլապես նրանց սպառնում է մինչեւ 5 տարվա բանտարկություն։ Իհարկե, սա վրեժխնդրության յուրօրինակ ձեւ է՝ երբ նախկինում կիրառվող խտրականությանը պ1ատասխանում են խտրականությամբ՝ հակառակ ծայրից։ Սակայն այն ունենալու է մի կարեւոր տնտեսական հետեւանք եւս. երկրի հարստությունը չի կուտակվելու այլազգիների ձեռքում։ Մենք, շատ հաճախ, մեր երկրում տարբեր իրողությունների բացասական գծերը ընդգծելու համար զուգահեռներ ենք անցկացնում հենց այս երկրի կամ, ասենք, Մոզամբիկի հետ։ Մինչդեռ դժվար է չհամաձայնել, որ այս հարցում զիմբաբվեացիներից սովորելու բան ունենք։ Բայց մեր մաշկի գույնը միջին մգություն ունի՝ աֆրիկացուց բաց, ռուսներից մուգ։ Դրա համար էլ մենք ոչ այս կողմ ենք գնում, ոչ այն։ Մենք ընդամենը մի քայլ ենք անում, այն էլ՝ ավելի շատ ճարահատյալությունից. վերցնում ենք սղոցն ու կտրում մեր իսկ սարքած չարաբաստիկ սյունը։ Ոչ մեզ, ոչ քաղաքապետարանին։ Ճիշտ նույն կերպ, երբ Ճանապարհային ոստիկանության սահմանած աստղաբաշխական տուգանքների դեմ պայքարելու փոխարեն՝ վերցնում ենք սեւ ներկը ու գիշերով ներկում ճանապարհի մեջտեղով անցնող սպիտակ հոծ գիծը, որն արգելում է շրջադարձ կատարել ու մտնել սեփական շենքի բակը։ Ընդ որում, ամեն մարդ ներկում է իր շենքի հատվածը, ամեն տանտեր կտրում է իր տնկած սյունը, ու ամեն ոք լուծում է միայն ի՛ր խնդիրը։ Դրա համար էլ ոչ մի խնդիր չի լուծվում։
Ու, չնայած սրան, որքան էլ զարմանալի լինի, անուղղելի լավատես ենք։ «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի»՝ լավատեսության/հոռետեսության չափիչի համաձայն, հայ գործարարների լավատեսությունը +32 է, ինչը շատ մոտ է համաշխարհային միջինին։ Այսինքն, ապագային լավատեսությամբ նայող գործարարները 32%-ով ավելի շատ են, քան հոռետեսները։ Պարզ չէ միայն, թե լավատեսության այդ դրսեւորումը ինչո՞վ է պայմանավորված՝ կառավարության նկատմամբ վստահությա՞մբ, թե՞ սեփական բիզնեսի վրա «չկռռալու» սնահավատ վախով։