Վաղը ՀՀ իշխանությունները մենակ են մնալու թուրքերի ու ադրբեջանցիների դեմ

11/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները տարատեսակ մեկնաբանությունների արժանացան: Կարծիք կա, որ Վիկտոր Յանուկովիչի հաղթանակով Ռուսաստանը Ուկրաինայում հաղթեց Արեւմուտքին: Մյուս կողմից, ոմանք գտնում են, որ Արեւմուտքն այլեւս չի կարեւորում հեղափոխություններն ու այդ ճանապարհով իշխանության գալու հնարավորությունը, եւ Ուկրաինայում տիրող իրավիճակը դրա վառ օրինակն է: Դուք ծանոթ եք այդ երկրի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին, ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ընտրություններում հաղթում է ոչ թե գործող վարչապետը, այլ նախկին վարչապետը:

– Նախ նշեմ, որ Ուկրաինայում տեղի են ունեցել իրական ընտրություններ: Երկրորդ, այդ երկրում ընդդիմությունը երկրորդ անգամ հաղթում է ընտրություններում: Իսկ ընդհանրապես` այդ երկիրը նորից դիլեմայի առաջ է կանգնել: Դա պատահական չէ: Ուկրաինան գործնականում բաղկացած է երկու երկրներից` արեւելքից եւ արեւմուտքից: Չգիտեմ` այնտեղ կհաղթի արեւե՞լքը, թե՞ արեւմուտքը, բայց այսօր ուկրաինացիները նույնիսկ արեւելքում պրոեվրոպական են: Նրանք ուզում են դառնալ եվրոպական ընտանիքի անդամ եւ ունենալ ժողովրդավար երկիր: ՌԴ-ն չի կարող Յանուկովիչի հաղթանակը ներկայացնել որպես իր հաղթանակը: Միեւնույն ժամանակ, եթե հաղթեր Տիմոշենկոն, ՌԴ-ն նրան էլ կպաշտպաներ: Բանն այն է, որ նույն Յանուկովիչը վերջիվերջո կարող է շատ ավելի կարծր լինել ՌԴ-ի նկատմամբ, ինչպես տարիների ընթացքում դա արեց Լուկաշենկոն: Եվ ՌԴ-ում շատ լավ հասկանում են, որ նա ուժեղ անձնավորություն է, եւ հնարավոր է, որ ամբողջ Ուկրաինան հավաքի իր ձեռքում: Իսկ ընդհանուր առմամբ ուրախալին այն է, որ այդ երկրում կան դեմոկրատական ինստիտուտներ, հասարակական կարծիք, բազմակարծություն, այլընտրանք, եւ կան ընտրություններ: Մենք Ուկրաինայից մի կարգով ցածր ենք:

– Ուկրաինայի օրինակը նկատի ունենալով` կարծիք կա, որ Արեւմուտքին այլեւս գունավոր հեղափոխություններ պետք չեն: Եվ դա կարող է վերաբերել նաեւ Հայաստանին:

– Ոչ, դա այդպես չէ: Ես համոզված եմ, որ Եվրամիությունն այլեւս չի ուզում ընդլայնվել դեպի արեւելք, այլապես նրանք Ուկրաինայի նախկին նախագահին կօգնեին: Թեպետ նա էլ արդյունավետ չաշխատեց: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք պետք է լուծենք մեր հարցերը: Տնտեսական ճգնաժամ է, Արեւմուտքը կենտրոնացել է իր խնդիրների լուծման վրա: Նույն Օբաման Իրաքից եւ Աֆղանստանից դուրս գալու հարմար առիթ է փնտրում: Դա սիգնալ է ոչ թե Հայաստանի ընդդիմությանը, որ՝ տեսեք, Արեւմուտքը ձեզ չի օգնի: Արեւմուտքը առանց այդ էլ մեզ երբեք չի օգնել: Եվ ես միշտ էլ ասել եմ, որ 2008-ի մարտի 1-ի հիմնական բորբոքողը ԵԱՀԿ/

ԺՀՄԻԳ-ի դիտորդների առաքելության ղեկավար, դեսպան Գերդ Արենսն էր, ով ընտրություններից անմիջապես հետո հիմար հայտարարություններ արեց, թե իբր նախագահական ընտրությունները կայացել են: Դրանից հետո իշխանությունները լկտիացան եւ մտածեցին, թե ինչ ուզեն` կարող են անել: Հետագայում առիթ եղել է նրան ասելու` էս ի՞նչ արեցիր: Եթե դու սխալ հայտարարություն չանեիր մեր ընտրությունների մասին, Քոչարյանը չէր թեւավորվի եւ այս սպանդը չէր կազմակերպի: Նա ասել է, թե՝ ես ինչ կարող եմ անել, եթե իմ դիտորդների մեջ շատ ռուսներ կան:

– Ի՞նչ է դա նշանակում:

– Դա նշանակում է, որ իբր ռուսները չեն ուզում նկատել ընտրությունների նրբությունները: Այնպես որ, արեւմտյան դիտորդներն ընտրությունների ժամանակ ընդդիմության հետ չեն եղել: Մենք չենք էլ աղերսել նրանց մեր կողմը լինել: Ինձ քիչ են հետաքրքրում ՌԴ-ն, Արեւմուտքն ու Արեւելքը: Ինձ հետաքրքրում է Հայաստանն իր ներքին կացությամբ: Այնպես որ, Արեւմուտքի այդ որոշակի փոփոխությունը Ուկրաինայի նկատմամբ Հայաստանի իշխանություններին պետք է հուզի: Վաղը ՀՀ իշխանությունները մենակ են մնալու թուրքերի ու ադրբեջանցիների դեմ: Մինչդեռ նրանք իրենց թշնամուն տեսնում են ներքին շարժումների կամ ընդդիմության մեջ: Որպեսզի մենք դիմակայենք այդ արտաքին արհավիրքներին, մենք ներսից միասնական պետք է լինենք: Որպեսզի ներսից միասնական լինենք, մեր երկրում այլընտրանքը պետք է գործի ամենուրեք` եւ՛ տնտեսության, եւ՛ քաղաքականության մեջ, եւ՛ ընտրություններում: Գալով Արեւմուտքին՝ ասեմ, որ երբ շահ ունենա, կանի, կխառնվի:

– Այսինքն՝ 2008-ի ընտրական ու հետընտրական գործողությունների համար ՀՀ իշխանություններն ունեին Արեւմուտքի լիակատար աջակցությո՞ւնը:

– Այո, բայց հետո Արեւմուտքը փոշմանեց: Բայց ես Արեւմուտքի ազնվությանը կհավատամ, եթե այդ նույն դիտորդական առաքելության ղեկավարին դատեն: Չէ՞ որ հետո իրենց վերջնական զեկույցը փոխեցին: Դա էլ խաղ էր: Բայց նորից կրկնում եմ, ոչ միայն Ռ.Քոչարյանը, այլեւ դեսպան Արենսը պետք է քրեականորեն հետապնդվեն:

– Ասացիք, որ Ուկրաինայի ժողովուրդը դեպի եվրոպական ընտանիք եւ ժողովրդավարություն է ձգտում: Եթե Հայաստանում ժողովրդավարություն չկա, դա նշանակում է՝ մեր ժողովուրդը դրան չի՞ ձգտում:

– Ոչ, մենք փոքր երկիր ենք: Օրինակ, Ուկրաինայի զինված ուժերն ընդամենը 2,5 անգամ են մեծ Հայաստանի ուժերից, այն դեպքում, երբ երկիրը 22 անգամ է մեծ: Մեզ մոտ բավական է 5-10 հազար հոգանոց զինված դիվիզիան հավատարիմ մնա իշխանություններին, արդեն խնդիրը հաղթահարել չի լինի: Թեպետ մենք ստեղծել ենք բավականին լուրջ զինվորական ուժ, եւ դա օբյեկտիվ պատճառներով ենք արել, բայց այսօր դա օգտագործվում է ի չարս ժողովրդի` ընտրությունների ժամանակ կանգնելով իշխանությունների կողքին: Իրականում մենք քաջ ու ժողովրդավարությանը հավատարիմ ժողովուրդ ունենք։

– Ձեր կարծիքով՝ Արեւմուտքն այսօր ի՞նչ խնդիրներ է փորձում լուծել ՀՀ-ում, կամ Հայաստանն այսօր ի՞նչ արժեք ունի Արեւմուտքի համար: Կարելի՞ է ասել, որ Հայաստանում Արեւմուտքի հենարանն այսօր իշխանություններն են:

– Այսօր Արեւմուտքն աշխատում է եւ՛ իշխանությունների հետ, եւ՛ ժամանակ առ ժամանակ փորձում է թեւավորել ընդդիմությանը: Մեծ հաշվով՝ իր գործն է անում: Արեւմուտքի հիմնական խնդիրներն են՝ լուծել ԼՂՀ հիմնախն1դիրը, ստանալ հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանը բացելու համաձայնությունը եւ ՀՀ-ի ու ոչ թե Վրաստանի տարածքով տանել առաջիկա գազամուղներն ու նավթամուղները: Խանգարում են երկու` հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական խնդիրները եւ ռուսական զորքի առկայությունը մեր երկրում: Սա էլ հակադրվում է Ռուսաստանի քաղաքականությանը, որը գտնում է, որ զորքեր պետք է ունենա ՀՀ-ում: Եվ իրենց հերթին ռուսները, մեզանից բացի, աշխատում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ստացվել է, որ ՀՀ-ն հայտնվել է մի վիճակում, երբ առաջարկում է ծառայությունները ռուսներին, բայց չի ստանում այն օժանդակությունը, որը կուզենար ստանալ՝ ըստ մեր իշխանությունների: ՌԴ-ն իբր համաձայն է Արեւմուտքի քաղաքականությանը, մյուս կողմից էլ՝ պարզ է, որ Արեւմուտքի կողմից առաջարկվող լուծումը մեզ ձեռնտու չէ: Դա նշանակում է՝ տարածքների որոշակի հանձնում, ԼՂՀ հարցի լուծում հօգուտ Ադրբեջանի կամ ինքնորոշում ամենայն հավանականությամբ Ադրբեջանի կազմում, ինչին մերոնք հազիվ թե գնան: Մեր բախտը պարզապես բերել է, որ եւ՛ թուրք, եւ՛ ադրբեջանական իշխանավորները չգիտեն, թե ինչ բան է՝ դիվանագիտություն: Եթե նրանք դիվանագիտություն իմանային, օրինակ, չէին բողոքի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեմ: Դա ի վերջո իրենց օգտին էր լուծել հարցը: Սա զգայական մոտեցում էր, որովհետեւ,- եթե նրանք մի փոքր ավելի զուսպ մոտեցում ցուցաբերեին, ՀՀ-ն անպայման կանգնելու էր այն փաստի առաջ, որ կամ ստորագրելու էր, կամ կտրուկ մերժելու էր: Այս դեպքում արդեն Արեւմուտքը կտրուկ շուռ կգար ՀՀ-ի դեմ:

– Կարծիք կա, որ ՌԴ-ն չի ցանկանում լուծված տեսնել ԼՂՀ եւ հայ-թուրքական խնդիրները, որովհետեւ արդյունքում կարող է իր զորքերը դուրս բերել Հայաստանից: Իսկ դա կթուլացնի այդ երկրի ազդեցությունն այս տարածաշրջանում:

– Այդպիսի խնդիր կա ՌԴ-ի համար: Բայց կա մի պահ, երբ ՌԴ-ն կարող է ցանկանալ դրա լուծումը, եթե լեզու գտնի Ադրբեջանի հետ գազի եւ նավթի տարանցիկ փոխադրման համար: Այսօր մենք տեսնում ենք ռուս-թուրքական մերձեցում: Ի վերջո, Թուրքիայի մեծագույն հաջողությունն է, որ ռուսական Հարավային գազամուղը եւ ՆԱԲՈՒԿՈ-ն անցնելու են իր տարածքով: Թուրքիան կարողացել է այնպես անել, որ երկու գեոպոլիտիկ, իրարամերժ կարեւորագույն կառույցներն անցնեն իր տարածքով: Եվ երկու դեպքում էլ կողմերը գոհ են Թուրքիայից:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ՌԴ-ն հանուն այդ երկու երկրների հետ ունեցած իր շահերի՝ «դավաճանի» Հայաստանին:

– Ես չեմ կարծում, որ ՌԴ-ն հենց այնպես դավաճանի ՀՀ-ին, բայց եթե մենք մեծ կոնֆլիկտ ունենանք մեր հարեւանների հետ, ես տառացիորեն վստահ եմ, որ ՌԴ-ն ոչ տնտեսապես դրա համար կվճարի, ոչ էլ ռազմական միջոցներով: Նա պարտավոր չէ:

– ՌԴ-ն իր էներգետիկ ռեսուրսներով այսօր ճնշում է գործադրում Եվրոպայի վրա: Թուրքիայի տարածքով անցնում եւ անցնելու են նավթատար ու գազատար հսկա խողովակաշարեր: Արդյո՞ք վտանգ չկա, որ իրականացվող ծրագրերի արդյունքում Թուրքիան ավելի մեծ սպառնալիք կդառնա Հայաստանի համար:

– Անպայման, իհարկե: Թուրքիան կօգտագործի իր համեմատական առավելությունը: Դա նաեւ կազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: ՌԴ-ն դառնում է ավելի խոցելի Թուրքիայի համար, Թուրքիան` ոչ: Եվ, բնականաբար, Թուրքիան որոշակի լիմիտներ կգնի հայ-ռուսական հարաբերությունների համար: Այդ լիմիտների մի մասը ՌԴ-ն ստիպված կլինի ընդունել:

– ՀՀ ԿԲ-ն կանխատեսել է, որ այս տարի ՀՀ տնտեսությունը կունենա 0,5-2 տոկոս աճ: Գրեթե այնքան, որքան կանխատեսել էր կառավարությունը 2010թ. բյուջեում: Հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացում:

– Ես միանգամից ասեմ, որ կանխատեսում ասածը գոյություն չունի: Իրենք չունեն որեւէ մեթոդիկա, որով հաշվեն: Իրենք ընդհանրապես չեն հաշվում սպառման կորը եւ այլն: Պրոֆեսիոնալ առումով կանխատեսում չկա: Թիվ է, ասում են, էլի: Գիտե՞ք ինչու են 0,5-2 տոկոս ասել: Որովհետեւ, ամենայն հավանականությամբ, եթե այդ աճը չլինի, իրենք կասեն Վիճակագրության վարչության պետին, եւ նա այդ աճը ցույց կտա: Ես այս տարի անհնարին եմ համարում իրական տնտեսական աճը: Օրերս լույս կտեսնի ՀԱԿ-ի տնտեսական ծրագիրը, թե ինչպես անել: Վերջերս «ՉԻ»-ում գիրք հրապարակվեց: Այնտեղ գրված է, թե ինչ քայլեր է պետք անել, որ այս երկիրն առաջ գնա: Այդ քայլերից գրեթե ոչ մեկը ես չեմ տեսնում: Ինչպե՞ս կարող է աճ լինել, եթե շարունակվում է բեւեռացումը ուժեղանալ: Աճ կարող է լինել, եթե գործող մոնոպոլիստական, օլիգարխիկ էլիտայից որեւէ մեկը անգործ մնա, սնանկանա: Մեկը պիտի դուրս մղվի, որ նրա տեղը մեկ ուրիշը գա: Գործող մեխանիզմը դա բացառում է: Էլիտայի փոփոխություն չկա, ուրեմն տնտեսական աճ չկա: Երկրորդը` աճ կարող է լինել, եթե տնտեսական աճը դիվերսիֆիկացվի: Արտահանում չկա: Արտահանման բացակայության դեպքում աճը պետք է դիվերսիֆիկացված լինի: Սա նույնպես չկա Հայաստանում: Հիմա կարող է մի քիչ այլ կերպ հաշվեն, 2 տոկոս էլ ավելի ստանան, քան 2009-ին է եղել: Ի դեպ, այդ 2 տոկոս աճը մի բան չի: Եթե 2 տոկոս էլ աճի, իրենց իսկ թվերով՝ 2008-ից պակաս կլինի 12 տոկոսով: Առաջ գնալով ասեմ, որ իրական տնտեսական անկումը 2009-ին եղել է 22 տոկոս, իսկ դոլարային հաշվարկով` 32 տոկոս: 11,9 մլրդ դոլարից ՀՆԱ-ն իջել է 8,7 մլրդ դոլարի: