Հասարակական զրույցների թեման այս օրերին նորից հեռուստաեթերն է: Պատճառը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն է: Մոտ մեկ տարի առաջ, երբ ընդունվեց հեռուստատեսության ու ռադիոյի նոր օրենքը, քննարկումներն այսքան բուռն չէին: Մինչդեռ հենց այդ օրենքով ՀՌԱՀ-ին վերապահվեցին գործառույթներ, որոնք իրականում այս մարմնին հնարավորություն էին տալիս արդեն բովանդակային քննության ենթարկել հեռուստառադիո եթերը: ՀՌԱՀ-ի գործունեությունը հայաստանյան տպագիր մամուլին չի հետաքրքրում: Իշխանամետ մամուլը, որպես կանոն, ՀՌԱՀ-ի մասին միայն պաշտոնական տեղեկատվություն է հրապարակում: Իսկ ընդդիմադիր մամուլի համար ՀՌԱՀ-ը դիտարկվում է միայն՝ որպես «Ա1+» հեռուստաընկերությունը փակող կազմակերպություն: Հետեւաբար հայկական եթերը կանոնակարգելու չափորոշիչների շուրջ ՀՌԱՀ-ի նախաձեռնած հասարակական քննարկումները միանշանակ չընդունվեցին: Նույնիսկ լոյալ մամուլի վերաբերմունքը բացասական էր: Բայց գործող օրենսդրության համաձայն՝ էրոտիկ եւ սարսափ կինոնկարները հեռուստաընկերությունները պարտավոր են եթեր հեռարձակել միայն կեսգիշերից հետո: Հսկողության գործառույթը դրված է ՀՌԱՀ-ի վրա: Ուստի ՀՌԱՀ-ը փորձում է չափորոշիչներ մշակել, որոնցով այս կամ այն ֆիլմը կարելի է որակել էրոտիկ կամ սարսափ ներշնչող: Չափորոշիչները բավական հստակ նկարագրված են: Դրանցով հավանաբար կկանոնակարգվի կինոշուկան: Մինչ օրս այն Հայաստանում հնարավորին ազատ է, կամ չկանոնակարգված: Ուկրաինայում, օրինակ, հեռուստաընկերությունները եւ կինոթատրոնները որեւէ ֆիլմ ցուցադրելու համար նախապես պիտի ստանան Մշակույթի նախարարության համաձայնությունը: Մեր երկրում բավարար էր միայն ՀՌԱՀ-ին ներկայացնել, թե որ ընկերությունից է ձեռք բերվել կինոնկարի ցուցադրության իրավունքը: Հիմա օրենքը հեռուստաընկերություններին պարտադրում է ծանոթանալ ՀՌԱՀ-ի չափանիշների հետ, դրանցով ֆիլմերը դասակարգել երկու մեծ խմբում: Ֆիլմեր, որոնք ենթակա են ցուցադրության մինչեւ կեսգիշեր: Եվ ֆիլմեր, որոնք կարելի է ցուցադրել միայն կեսգիշերից հետո: ՀՌԱՀ-ը որոշել է նաեւ մի քանի այլ չափորոշիչներ եւս սահմանել: Այ, դրանք է, որ հասարակական բուռն քննարկումների առիթ դարձան: ՀՌԱՀ-ի չափորոշիչների մի մասն ուղղված է հայրենական արտադրության սերիալների դեմ: Հասարակությունն ընդվզեց, որովհետեւ նրա ձեռքից սիրելի խաղալիք են խլում: Բայց սերիալների դեմ տրամադրությունները հանկարծակի չձեւավորվեցին: Մոտ մեկ տարի առաջ Ոստիկանությունն ընդվզեց սերիալների դեմ: Որովհետեւ սերիալներում հանցագործներն անընդհատ ոստիկաններ էին սպանում:
Սերիալների հեղինակները արագ կարգով վերանայեցին իրենց մոտեցումները: Հետո մտավորականների մի մասը դժգոհեց սերիալների բառապաշարից: Անհետեւանք դժգոհեց, որովհետեւ սերիալների հեղինակները մտավորականությանը բացատրեցին, որ քրեական տարրերն ու հասարակության ցածր խավերը ոսկեղենիկ մայրենիով չեն հաղորդակցվում: Հետո դժգոհեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Սերիալներում ծաղրվում էր զինվորականությունը: Բանակի կարծիքն անմիջապես հաշվի առնվեց: ՊՆ-ի հեղինակությունն ու ազդեցությունը համադրելի չէ մտավորականության վարկանիշի հետ: Բայց հիմա ՀՌԱՀ-ն է որոշել հաճոյախոսությունն ու գռեհկությունը արմատախիլ անել հայկական եթերից: ՀՌԱՀ-ն իր աշխատակազմով որոշելու է ահագին լուրջ խնդիրներ: Օրինակ՝ վերահսկելու է, որ չծաղրվեն ու չանվանարկվեն ազգի երախտավորները: Երախտավորների հաստատված ցուցակ բնականաբար չկա: Նման ցուցակի գոյությունն իսկապես ծիծաղելի կլիներ:
Հետեւաբար՝ հեռուստա եւ ռադիո ընկերությունները ոչ միանշանակ իրավիճակի առջեւ են հայտնվելու: Պարզ չէ, օրինակ, Ստեփան Զատիկյանը երախտավո՞ր է, թե՞ տեռորիստ: Կարելի՞ է արդյոք խոսել Դրոյի ու Նժդեհի նացիստների հետ համագործակցելու մասին: Երախտավո՞ր է արդյոք Արցախյան պատերազմի հերոս Սամվել Բաբայանը, թե՞ նրա նկատմամբ հայտնի դատավճռի հիշատակությունը կարող է գնահատվել որպես արժանապատվության նսեմացում: Հատկապես, որ ՀՌԱՀ-ը չափորոշիչների մեջ նշում է, որ արգելվում է հարբեցողին նմանակելը: Մինչդեռ հումորի ժանրի համաշխարհային հեռուստաարտադրանքի մեջ հարբեցողների նմանակումը մեծ ծավալ ունի: Այսինքն՝ ճիշտ ու անհրաժեշտ առաջարկների շարքում տեղ են գտել մոտեցումներ, որոնք կամայականությունների դաշտ են բացելու: Չափորոշիչների մեջ կա նաեւ մեկ անհասկանալի հիշատակություն՝ իրականությունը խեղաթյուրված կամ միակողմանի ներկայացնելը: Այ, սա կարող է մահակ դառնալ ցանկացած հեռուստաընկերության դեմ: Միջազգային համարյա բոլոր կազմակերպությունների Հայաստանի մասին դիտարկումներում նշվում է, որ հեռուստաընկերությունները գտնվում են խիստ վերահսկողության տակ: Այս չափորոշիչի ընդունումից հետո այդ դիտարկումները ավելի կոշտ տեսք ու ցցուն ապացույց կստանան: