Երեկ Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ «գետնահարկի մշակույթը» հեռուստաեթեր բերելու վտանգի մասին իրենց մտահոգությունները հայտնեցին Հանրային խորհրդի անդամներ Հովիկ Մուսայելյանը, Գրիգոր Բայիրյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը եւ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը:
Վերջիններս մինչ բուն առաքելության անցնելը՝ իրենց պարտքը համարեցին ներկայացնել ՀՀ Նախագահի մտահոգություններն ու բողոքները հեռուստատեսության ոլորտում կատարվող երեւույթների` բռնության գովազդման, քրեաօլիգարխիկ հաղորդումների ու ֆիլմերի տարածման մասին: Ըստ նրանց` դեռեւս նախորդ տարի նախագահ Սերժ Սարգսյանը այս մասին հայտնել էր հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ տարեվերջի հանդիպման ժամանակ: «Հանրային խորհրդում ստեղծվել է մշտական հանձնախումբ հեռուստաեթերի հաղորդումների բովանդակային մասի ու հետեւանքների ուսումնասիրման վերաբերյալ, որտեղ ընդգրկված են բավական հեղինակավոր մարդիկ` հեռուստատեսության եւ կինոյի մասնագետներ, հոգեբաններ, արվեստի գործիչներ եւ Հանրային խորհրդի անդամներ: Մենք կատարելու ենք նաեւ մոնիտորինգային ուսումնասիրություններ, քննարկելու ենք հասարակության հետ եւ զեկույցի ձեւով ներկայացնելու ենք երկրի նախագահին»,- իր ելույթի առաջաբանում նշեց Հովիկ Մուսայելյանը` խոսելով այն գռեհիկ մշակույթի մասին, որը ոտնձգություն է մի ամբողջ արժեհամակարգի դեմ: Ըստ նրա` առաջին քայլն արդեն արված է: «Մենք հիմա անցնում ենք երկրորդ փուլ: Այսինքն` կան չափորոշիչներ, թե ինչ չի կարելի ցույց տալ հայկական հեռուստաեթերով: Ճիշտն ասած, ես ինքս մասնագետ չեմ: Չգիտեմ, թե էրոտիկան որտեղ է վերջանում, եւ պոռնոգրաֆիան որտեղ է սկսվում: Ես չափորոշիչների առումով չէի ուզենա խոսել»,- շարունակեց «Սինոփսիս-Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը` նշելով նաեւ հեռուստահաղորդումների թիրախային խմբերի մասին, որոնցից առաջինը երեխաներն են, ապա զինծառայողները: «Սա պետական անվտանգության լուրջ խնդիր է»,- իր խոսքի վերջաբանում շեշտեց Հովիկ Մուսայելյանը, ում ելույթի տրամաբանությունը շարունակեց հաջորդ բանախոսը` Հայկ Դեմոյանը: Վերջինս կրկին մեջբերեց թիրախային խմբերը, ներքին ու արտաքին վտանգները: «Արտաքին ուժերի ճնշումը պատճառ է դառնում, որ հայ հասարակությունը դառնա անդեմ»,- ասաց նա: Այսքանով բանախոսներն ավարտեցին իրենց բուն ասելիքը եւ դիմեցին ուսանողներին` իրենց հարցեր ուղղելու համար: Կիրառական մաթեմատիկայի ու ֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Նարեկ Մելքոնյանին հետաքրքրում էր այն, թե ի վերջո ինչո՞ւ են փորձում հեռուստահաղորդումների ու ֆիլմերի ցուցադրության արգելքներ դնել, եթե չի ստեղծվում այլընտրանք: «Ճիշտ չէ՞ր լինի ստեղծել բարձր մակարդակով հաղորդումներ ու ֆիլմեր, որոնք մրցակցային օրենքով դուրս կմնան դաշտից: Հա, հիմա արգելելու ենք, բայց գնալով մակարդակն ավելի կընկնի»,- ասաց Կիրառական ֆակուլտետի ուսանողը: «Մեր նպատակը արգելելը չէ: Մենք խնդիրը այլ կերպ ենք դնում: Ցավոք սրտի, եւ՛ սեքսը, եւ՛ տարբեր տեսակի այլանդակություններ իրականության անբաժանելի մասն են: Այդ տեսանկյունից մեր երկիրը շատ օրիգինալ չէ: Մեր խնդիրը դա չպրոպագանդելն է»,- պատասխանեց Խոսրով Հարությունյանը` նկատելով, որ հեռուստաեթերը հանրության սեփականություն է եւ չի կարող ծառայել առանձին հեռուստաընկերությունների կոմերցիոն նպատակներին: «Մեր պետությունը պետք է դիտողի դերում հանդես չգա, եւ առաջին սկրիպկան, ջութակը պետք է վերապահել Հանրային հեռուստատեսությանը»,- ընդգծեց ՔԴԿ նախագահը: Ի դեպ, Հանրային հեռուստատեսությունը ավանգարդային էշելոն դարձնելու մասին հիշատակեց նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը: Ու ստացվում է այնպես, որ Հանրային խորհուրդը նախագահի վեհ մտահոգությունների հովանավորությամբ կազմակերպել էր Հանրային հեռուստատեսության PR ակցիան: Ու գուցե «հանրայնականներից» ոմանց սովետական բուռն պաթոսով ելույթները դեռ երկար շարունակվեին, եթե հարթակում չհնչեր Կիրառական մաթեմատիկայի ու Ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումոյանի կարծիքը: Վերջինս հետաքրքրվեց, թե, այնուամենայնիվ, Հանրային խորհուրդն ինչո՞ւ է մեծ խնդիրները թողել ու անցել պտուտակին, երբ իրականում այդ քրեական հեղինակությունները ոչ միայն սերիալներում են, այլեւ մեր կյանքում, դրսում: «Ստացվում է ձվի ու հավի պատմությունը»,- ընդգծեց Վ. Դումոյանը, որի, այս դեպքում, «անսանձ» համարձակությանը ԵՊՀ ռեկտորը նայեց չափազանց տհաճությամբ: Իսկ հարցին, բնականաբար, Հանրային խորհրդի անդամները պատասխանեցին բավական վիրավորական հնչերանգով: