Դրսում հայերի տաղանդն օգտագործել գիտեն

07/09/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Շոու բալետը ժամանակակից եւ դասական պարերի համադրություն է, որը թույլ
է տալիս ստեղծել հետաքրքիր եւ էկզոտիկ պարային համարներ: Եթե դասական եւ
պարահանդեսային պարերն ունեն որոշակի շարժումների ստանդարտներ, ապա
ժամանակակից բալետը բեմադրողի երեւակայության արդյունքն է, որի
պրոֆեսիոնալ կատարման համար անհրաժեշտ է ֆիզիկական պատրաստվածություն եւ
պլաստիկա: Շոու բալետն ընդգրկում է պարային բոլոր ուղղությունները, ինչը
պարողին տալիս է անսահման ազատություն եւ պարն ընկալելի դարձնելու մեծ
ներուժ: Շոու բալետը շատ դեպքերում համեմատվում է թատրոնի հետ:

Օրինակ՝ ռուսական «Տոդես» պարային խմբի գեղարվեստական ղեկավար Ալլա
Դուխովան, որը երազում էր դառնալ կրկեսի դերասանուհի, ստեղծեց «Տոդես»
խումբը, որը ոչ միայն Ռուսաստանին, այլեւ եվրոպական երկրներին ցնցեց իր
պարային բեմադրություններով: Կարճ ժամանակահատվածում նրանք այնքան հայտնի
դարձան, որ ամենատարբեր երկրներից հյուրախաղերի հրավերներ էին ստանում:
Ռուսաստանյան շուկայում պարային շատ խմբեր են ստեղծվում, որոնք փորձում են
կրկնօրինակել, նմանվել այս խմբին: Հայաստանում շոու բալետ ներկայացնում է
«Վարդանի պարային խումբը», որը ղեկավարում է հենց ինքը՝ Վարդան
Խաչատրյանը: Շուտով կամ Դրամատիկական, կամ Ստանիսլավսկու անվան թատրոնում
կկայանա նրա մենահամերգը, ինչպես նաեւ` կթողարկվի նրա հեղինակած պարային
երաժշտության ձայներիզը: Մենահամերգի ժամանակ ազգային պարային համարները
յուրօրինակ ոճով կներկայացվեն կենդանի երաժշտության ներքո: Վարդանը 7
տարեկանից սկսել է պարել: Պարարվեստի ուսումնարանի դասական պարերի բաժինն
ավարտելուց հետո մեկնել է Լենինգրադ եւ սովորել է «Մյուզիքլ» թատրոնին կից
ջազային եւ մոդեռն պարային ստուդիայում, դրան զուգահեռ` «Մյուզիքլ»
թատրոնում աշխատել է որպես բալետի դերասան: 1994 թվից աշխատում է Օպերայի
եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում: Միեւնույն ժամանակ աշխատում է
Երգի պետական թատրոնում՝ հանդես գալով «Վարդանի պարային խմբի» հետ:
Վարդանի կարծիքով՝ Հայաստանում պրոֆեսիոնալ բալետմայստերներ շատ կան,
որոնք գիտելիքների մեծ պաշար ունեն, սակայն դրանք փոխանցելու
հնարավորություն չունեն: Պրոֆեսիոնալները մեկնում են Հայաստանից,
որովհետեւ դրսում նրանց բարձր են գնահատում: Մեզ մոտ շոու բալետ պարային
տեսակը զարգացնում են 2-3 պարային խմբեր: «Մենք շատ պրոֆեսիոնալ պարողներ
ունենք, եւ վստահ եմ, մեզ մոտ կզարգանա արվեստի այս ճյուղը,- ասում է նա:
-Թեեւ նախորդ տարիների համեմատ պարարվեստում աշխուժություն կա, դրա
վկայությունն է խաղացանկերի բազմազանությունը»:

Պարային շուկա չկա

Վարդանն ասում է, որ Օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի եւ
Երգի պետական թատրոնի իր զուգահեռ գործունեությունն իրեն օգնում է, քանի
որ ձեռագրերի տարբերությունը ստեղծագործելու հնարավորությունը մեծացնում է
եւ պարային բեմադրությունների ոճերն ավելի հետաքրքիր է դարձնում: Օպերային
թատրոնի բալետային դասական ոճը Երգի թատրոնի մոդեռն պարային համարների մեջ
իր դերակատարումն ունի: «Մենք ներկայացնում ենք մոդեռն, ջազ, ինչպես նաեւ
ազգային պարեր, որոնք բեմադրվում են իմ ձեռագրով,- ասում է Վարդանը:
-Ազգային եւ մոդեռն պարերի գեղեցիկ մատուցումը նոր եւ արտառոց ոճ է: Մեր
ազգային պարերի շարժումներն այնքանով են արտառոց, որ կարելի է այլ պարեր
զուգորդելով ստանալ շատ հետաքրքիր համարներ: Ինձ համար դասական բալետն
անզուգական է, որովհետեւ դասականը դաստիարակում է թե՛ պարողին, թե՛
հանդիսատեսին: Դասականից զատ գոյություն ունեն նեոկլասիկա, մոդեռն, ջազ եւ
այլ պարային տեսակներ, որոնք ժամանակի մեջ են ակտուալ: Ինչ վերաբերում է
շոու բիզնեսին, ապա եթե ռուսական աստղերը հակված են «Տոդեսի» պարերն
օգտագործել իրենց կատարման մեջ, ապա մեզանում այդ շուկան չկա, որ երգիչն,
ասենք, տեսահոլովակ նկարահանելու հետ մեկտեղ նաեւ պարային բեմադրություն
պատվիրի: Մենք աշխատում ենք հայ երգիչ-երգչուհիների հետ, բայց այդ
համագործակցությունը շատ քիչ է: Պարային խմբերի մրցակցություն գրեթե չկա,
որովհետեւ ստեղծվում են սիրողական մակարդակի խմբեր: Շատ դեպքերում
պարուսույցներից ոմանց համար պարային խմբեր ստեղծելը բիզնես է: Հայկական
մենթալիտետի համաձայն՝ երեխան պետք է ձեւի համար պարի, երգի կամ ինչ-որ
կերպ ֆիգուրա կազմավորի: Որպես հոբբի ընդունելի է, բայց երբ նման խմբերին
եթեր են տրամադրում, կամ հեղինակավոր փառատոներին ու համերգներին նրանք
մասնակցություն են ունենում դա անթույլատրելի է»: Վարդանի կարծիքով՝ կան
պարողներ, որոնք որոշակի քանակություն ապահովելով` հանդես են գալիս որպես
պարային խումբ եւ այդկերպ գումարներ են վաստակում: Մինչդեռ այսօր
պրոֆեսիոնալ բալետմայստերներն իրենց գիտելիքները փոխանցելու
հնարավորություն չունեն, որովհետեւ էստաֆետը հանձնված է նրանց, ովքեր
կարող են կոմերցիոն միջոցներով խմբեր ստեղծել: «Բալետ պարելը շատ բարդ է,
եւ անհրաժեշտ են սպեցիֆիկ տվյալներ,- ասում է նա: -Երեխան պետք է շատ
պլաստիկ լինի, կարողանա ոտքի մատների վրա ճկունությամբ ձգվել, երաժշտական
լսողություն, ֆիզիկական ճկունություն եւ այլ նրբություններ պետք է հաշվի
առնվեն: Հիմա աշխարհի որ ծայրում նայես` մեր պարողներն են եւ նրանք դրսում
աստղ են համարվում, դրսում հայերի տաղանդն օգտագործել գիտեն: Մեր
պարարվեստը հիմա նրանց գիտելիքների պահանջն ունի, հակառակ դեպքում պարային
խմբերն ունենալու են նույն թույլ որակը»: Վերջին տարիներին բալետային
տարբեր մրցույթներում մասնակցում են նաեւ հայ պարողները: Վերջերս
Ճապոնիայում կայացած բալետային մրցույթին մասնակցել են երեք հայ երիտասարդ
պարողներ: Թեեւ ժյուրին նրանց շնորհել է փոքրիկ մրցանակ, այնուամենայնիվ,
խոսակցությունների համաձայն՝ ժյուրին մրցույթից առաջ էլ, ժամանակից շուտ
որոշել էր հաղթողին: Ինչպես մարզական եւ գեղեցկության մրցույթներում,
այնպես էլ պարային մրցույթներում գործում է վերնախավում
պայմանավորվածության սկզբունքը: Ձմռանը Շվեյցարիայում կայանալիք բալետային
մրցույթին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նաեւ Հայաստանը: Ի դեպ,
Վարդանն ասում է, որ հայ պարողները մրցույթներին մասնակցելիս, եթե անգամ
որեւէ տեղ չեն զբաղեցնում, ապա ստանում են տարբեր դպրոցներում աշխատելու
հրավերներ: Շատերը մեկնում են փառատոների կամ մրցույթների մասնակցելու եւ
այլեւս չեն վերադառնում Հայաստան: