Խորհրդային կայսրությունն իր գոյության ընթացքում արվեստը վերահսկելու գրեթե անթերի համակարգ էր մշակել` ճնշում-պատժում էր` ում «հակահամակարգային» էր համարում, եւ գովաբանում ու վճարում էր նրանց, ովքեր տեղավորվում էին գաղափարական «սիստեմի» շրջանակներում ու ծառայում էին պետական պրոպագանդային: Հետխորհրդային պետությունները չշտապեցին (միգուցե նաեւ՝ պարզապես չկարողացան) հրաժարվել այդ մեխանիզմներից, եւ արդյունքում արվեստագետների ճնշումը առավել տգեղ, նույնիսկ զարհուրելի ձեւեր ստացավ, քանի որ պրոպագանդային ավելացան ազգային կարծրատիպերը: Ուզբեկստանում վերջերս պարզապես անհեթեթ հետապնդում է սկսվել լուսանկարչուհի, վավերագրող Ումիդա Ախմետովայի դեմ, ով հրատարակել է «Կանայք եւ տղամարդիկ. արեւելքից` արեւմուտք», հրաշալի լուսանկարչական ալբոմը: Ու. Ախմետովան` անդրադառնալով գենդերային հարցերին, ճամփորդել է իր հայրենիքի հեռավոր աուլներով ու լուսանկարել առօրյա գործերով զբաղվող հասարակ մարդկանց: Կանայք ավլում են տան տանիքները, ներկում են մազերը, ամուսնանում են, կամ էլ պարզապես երազկոտ նայում են հեռուները, երեխաներ են խաղում բակերում կամ վազվզում… Սիրով լուսանկարահանված բոլոր պատկերները, վավերագրական նյութ լինելուց բացի` իսկական արվեստի գործեր են: Եվ այդ ալբոմի պատճառով Ուզբեկստանի իշխանությունները որոշել են դատել ու խստագույն` մինչեւ 3 տարի ազատազրկման ենթարկել հեղինակին: Պատճառն այն է, որ իշխանություններն այդ ալբոմը համարել են հակաազգային, ուզբեկ ժողովրդի կերպարը խեղաթյուրող, վարկաբեկող ակցիա: Հրավիրվել են փորձագետներ, որոնք որոշել են, որ ալբոմում արտացոլված ուզբեկ կնոջ կերպարը չի համապատասխանում իրականությանը: «Հեղինակը ցույց չի տվել գեղեցիկ վայրերը, ժամանակակից շինություններն ու երջանիկ մարդկանց, ինչը հարվածում է Ուզբեկստանի հեղինակությանը: Ու.Ախմետովան կյանքը մուգ գույներով է ներկայացրել, քանի որ նրա հերոսները կամ ծանր գործերով են զբաղված, կամ էլ ընդհակառակը` անգործ են պատկերված»,- ասված է փորձաքննության մեջ: Իշխանությունները վտանգ են տեսել թաց մազերով գորգավաճառուհու կամ էլ հուշարձանի կողքին քնած թափառականի կերպարներում: Պարզապես զավեշտալի մի եզրահանգում կա. պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ իրեն հարգող յուրաքանչյուր կին միշտ թաքցնում է մազ ներկելու իր որոշումը, իսկ Ու. Ախմետովան անամոթաբար այն լուսանկարել է, ինչպես նաեւ կադրից դուրս չի թողել պատառոտված շորերը, ինչը «փչացնում է դիտողի տրամադրությունը»: Պետք է նշել, որ Ումիդա Ախմետովայի ցանկացած պատկեր արված է վարպետորեն, ազդեցիկ ու կարեկցանքով լի: Իսկ Ուզբեկստանի իշխանավորները որոշել են արգելել այդ ալբոմը` նշելով, որ այն բարոյական նորմերին չի համապատասխանում: Եվ մենք` հայաստանցիներս, իզուր ենք կարծում, որ Ուզբեկստանը մեզանից շատ հեռու է (կամ էլ շատ հետ է մնացել), նույն բանը հենց վաղը կարող է պատահել ցանկացած արվեստագետի հետ, ում իշխանությունները կմեղադրեն զրպարտության ու իրականությունը խեղաթյուրելու մեջ: Իսկ դա արդեն զավեշտ չէ, այլ իսկական ողբերգություն է: Աշխարհի տարբեր անկյուններում ապրող լրագրողներն ու լուսանկարիչներն այսօր բողոքի ակցիաներ են կազմակերպելու Փարիզում եւ Մոսկվայում` պահանջելով հարգել գեղագիտական բարձր ճաշակ ունեցող ուզբեկ լուսանկարչուհու իրավունքներն ու նրան անհապաղ անմեղսունակ ճանաչել: Միգուցե մենք էլ պետք է միանանք այդ ակցիաներին, եթե չենք ուզում, որ վաղը նման ռեպրեսիաներ սկսվեն նաեւ մեր հանրապետությունում: Եվ անարձագանք մնան…