Միջազգային մեծ բեմերում բազմաթիվ ելույթներով հանդես եկած, համաշխարհային փոփ-գերաստղերի շոուների մասնակիցը դարձած պարող Միհրան Կիրակոսյանը մի քանի տարի առաջ մեր թերթին տված հարցազրույցում ասել էր, որ պարի ոլորտում արդեն արել է այն ամենն, ինչ հնարավոր էր անել:
Այսինքն` ոչ միայն պարել է այն երգիչների հետ, ում սիրել է, եւ ովքեր լավագույններ են համարվել տարիներ շարունակ (Մադոննա, Բրիթնի Սփիրս, Փինկ, Ռիկի Մարտին, եւ այլք), այլեւ սեփական բեմականացումներով է հանդես եկել եւ պարբերաբար դասավանդել է պարային ստուդիաներում: Միհրանը, թերեւս, մեկ չիրականացված երազանք ուներ, ուզում էր պարել Մայքլ Ջեքսոնի հետ, սակայն, ավաղ, դա նրան չհաջողվեց, քանի որ փոփ-արքան իր կյանքի վերջին տարիների ընթացքում շոուներ չէր պատրաստում: Պարի տեխնիկան հասցնելով կատարյալ մակարդակի ու տարբեր պարային ոճերի մեջ էքսպերիմենտներ անելուց հետո Միհրանը որոշեց երգել: Մի քանի տարի առաջ նա ձայնագրել էր իր «United Street of ARMerica» հիփ-հոփ ոճի ալբոմը, իսկ վերջերս էլ հատուկ «Եվրատեսիլի» համար մի քանի նոր երգեր էր պատրաստել: Ընդ որում` Միհրանն այդ 4 երգերն ուղարկել է փոփ-կուռք Մադոննային` նրանից խորհուրդ հարցնելով: Մադոննան էլ ներկայացված երգերից «Եվրատեսիլ-2010»-ին մասնակցելու համար ընտրել էր Վաչե Տեր-Եղիշյանի գրած «Հեյ» երգը, որն էլ Միհրանը պատրաստվում է կատարել երգչուհի Էմմիի հետ:
Երեւանում ծնված ու 6 տարեկան հասակում ԱՄՆ տեղափոխված Միհրանի կյանքը բնավ էլ միայն վարդերով սփռված չի եղել: Նա բառիս բուն իմաստով` իր կարիերան զրոյից է կառուցել, եւ այն ամենին, ինչին հասել է, հասել է միայն սեփական ուժերով, համբերատար ու համառ աշխատանքի շնորհիվ: Իհարկե, նրա կյանքում մեծ դեր է խաղացել իր հայրը՝ «Արայի դանս շոու» պարային խմբի հիմնադիր Կարո Կիրակոսյանը, ումից էլ Միհրանը ժառանգել է պարի կուլտուրան ու աշխատասիրությունը: «Հայրս ասում էր` ոչինչ, էսօր չստացվեց` վաղը կստացվի: Եվ ես էլ նորից էի գնում տարբեր քասթինգների ու ժամերով աթոռներին նստած` սպասում էի, որ պրոդյուսերներն իմ պարը նայեն ու միգուցե ինձ փոքրիկ դեր տան»,- ասում էր Միհրանը: Փոքր, երբեմն էլ` աննշան թվացող ու ոչինչ չակնկալող քասթինգներին մասնակցելով` Միհրանը քայլ առ քայլ անուն է ձեռք բերում ու ներգրավվում աստղերի շոուների մեջ:
Հիմա իրավիճակը փոխվել է, Միհրանի անունն արդեն իսկ որակի ու ճաշակի այցեքարտ է դարձել: Եվ շիտակ, աշխատունակ ու հեռանկարային այս պատանին կարող է 21-րդ դարում հաջողակ հայի կերպարի խորհրդանիշը համարվել: Ինչո՞ւ` ոչ, նրա օրինակը շատ ցայտուն ու հպարտության արժանի է: Նաեւ շատ սիմվոլիկ է դիտվում շոուի վերածված հայաստանյան իրականության մեջ, որտեղ, ինչպես հայտնի է` հաջողության բանաձեւը հիմնվում է ոչ թե շնորհքի ու համբերատար աշխատանքի, այլ կապերի, գումարի եւ «Հենց հիմա եմ ուզում»` կամակոր կարգախոսի վրա: Միհրանը` փոքր-ինչ հեռու լինելով հայաստանյան շոու-բիզնեսից` համոզված է, որ հաջողությունը պարզ բանաձեւ ունի` անում ես որեւէ գործ, հետո մարդիկ որոշում են` լա՞վ ես արել, թե՞ ոչ: «Միգուցե միամիտ է հնչում, բայց ես սովոր եմ այդպես աշխատել: Իսկ Հայաստանում պարզեցի, որ ամեն ինչն էլ քաղաքականություն է, նույնիսկ երգի մրցույթները»,- ասում է նա: «Եվրատեսիլ` 2010» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար Միհրան-Էմմի դուետը մրցելու է նախընտրական փուլում, որի արդյունքները պարզ կդառնան փետրվարի 14-ին: Կարելի է ասել, որ հայաստանյան եզրափակիչ փուլը շատ ավելի թեժ է լինելու, քան նույնիսկ բուն եվրոպական մրցույթը, քանի որ լրջագույն «լոբբինգ» է արվում մի քանի հիմնական ֆավորիտների միջեւ:
Ծանոթ լինելով Միհրանին եւ իմանալով նրա հնարավորությունները` կարելի է չկասկածել, որ պարային հատվածը անթերի է լինելու (երգն էլ հենց պարային ֆակտուրա ունի): Իսկ Էմմին վաղուց արդեն համարվում է հայաստանյան լավագույն երգչուհիներից մեկը, ով, թեեւ որոշ խնդիրներ ունի իր բեմական իմիջի հետ, սակայն այն հազվադեպ հայ կատարողներից է, ով կարողանում է կենդանի երգել` առանց սայթաքումների: Ընդ որում` շատ ուրախալի է նաեւ, որ Միհրան-Էմմի դուետում Էմմիի մայրիկը՝ երգչուհի Նադեժդա Սարգսյանը որեւէ դերակատարություն չունի: Նա հետեւելով Կարո Կիրակոսյանի օրինակին, գրեթե չի միջամտել երգի պատրաստմանը: Ինչո՞ւ է պետք միջամտել, եթե զավակներն այսօր ավելի լավ են անում իրենց գործը, քան ծնողները: Կ. Կիրակոսյանը հաճախ է ասել, որ ոչ միայն ծնողի, այլեւ ազգի համար ամենալավ ներդրումը` երեխաներին պրոֆեսիոնալ դարձնելն է:
Ուշագրավն այն է, որ երբ Միհրանը «եվրատեսիլյան» երգեր էր պատրաստում, նա տեղյակ չէր, որ պետք է Հայաստանում ընտրական փուլ լինի: «Կարծում էի, որ եթե ինձ հրավիրում են, ուրեմն միանգամից պետք է Օսլո գնամ»,- անմիջական անկեղծությամբ ասում է նա: Այդ պատճառով էլ նա չի հասցնի փետրվարի 14-ին հայաստանցիներին ցուցադրել իր բեմադրած ամբողջական շոուն: «Այդ օրը դուք կտեսնեք մեր արածի ընդամենը 20%-ը»,- ասում է նա: Շոուն դեռ վերջնական տեսքը չի ստացել, թեեւ ամերիկյան մի քանի հանրահայտ պարողներ, որոնք Միհրանի հրավերով պետք է աջակցեն Հայաստանին, արդեն Երեւանում են: Իսկ հարցին՝ «Արդյո՞ք կցանկանայիր մասնակցել, եթե իմանայիր հայաստանյան ընտրության մասին», Միհրանը կտրուկ պատասխանեց. «Ոչ»: Եվ ավելացրեց. «Բայց մենք շատ ենք աշխատել, ու իրավունք չունենք թաքցնել մեր աշխատանքը»: Ընդ որում, աշխատանքը ոչ միայն երգի ստեղծման մեջ է երեւում, այլեւ այն պրոմո-ուղերձներում, որոնք Միհրանը (օգտագործելով իր կապերը) նախապես պատրաստել է: Երեկ նա ցուցադրեց այն գովազդային հոլովակը, որ փոփ-երգիչ Ռիկի Մարտինը նվիրել է Միհրանի ու Էմմիի հաջող ելույթին` ասելով` «Հաղթանակ քեզ, Հայաստան»: Այդ ուղերձների շարանում հնարավոր է հայտնվի նաեւ ամենազոր Մադոննայի խոսքը:
– Միհրան, ինչո՞ւ որոշեցիր, օրինակ, հենց Էմմիի հետ երգ կատարել, միգուցե հետաքրքիր զուգերգ կարող էր լինել նաեւ, ասենք` Ռազմիկ Ամյանի հետ:
– Ճիշտն ասած, այդ մասին երբեք չեմ մտածել: Միգուցե, եթե հարմար երգ լիներ, ես կհամաձայնեի: Ընդհանրապես ամեն ինչի սկիզբը գաղափարն է: Բոլորս էլ ներքուստ զգում ենք, թե ո՞րն է ճիշտը: Եվ կարեւորը այդ զգացումը չկորցնելն է: Երգն է թելադրում իր կատարման ձեւը, կարծում եմ, որ մենք գտել ենք մեր «Հեյ» երգի լավագույն ներկայացման ձեւը: Ես պատրաստ եմ առանց ավելորդ համեստության հայտարարել, որ այդ երգը շատ լավ ու պրոֆեսիոնալ է ներկայացվելու: Եվ Օսլո գնալու դեպքում` միայն առաջին տեղի համար ենք պայքարելու: Կարծում եմ, որ հիմա «Եվրատեսիլը» Հայաստան բերելու ժամանակն է: Ինչո՞ւ` ոչ: Իսկ Էմմիի հետ մենք սկսեցինք համագործակցել անցյալ տարի, երբ Հայաստան էի եկել ու մասնակցում էի Արմենչիկի համերգներին: Էմմին առաջարկեց միասին երգ ձայնագրել, ես էլ համաձայնեցի: Ճիշտն ասած, ինձ առաջարկել էին «Եվրատեսիլի» համար միայն իմ կատարմամբ երգ պատրաստել, բայց երբ Էմմիի առաջարկը եղավ, մտածեցի, որ մեկ ուժը լավ է, բայց երկուսն ավելի լավ է: Ինձ ավելի շատ Ամերիկայում են ճանաչում, իսկ Էմմիին` Հայաստանում: Եվ որոշեցինք միացնել ուժերը:
– Մի առիթով դու շատ հետաքրքիր բան ասացիր, նկատեցիր, որ երգելիս կարելի է խաբել ունկնդրին եւ ձեւացնել, որ լավ երգիչ ես: Բայց պարի մեջ նույնը անել չես կարող, քանի որ պարը ազնվորեն ցուցադրում է թերությունները:
– Ես դա ասել էի՝ նկատի ունենալով ձայնագրությունները, բայց երբ կենդանի ես երգում` խաբելը բարդ է: Կամ կարողանում ես երգել, կամ չես կարողանում, ուրիշ տարբերակ չկա: «Եվրատեսիլը» միայն կենդանի կատարում է պահանջում, եւ բոլորը տեսնում են, թե դու ի՞նչ կարող ես անել: Փետրվարի 14-ին ամեն ինչ կերեւա, քանի որ եւ՛ հանդիսատեսը, եւ՛ ժյուրին հստակ կտեսնի` ո՞վ` ի՞նչի է ընդունակ: Ժյուրիի կազմում պրոֆեսիոնալներ են լինելու, ու ամեն ինչ լավ տեսնելու են:
– Վստա՞հ ես, որ պրոֆեսիոնալներ են լինելու: Ժյուրիի կազմը դեռ հայտնի չէ:
– Գիտեմ, որ դեռ հայտնի չէ, բայց վստահ եմ, որ արվեստի մարդիկ են լինելու: Այդպես չէ՞:
– Դժվար է վստահ լինել, կարող են լինել նաեւ չինովնիկները, որոնք այս կամ այն մարդու շահը ներկայացնելու համար են ժյուրիի անդամ դառնում:
– Եթե այդպես լինի, ուրեմն ավելի բարդ իրավիճակ է ստեղծվելու, քան հիմա է: Մինչ իմ գալը Հայաստան, բոլորն ինձ բացատրում էին, որ շատ բան որոշում է քաղաքականությունը: Բայց ի՞նչ կարող ենք անել: Մենք կարող ենք միայն լավ երգ ներկայացնել ու լավ շոու ցույց տալ: Ավելին անել չենք կարող ու չենք էլ ուզում: Մենք ցուցադրում ենք, դուք որոշում եք: Մեր «PR» քայլերը նույնպես շատ պարզ են, քանի որ եւ՛ ես, եւ՛ մեր ինտերնացիոնալ պարային խմբի անդամները սովորական եւ պարզ մարդիկ ենք: Մենք չենք քայլում քաղաքով` քթներս ցցած, ու չենք ասում` մեզ հետ մի խոսեք, քանի որ մենք Մադոննայի հետ ենք պարում ու Ռիկի Մարտինի հետ ենք ճաշում: Հասկանում եմ, որ փոքր երկրներում դժվար է պարզ ընտրության միջոցով հաղթել (ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ այլ փոքր երկրներում է այդպես): Անձամբ ինձ դա չի խանգարում, քանի որ, ինչ էլ որ լինի, ես շարունակելու եմ ապրել ու իմ գործն անել Ամերիկայում: Հիմա զգում եմ, որ կարող եմ պետք լինել Հայաստանին ու մեր երգը շատ լավ ներկայացնել: Այդ պատճառով էլ եկել եմ Հայաստան: Բայց Օսլո գնալու կամ չգնալու հարցը ոչ մի կերպ չի կարող ազդել իմ կարիերայի վրա, քանի որ ես շարունակելու եմ նոր երգեր, շոուներ ու տեսահոլովակներ պատրաստել:
– Չե՞ս կարծում, որ Հայաստանում շատ երգիչներ երազում են «Եվրատեսիլին» մասնակցել, բայց պատկերացում անգամ չունեն, թե դրանից հետո ի՞նչ կփոխվի իրենց կյանքում:
– Եթե մրցույթում առաջին տեղերն ես զբաղեցնում, քեզ տեսնում ու լսում են եվրոպական երկրներում, եւ դու հնարավորություն ես ստանում այդ շանսը օգտագործել ու ավելի մեծ հանդիսատեսի առջեւ ելույթներ ունենալ:
– Որպես կանոն՝ երգիչները նորից շարունակում են ռեստորաններում ու հարսանիքներում երգել: Չի ստացվում ավելին անել:
– Դե, դա երգչից է կախված: Կարող եմ ասել, որ եթե ես ու Էմմին առաջին տեղերը զբաղեցնենք, մենք լուրջ տուրեր կկազմակերպենք ողջ Եվրոպայում, անպայման համերգներ կունենանք Լոնդոնում, Բեռլինում: Դա արդեն բիզնես է, որը չի կարելի անտեսել: Եվ եթե որոշ երգիչներ (նույնիսկ շատ լավ երգիչներ) չեն կարեւորում բիզնեսի տարրը, ուրեմն չեն կարող հաջողության հասնել: Համաձայն եմ, որ առաջին հերթին պետք է շարունակության մասին մտածել ու ճիշտ կառուցել հետագա կարիերան: Եվ երբ «Եվրատեսիլ» գնալուց հետո էլ երգչի երազանքը միայն ռեստորանում երգելն է մնում, դա ծիծաղելի է: Նման բան ինձ հաստատ չի սպառնում (ծիծաղում է,- Ն.Հ.): Երեւանի ռեստորաններում երգել կամ պարել հաստատ չեմ պատրաստվում: