Կգա՞ «ԿԿ»-ի ժամանակը

07/09/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Եթե հեղինակի գրած երաժշտությունը, մշակած լոգոտիպը, ձեւավորած զգեստի
մոդելն օգտագործում են առանց իր գիտության, նա համարձակ կարող է հավաքել
իր հեղինակային իրավունքն ապացուցող փաստաթղթերը, խախտման վկայությունը եւ
դիմել դատարան: Ամեն ինչ շատ պարզ է թվում: Սակայն իրականում դա այնքան էլ
հեշտ չէ: Հեղինակը, որպես մտավոր սեփականատեր, իրավունք ունի կանխել իր
սեփականության հանդեպ կատարվող ոտնձգությունները եւ դատարան դիմել: Նման
նախադեպեր մեզանում դեռ չեն եղել: Որպես կանոն` դատարանը միշտ հեղինակի
կողմից է: Դատարանի որոշումից հետո արդեն կարելի է օրինական կերպով
պահանջել, որ վերականգնվի status quօ-ն՝ ոչնչացվեն կեղծ օրինակները,
կանխվի կեղծ օրինակների հետագա տարածումը եւ փոխհատուցվեն հեղինակի կրած
վնասները (ներառյալ` այն շահույթը, որն ակնկալվում էր): Հայաստանում շատ
երգիչ-կատարողներ իրենց հնարավորությունների սահմաններում պայքարել են
ձայներիզների ապօրինի կեղծողների դեմ: Մի քանի տարի առաջ Նունե Եսայանը
ձայներիզների վաճառքի կետեր էր ուղարկել վերահսկող մարդկանց, ովքեր
հավաքել են ապօրինի արտադրանքը, նույնիսկ ցանկացել էր դատարան դիմել, բայց
հետագայում նախընտրել է պայմանավորվել «պիրատի» հետ: Այդ «պիրատն» արդեն
հայտնի դարձած եւ ընդհատակից դուրս եկած` «HD»-ի Դավիթ Խանոյանն էր, ում
անունը լսել անգամ չէին ուզում ո՛չ Շուշան Պետրոսյանը, ո՛չ Ֆորշը, ո՛չ
Ռուբեն Հախվերդյանը, ո՛չ շատ ուրիշներ: Առճակատման ժամանակներն անցան, եւ
«HD»-ի ղեկավարած «Ռեկո-Ռեկորդս» ընկերությունն արդեն շատերի «բարեկամը»
դարձավ, այդպես ավելի հեշտ ու պարզ է աշխատել այն մարդկանց համար, ովքեր
ստեղծագործում են եւ իրենց ձայնագրություններից որոշակի եկամուտ
ակնկալում: Ինչո՞ւ էր լռում օրենքը մի քանի տարի առաջ եւ ինչո՞ւ հանկարծ
սկսեց ակտիվորեն պատժել «HD»-ին: Պատասխանը միանշանակ է՝ «HD»-ն թափ է
հավաքել եւ խանգարում է մրցակցին: «Ռեկո-Ռեկորդսն» արդեն կիսալեգալ
վիճակում է, պայմանավորվածություններ ունի շատ երգիչների հետ: Անցյալ տարի
Դավիթ Խանոյանը մերժում էր ձայնագրություններ անելու փաստը եւ վստահեցնում
էր, որ միայն ձայներիզների վաճառքով է զբաղվում: Այժմ նրան պաշտպանում են
այն նույն երգիչներն, ովքեր նրան «սրիկա» էին կոչում: Երեւի թե
ընդհատակում մնալը Խանոյանի համար ավելի ձեռնտու կլիներ. կկեղծեր
ձայներիզները, կամաց-կամաց կվաճառեր եւ «պիրատական» շուկայի բալանսը
կպահպաներ: Մի խոսքով, չէր «խփի» մեկ այլ հսկա «պիրատի»՝ «ԿԿ»-ի գործին ու
չէր զայրացնի նրան: Վտանգավոր է բարկացնել «ԿԿ»-ին, քանի որ նա կարող է
օրենքը եւ իր կապերը գործի դնել եւ հրապարակավ պատժել մրցակցին: Օրենքի
առաջ բոլորն են հավասար, սակայն ոմանք ավելի հավասար են: Գուցե ճիշտը
դատարան դիմե՞լն է: Գուցե հանկարծ կստացվի՞ կարգավորել այդ ոլորտը: