«Ռոքն ազնիվ է, դրանով լիմուզին չես գնի»

07/09/2005 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Սեպտեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում կայանալիք «Ռոքը եւ մարդիկ»
(Rock`n people) միջազգային փառատոնը կազմակերպիչների հավաստմամբ՝ ռոքի
սիրահարների համար իսկական տոն է լինելու: Փառատոնին կմասնակցեն
«Oaksenham», «Sakvoyage», «Vortan Karmir», «Mdp», «Empyray», «Groove
inn band», «Bambir» հայկական ռոք խմբերը, ինչպես նաեւ` Վրաստանից
հրավիրված «Green mama», «Young Georgian lolitas» վրացական խմբերը:
Փառատոնի կազմակերպիչ ռադիո «Վանի» ներկայացուցիչ, ռոք երաժշտության
սիրահար Եգոր Գլումովն ասում է, որ այս փառատոնը ռադիո «Վանի» նվերն է
ռոքի սիրահարներին: Փառատոնի գլխավոր հովանավորը «Վիվա Սելլ»
ընկերությունն է, ինչպես նաեւ` աջակցում է «Անտենա» հասարակական
կազմակերպությունը: Փառատոնն ամենամյա ավանդույթ կդառնա, իսկ հաջորդ տարի
կայանալիք նույն «Ռոքի մարդիկ» փառատոնին, բացի վրացական խմբերից,
կմասնակցեն նաեւ ՌԴ-ի, ԱՄՆ-ի լավագույն խմբերը: Եգոր Գլումովը վստահեցնում
է, որ թեեւ այս տարի չհաջողվեց, այնուամենայնիվ, հաջորդ տարի կայանալիք
փառատոնին կհրավիրվի նաեւ «System of down» ԱՄՆ-ում հանդես եկող հայ
երաժիշտների մեծահամբավ խումբը: Այս փառատոնին ներկայացվող երաժշտության
մեջ ժանրային սահմանափակում չկա. լինելու է թե՛ էթնո, թե՛ ծանր, թե՛ այլ
ժանրի ռոք երաժշտություն: Լինելու է բացառապես կենդանի երաժշտություն,
աննախադեպ ձայնային հնչեղություն, լուսային հզոր էֆեկտներ եւ բեմական շքեղ
ձեւավորում, ընդ որում, կազմակերպիչներն ընտրել են ամենահայտնի,
պրոֆեսիոնալ ռոք խմբերին: «Ռոքն այն երաժշտությունը չէ, որի միջոցով կարող
ես լիմուզին գնել,- ասում է Ե. Գլումովը,- երբ ինձ ասում են ավստրալիական
երաժշտություն՝ ես ավստրալուհի երգչուհի Քայլի Մինոուգին չեմ հիշում, այլ
հիշում եմ «ACDC» լեգենդար խմբին: Ես ուզում եմ, որ Հայաստանի մասին
խոսելիս ասեն` ոչ միայն Ջիվան Գասպարյանի երկիրն է, այլեւ` «Empyrey» կամ
«Bambir» ռոք խմբերի երկիրն է»: Ի դեպ, փառատոնը կազմակերպելու համար
ծախսվել է շուրջ 10.000 դոլար: