Մերոնք հոռետես են

11/02/2010

«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը», ուսումնասիրելով մասնավոր հատվածի ձեռնարկությունների շրջանում լավատեսության ցուցանիշը, արձանագրել է, որ այն աճել է` 2010թ. համար կազմելով դրական +24%՝ ի համեմատություն անցյալ տարվա -16% անկմանը: Անցած տարվա ցուցանիշը երբեւէ գրանցված ցուցանիշներից ամենացածրն էր: Ընկերության «Միջազգային գործարար զեկույցն» ընդգրկում է 36 երկրների 7400 ձեռնարկություն: Այս տարի այն հատուկ անդրադառնում է 10 երկրների, որտեղ գործարարներն ավելի լավատես են իրենց տնտեսության վերաբերյալ, քան ենթադրում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումը: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» հաղորդագրությունում նշվում է, որ Չիլիի, Հնդկաստանի, Ավստրալիայի, Վիետնամի եւ Բրազիլիայի գործարարներն ամենալավատեսն են աշխարհում: Նրանց ցուցանիշը կազմում է +70%: Տրամադրության ամենամեծ փոփոխությունը Հոնկոնգում է արձանագրվել, որտեղ անցյալ տարվա -49% հոռետեսության ցուցանիշը այս տարի կազմել է լավատեսության +64% (113% աճ):

Հայ գործարարները 2010թ. իրենց կանխատեսումներով ավելի քիչ լավատես են. անցյալ տարվա +46-ի փոխարեն գրանցվել է +32% ցուցանիշը, ինչը շատ մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին: