Ճնշմանը չեն ենթարկվի

09/02/2010

«Թող որեւէ մեկը չսպասի, թե ապրիլքսանչորսյան ճնշման դեպքում Թուրքիան այնպիսի քայլերի է գնալու, որոնց չի հավատում»,- նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն` վերադառնալով Մյունհենից, որտեղ նա բազմաթիվ հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների պաշտոնյաների հետ: Հիշեցնենք, որ անցած շաբաթվա վերջին հայտնի դարձավ, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը, ինչն էլ եղել է Դավութօղլուի եւ ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Ստայնբերգի հանդիպման հիմնական թեման: «ԱՄՆ Կոնգրեսում այդ զարգացումը ձեզ կարող է պատահականություն թվալ: Սակայն մենք այդպես չենք կարծում: Վերջին շաբաթների ընթացքում միմյանց հաջորդած երեք իրադարձությունների համընկնումը մեզ շատ է անհանգստացնում: Նախ `Հայաստանի Սահմանադրական դատարանի` անընդունելի մեկնաբանություններ պարունակող որոշումը: Հետո` Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների` ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ կայացած հանդիպումը Սոչիում, որի ժամանակ հայկական կողմը փոխզիջումային դիրքորոշումից հետքայլ արեց: Հիմա էլ հայկական բանաձեւ է ներկայացվում Ամերիկյան Կոնգրես»,- հայտարարել է Դավութօղլուն` ավելացնելով, թե Կոնգրեսում քննարկվելիք Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը չի բխում ոչ ԱՄՆ-ի, ոչ Հայաստանի եւ ոչ էլ Թուրքիայի շահերից: «Երբ մենք հայտարարում էինք, որ ստորագրելու ենք Արձանագրությունները, որեւէ ճնշում չկար Թուրքիայի վրա: Մենք հավատացած էինք, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում, եւ դրա համար էլ այդ քայլն արեցինք»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը: