Դիմում է գրել

09/02/2010

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմում է հասցեագրել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին`իր դժգոհությունը հայտնելով փետրվարի 2-ին խորհրդարանական քառօրյա նիստերին իր ելույթի ժամանակ մի շարք պատգամավորների բացականչությունների եւ ԱԺ նախագահի կողմից այդ ամենն անարձագանք թողնելու առնչությամբ: «Փետրվարի 2-ին, ԱԺ չորսօրյա նիստերի հայտարարությունների ժամին իմ հայտարարությանը զուգընթաց՝ բղավոցներ հնչեցին ՀՀԿ-ական որոշ պատգամավորների կողմից, ինչով խոչընդոտվում էր ոչ միայն իմ հայտարարության, այլ նաեւ ԱԺ նիստի բնականոն ընթացքը: Երբ պատգամավորներ Առաքել Մովսիսյանն ու Վազգեն Կարախանյանը տեղից վիրավորական արտահայտություններ էին բարձրաձայնում իմ հասցեին, Դուք, որպես նիստը վարող, փաստացի չմիջամտեցիք` վերականգնելու նիստի բնականոն ընթացքն ու կարգի հրավիրելու կարգազանց պատգամավորներին»,- Հ. Աբրահամյանին ուղղված դիմումում գրել է Զ. Փոստանջյանը` հավելելով, թե ԱԺ նախագահն ունի պարտականություններ եւ իրավասություններ` ամրագրված ԱԺ Կանոնակարգ-օրենքով, եւ դրանք «հերթական անգամ չկատարելով` Հովիկ Աբրահամյանը թույլ է տալիս, որպեսզի կոալիցիան ներկայացնող որոշ պատգամավորներ ավանդույթ դարձնեն փետրվարի 2-ի իրենց վարքագիծը»:

«Ձեր կողմից 02.02.2010թ. դրսեւորած հերթական անգործությունն ինձ հիմք է տալիս եզրակացնելու, որ ՀՀ ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների կողմից բարձրաձայնվող այլախոսության եւ այլակարծության հանդեպ սկիզբ է առել անհանդուրժողականության կամ բռնաճնշման անթաքույց գործընթաց` Ձեր քաջալերմամբ կամ կազմակերպմամբ»,- նշված է պատգամավորի դիմումում: Այժմ Զ. Փոստանջյանը սպասում է Հովիկ Աբրահամյանի արձագանքին եւ հանրապետական պատգամավորների հիշյալ գործողություններին ԱԺ նախագահի գնահատականին։ «Նրանց վարքագծին գնահատական չտալը միանշանակ կփաստի, որ ԱԺ նախագահի կողմից է հովանավորվում «Ժառանգություն» խմբակցության պատգամավորների գործունեության խոչընդոտման փորձերը»,- գրել է Զ. Փոստանջյանը: