ՎՊ-ն` Գյումրիում

09/02/2010

Վաղը Վերահսկիչ պալատն իր հերթական արտագնա խորհրդի նիստն անցկացնելու է Գյումրիում: Այս մարզում էլ ՎՊ-ն հայտնաբերել է բազմաթիվ խոշոր չարաշահումներ ու խախտումներ: Ընդ որում` խախտումներ կան գրեթե բոլոր` առողջապահության, կրթության, համայնքային ոլորտներում: Մեր տեղեկություններով՝ ՎՊ-ի ուշադրությունը գրավել է նաեւ ինքնակամ շինությունների ոլորտը: ՎՊ-ն ստուգումներ է անցկացրել ու բազմաթիվ խախտումներ է հայտնաբերել ինչպես Գյումրիի քաղաքապետարանում, այնպես էլ Շիրակի մարզպետարանում ու մարզի տարբեր համայնքներում: Ի դեպ, փետրվարի 6-ին Գյումրիում տեղի է ունեցել Շիրակի մարզխորհրդի նիստ, որին ներկա է եղել ՀՀ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Նիստին, բնականաբար, մասնակցել են նաեւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանն ու Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Վերջինիս ու Ա.Գեւորգյանի միջեւ տեղի է ունեցել թեթեւ բանավեճ. Վ.Ղուկասյանը գումար է խնդրել հարթ շենքերի տանիքները վերանորոգելու համար, իսկ Ա. Գեւորգյանը նրան պատասխանել է, թե դա համատիրությունների ու քաղաքապետարանի խնդիրն է, եւ կառավարությունը դրա համար ֆինանսական միջոցներ չունի: «Բայց մի բան պետք է լինի, չէ՞»,- հարցրել է Վ.Ղուկասյանը: «Դե մտածեք, դրա համար էլ Ձեզ ընտրել են Գյումրիի քաղաքապետ»,- պատասխանել է Ա. Գեւորգյանը: Այս պատասխանից հետո Վ.Ղուկասյանը շրջվել է լրագրողների ու տեսախցիկների կողմը եւ ասել. «Լսեցի՞ք, լսեցի՞ք, ես հարցը բարձրացրեցի, ինչ ասեց»: «Չհասկացա, կարող ա՞ շոու ա: Վարդան, վե՛րջ, ես եմ խոսում, դուք լսում եք»,- բարկացել է Ա.Գեւորգյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ ՀՀ իշխանությունները որոշել են մարզերի, համայնքների ղեկավարների փաստացի ղեկավարումը առայժմ կենտրոնացնել Ա. Գեւորգյանի ձեռքում: Նախկինում տարածքային կառավարման նախարարը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էր, ով համակարգում էր տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքը: ԱԺ նախագահի վերահսկողությունն այդ համակարգի վրա ներկայումս էլ մեծ է: Այժմ իշխանությունները որոշել են վերահսկողությունը ժամանակավորապես տալ Ա. Գեւորգյանին: