ՀՀ կառավարությունն Ազգային ժողով է ուղարկել ապրանքային նշաններին վերաբերող երկու օրինագիծ: Առաջինը կոչվում է՝ «Աշխարհագրական նշումների մասին», երկրորդը` «Ապրանքային նշանների մասին»:
Ըստ էության, այս նախագծերը ծառայում են մի նպատակի` հնարավորինս նեղացնել Հայաստանում գոյություն ունեցող հայտնի ապրանքանշաններն օգտագործողների շրջանակը: Ավելի կոնկրետ` այս նախագիծը ներկայացվել է «Ջերմուկ» ապրանքանիշը միայն «Ջերմուկ Գրուպ» ընկերության սեփականությունը դարձնելու համար: Հիշեցնենք, որ «Ջերմուկ գրուպը» պատկանում է հայտնի Արսենյան եղբայրներին, որոնցից Աշոտ Արսենյանը ԱԺ պատգամավոր է եւ «Հանրապետական» խմբակցության անդամ: Փաստորեն, ըստ էության, հենց վերջինիս մենաշնորհով ապահովելու համար էլ ստեղծվել է այս օրինագիծը: Եվ զավեշտալին այն է, որ այն ծնվել է մոտավորապես այն ժամանակ, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց խոսել «տնտեսության դիվերսիֆիկացման, մենաշնորհներից ազատվելու» մասին: Ընդհանրապես հանքային ջրերի ոլորտում Հայաստանում հայտնի ապրանքանիշեր կան, բայց մենաշնորհներ չկան: Կոնկրետ Ջերմուկ քաղաքում մոտ 15 «Ջերմուկ» հանքային ջուր արտադրող մեծ ու փոքր ընկերություններ կան, որոնցից երկուսը` «Ջերմուկ գրուպն» ու «Ջերմուկ մայր գործարանը» խոշոր եւ առավել հայտնի արտադրողներ են: Մյուսները թեեւ արտադրական համեմատաբար փոքր ծավալ ունեն, սակայն «Ջերմուկ» հանքային ջրի սպառման շուկայում որոշակի տեղ են զբաղեցնում: Եվ այդ տեղն էլ մանր արտադրողներից խլելու եւ խոշորներին տալու համար կառավարությունը նոր օրենքներ է գրել: Նշված նախագծերն ընդգրկվել էին այս տարվա ԱԺ առաջին քառօրյայի օրակարգում, սակայն մինչեւ քառօրյայի ավարտը դրանց քննարկման հերթը չհասավ: Օրինագծերի քննարկումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱԺ առաջիկա քառօրյաներից մեկի ժամանակ:
Բնականաբար, կառավարությունում «ինքնաբուխ» կերպով չեն որոշել, որ «Ջերմուկ» ապրանքանիշը պետք է փակցվի միայն Արսենյանների արտադրած հանքային ջրի շշերի վրա: Ամենայն հավանականությամբ, արտադրողներն իրենք են նախաձեռնել այդ գործընթացը, թերեւս իշխանություններին անմասն չթողնելով ստացած գերշահույթներից:
Անցած շաբաթ ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ փորձեցինք Աշոտ Արսենյանի հետ զրուցել իր բիզնեսի համար նման արտոնություն ընձեռող այս օրինագծերի մասին: Պատգամավորը նախ ասաց, որ տեղյակ չէ, թե խոսքն ինչի մասին է, հետո միանգամից ավելացրեց, թե օրակարգում նման օրինագծեր չկան: Այսինքն՝ նա տեղյակ էր, որ դրանց քննարկումն առայժմ հետաձգվել է: Իսկ մի փոքր ավելի ուշ էլ ավելացրեց, թե դրանք մենաշնորհներ ստեղծելու նպատակ չունեն, եւ ինքը ոչ թե մենաշնորհների, այլ ազատ տնտեսական հարաբերությունների կողմնակից է: Պարոն Արսենյանը ասաց նաեւ, որ այդ օրինագծերի հետ կապված ՀՀ նախագահին բողոք-նամակ է ուղարկվել «Ջերմուկ» արտադրող մանր ընկերությունների կողմից: Իսկ երբ հարցրեցինք, թե ինչից են դժգոհում մյուս արտադրողները, եթե այդ օրինագծերը նրանց արտադրությանը չեն խոչընդոտելու եւ «Ջերմուկ» ապրանքանիշն օգտագործելուց չեն զրկի, պարոն Արսենյանը խոսքը միանգամից փոխեց: «Նամակը օրինագծերի մասին չէ: Նրանք դժգոհում են տեխնիկական պահանջներից»,- ասաց պատգամավորը:
Ինչպես նշեցինք, «Ջերմուկ գրուպից» բացի, խոշոր արտադրող է նաեւ «Ջերմուկ մայր գործարանը»: Վերջինիս տնօրեն Հայկ Հովսեփյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, թե տեղյակ է օրինագծերի եւ նախագահին ուղղված նամակի մասին եւ կողմ է առաջարկվող փոփոխություններին, դրա համար էլ չի միացել մյուս ընկերությունների բողոքին: Հ.Հովսեփյանը նույնպես ասաց, որ նամակագիրները հիմնականում դժգոհ են «Ջերմուկի» արտադրության տեխնիկական պայմաններին վերաբերող կառավարության ընդունած որոշումից: Կառավարությունն այդ որոշումն ընդունել է անցած տարվա գարնանը, որը պետք է ուժի մեջ մտնի 2010 թվականի ապրիլին: Եվ հավանաբար, վերը նշված օրինագծերն էլ պետք է քննարկվեն ու ընդունվեն մինչեւ ապրիլ, որպեսզի միասին ապահովեն «Ջերմուկի» մենաշնորհային կարգավիճակը: «Ջերմուկ» արտադրող մի քանի արտադրամասերի ներկայացուցիչները մեզ հետ զրույցում իսկապես դժգոհեցին այդ որոշումից եւ պնդեցին, թե կառավարությունը դա ընդունել է, որ այդ անունը կարողանան օգտագործել միայն արտոնյալ արտադրողները: «Այնպիսի պայմաններ են պահանջում մեզանից, որը միլիոնավոր դրամների ներդրում է պահանջում: Մենք դա չենք կարողանա ապահովել, ու դրա համար էլ ստիպված կլինենք հրաժարվել «Ջերմուկ» անունից: Հատուկ են նման պահանջներ առաջադրել, որ մանր արտադրողները դուրս մնան դաշտից»,- մեզ հետ զրույցում դժգոհեց «Ջերմուկի» արտադրությամբ զբաղվող ոչ խոշոր ընկերություններից մեկի սեփականատերը, ով խնդրեց իր անունը չնշել:
ԱԺ ներկայացված օրինագծերի ու կառավարության` վերը նշված որոշման համաձայն, այն ընկերությունները, որոնք չեն ապահովի իրենց առաջարկած պայմանները, չեն կարողանա օգտագործել «Ջերմուկ» անունը: Ընկերությունները Ջերմուկ քաղաքում կարող են շահագործել իրենց հանքերը եւ հանքային ջուր շշալցնել, բայց դրանք վաճառել կկարողանան միայն այլ ապրանքանիշով: Ակնհայտ է, սակայն, որ առանց իրենց ապրանքային անվանման մեջ «Ջերմուկ» արտահայտության, այդ 15 արտադրողներից 13-ը չի կարողանա գոյատեւել: Իհարկե, այս օրինագծերի ընդունումից հետո փոքր արտադրողներից մեկը կարող է օգտագործել, ասենք, «Վայոց ձոր» կամ ցանկացած այլ հնչեղ անվանում, միեւնույն է, նրա արտադրանքը սպառողների շրջանում պահանջարկ չի վայելի: Անկասկած, սպառողները խանութ մտնելիս պարզապես «Ջերմուկ» են ուզելու՝ անկախ այն հանգամանքից, թե ով է դրա արտադրողը:
Դժվար չէ կանխատեսել, որ այս օրինագիծը կարող է ապագայում դառնալ որպես «տիպային մոդել» այլ` իշխանությունների համար ցանկալի ոլորտներում որոշ ընկերությունների մենաշնորհային հնարավորություններ ապահովելու համար: Օրինակ, Կառավարությունը կարող է որոշել, համապատասխան տեխնիկական պահանջներ ներկայացնել պանրի արտադրության ոլորտում, որի արդյունքում, ասենք, «Լոռի» անունը կկարողանան օգտագործել միայն մեկ կամ երկու գործարաններ: Օրինակների ցանկը կարելի է շարունակել:
Ի դեպ, հիշեցնենք, որ «Ջերմուկ մայր գործարանն» էլ պատկանում է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի ազգականներից մեկին եւ սփյուռքահայ գործարար Կայծակ Զեյթլյանին: Ակնհայտ է, որ այս ընկերությունն էլ կշարունակի արտադրել «Ջերմուկ»: Ի դեպ, Հ.Հովսեփյանը մեզ հետ հեռախոսազրույցում դժգոհեց, որ Ռուսաստան «Ջերմուկ» են արտահանում 8 ընկերություններ, բայց ոչ բոլորի արտադրական որակն է համապատասխանում պահանջվող տեխնիկական պայմաններին: Այսինքն` այս 2 խոշոր ընկերություններն ուզում են գրավել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հայկական հանքային ջրի պահանջարկ ունեցող այլ երկրների շուկաները: